Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՆԻՄԱՆԱԼԻՆ

20:32, հինգշաբթի, 25 հոկտեմբերի, 2018 թ.
ԱՆԻՄԱՆԱԼԻՆ
     Ահա, ասում եք` երկյուղը, որպես մորեմերկ
     ծնված մի քաջամարտիկ, սատրապ է կարգված
     զգացմունքներին մեր ամենօրյա, և տերունական
     հողերը նրա ձգվում են ահա մեր գոտկատեղից
     մինչև պարանոց, ծնունդից` մինչ մահ եւ դեպի
     գիշեր, ուր ժամանակն է իր սրինգները բաժանում,
     ինչպես ծննդյան տոնի թանկագին նվեր ...
     Սակայն սերը չ՞է, ում ասեղնակար եւ ոսկեծածան
     դրոշով միայն հոգի են առնում մանուկները մեր,
     եւ այդ ինչի՞ց է թախիծը ծորուն, ժպիտն անբասիր,
     կարոտն անբարբառ, ցավը եւ լացը հավերժ զույգածին,
     անգամ հաճույքի թանձրահյութն են մեզ մատուցում
     (ինչու՞), սարսուռի խաժաչ մատռվակները...
     Համբույրն եմ խլում ես այն շուրթերի, որպես նոր Հուդա
     Եվ առաջածին այս մեղքն ահա յոթնագիր ծաղկում է
     այն մատյաններում, որոնց վերծանման գաղտնիքը միայն
     նշանագիր է շուրթերին կանանց եւ աղջիկների...
     Ասա, աննմա՛ն, քո տառապանքի զինակիցը` ես,
     ի՞նչ մեղք գործեցի...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3578 | 0 | 0
Facebook