Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Օգնության կոչող գրավոր խոսքը պիտի դիպուկ լինի

14:30, կիրակի, 28 հոկտեմբերի, 2018 թ.
Օգնության կոչող գրավոր խոսքը պիտի դիպուկ լինի

Մայիսյան պայծառ առավոտ. զբոսայգով անցնող երիտասարդը ողորմություն խնդրող մի տղամարդու է նկատում: Մուրացկանի կողքին, տախտակի մի կտորին փակցված ստվարաթղթե պաստառին ձեռքով գրված էր. «Ես կույր եմ»: Ինչպես երևում էր, գրությունը մեծ քաղաքի բնակիչների ու բազմաթիվ զբոսաշրջիկների սրտերն ամենևին չէր հուզել, որովհետև ողորմություն նետելու համար դրված մետաղյա տուփը գրեթե դատարկ էր:

Այս տխուր տեսարանից սրտաշարժված երիտասարդը կարեկցանքով է համակվում գարնանային այդ սքանչելի օրը վայելելու հնարավորությունից զրկված կույր մուրացիկի նկատմամբ, մոտենում է նրան ու ասում.

-Ես ձեզ փող չեմ կարող տալ, որովհետև ինքս գործազուրկ եմ: Բայց, եթե դուք դեմ չեք լինի, կարող եմ ձեզ այլ եղանակով օգնել: Եթե թույլ կտաք, օգնություն հայցող այս գրության մեջ որոշ փոփոխություն կկատարեմ:

Զարմացած մուրացկանը մի որոշ ժամանակ երկմտում է, ապա թոթվում է ուսերն ու ասում.

-Լա'վ: Դե'մ չեմ: Ինչ ուզում եք` արե'ք: Բայց պետք է ձեզ ասեմ, որ հազիվ թե գտնվեն այնպիսի բառեր, որոնք ի զորու լինեն այս քաղաքի բնակիչների սրտերում խղճահարություն արթնացնել հերթական մուրացկանի նկատմամբ:

Երիտասարդը գրպանից հանում է մարկերը, պաստառը շուռ է տալիս, վրան մի քանի բառ է գրում ու շարունակում է իր ճանապարհը:

Մի քանի ժամ անց կույրի տուփը բերնեբերան լցվում է:

Պաստառին հետևյալն էր գրված.

«Ես գիտեմ, որ հիմա դրսում գարուն է, բայց ես զրկված եմ նրա գեղեցկությունը տեսնելու հնարավորությունից»:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5314 | 0 | 0
Facebook