Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ես Հրազդանն եմ, ես Հայաստանն եմ…

06:26, շաբաթ, 20 հոկտեմբերի, 2018 թ.
Ես Հրազդանն եմ, ես Հայաստանն եմ…
     Ես ստույգ չեմ հիշում, թե քանի տարեկան եմ և չգիտեմ՝ ե՞րբ և ինչո՞ւ նախկին Կոթգորան և Կորկոտիս/ Կորկոտան, Խորձոր / գյուղերի տարածքները կոչվեցին Ախտա: Բայց մի բան հաստատ գիտեմ. Հայաստանի ԳԽ-ի/Սովետի/ 1959 թ.-ի հունիսի 30-ի որոշմամբ իմ մի մասը/ Ներքին Ախտա/ կոչվեց Հրազդան, իսկ 19 տարի անց Լեռնանիստ անվանվեց Վերին Ախտան: Ես հպարտ եմ, որ կրում եմ Կապուտաչյա Սևանից սկիզբ առնող միակ գետի անունը, գետ, որին «Ջրիկդ իմ անուշիկ» է անվանել այն երբևէ չտեսած Հայր Ալիշանը: Իմ անվան բացատրության հարցում բանավեճերը մինչ օրս դեռ շարունակվում են: Ոմանք «Հրազդանը» ստուգաբանում են «բարձր լեռնային գետ» , իսկ ոմանք էլ՝ «մաքուր, կրակե գետ»: «Դան» արմատի հարցում բոլորը համակարծիք են, և, անտարակույս, այն «գետ» է նշանակում: Դրա ցայտուն վկայությունը Դոն, Դնեպր, Դունայ, Դնեստր գետերի անվանումներն են: Գետի մյուս՝ «Զանգու» անվանումը շատերը բխեցնում են «Սանգու» ՝ «քարքարոտ գետ» , իսկ ոմանք էլ՝ «Զանգի» ՝ «Դեղին» / նաև՝ թուխ, պղտոր / բառերից: Ասում են՝ դրանք երկուսն էլ պարսկական ծագում ունեն: Չեմ վիճում: Կարևորն այն է, որ և՛ որպես գետ, և՛ որպես քաղաք, ես հայ եմ: Մի բան ևս պարզ է. 141 կմ երկարությամբ գետը ճանապարհին փոխել է իր տեսքը և ստացել դրանց համահունչ անվանումներ/ այդ թվում՝ նաև «Իլդարունիա» /:
     Իսկ հիմա խոսենք իմ նախկին, չարաբաստիկ անվան մասին: «Ախտա» անունով բնակավայրեր/ նաև՝ գետ-գետակներ, փոքրիկ լեռներ/ եղել են ներկայիս Հայաստանի ու դեռ կան Պատմական Հայաստանի տարբեր վայրերում: Ասում են, թե դրանցից շատերի անվանումը ամենևին կապ չունի իմ անվան հետ, և միայն ես եմ կրում օտար զավթիչների ասպատակությունների զոհ դարձած իմ երկրի պատմության կնիքը: «Ախտա» անվանումը ոմանք կապում են պարսկական «անպտուղ, կռտած, չբեր» , իսկ ոմանք էլ՝ հայերեն «ախտ- հիվանդություն» բառերի հետ: Եթե նույնիսկ իմ բուն անունն է «Աղտեն» / «Ջամբռ» աշխատության մեջ ինձ այդպես է հիշատակում կաթողիկոս Սիմեոն Երևանցին, ապա դա դեռ չի նշանակում, թե իմ բուն արմատը «աղ» բառն և իմ տարածքով աղը դեն /այլ կողմ/ են տարել: Ես, անշուշտ, ուրախ կլինեի, որ աղու՝ համով լինեի, բայց ոմանք էլ ինձ հիշում են «աղտք» , «աղտիս» անուններով, իսկ «աղուտը» նույնպես վկայում է անբերրիության մասին: Իմ տարածքի մի մասը «Ախտա» անվանած պարսիկները նախորդ բռնակալների պես նույնպես մեղքի բաժին ունեն, որ Վարաժնունիքի ծաղկաստան- բուրաստանը վերածվել է անպտուղ տարածքի: Ոմանք կարծում են, թե ես կրում եմ ղաջար Աղա Մահմադ խանի մականունը/նա հինգ տարեկան հասակում կռտվել է/, սակայն պարսիկներն ինձ «Ախտա» են անվանել իրենց ներքինի խանի ծննդից առնվազն 100 տարի առաջ:
     Ես երբևէ ինձ «Ախտա» չեմ համարել, քանզի որպես քաղաք ձևավորվել եմ շրջակա գյուղերի միավորման արդյունքում, իսկ նրանք երբեք անպտուղ չեն եղել: Եվ հետևաբար, որպես Հրազդան, ես նաև պատմական Կեչրորն եմ / Ռնդամալ-Ջրառատ/, Գառնեղի- Գառնեկին-Քարվանսարա-Վանատուրն եմ/ Գևորգ Աթարբեկյանի անունը ինձ համար «Ախտա» անունից առավել տհաճ է/, Աղփարա-Աղբրակ-Աղբյուրակն եմ, Նախամար-Մաքրավանքն եմ, Թթենաձորն եմ/ Ֆառուխ-Կաքավաձոր/: Ես նաև իմ անբաժան մասը կազմող նորակառույց թաղամասերն եմ: Ես նաև ձեր Ալաշկերտն ու Վանն եմ, Խոյը, Մուշն ու Բայազետը, Կարինն ու Սասունը, Անին, Գողթը, ՈՒտիքն ու Ջավախքը… Ես Հրազդանն եմ, ես Հայաստանն եմ…
     Գիտեմ, որ ձեզանից շատերը չեն սիրում տարիների ընթացքում ավերված իմ փողոցները, դժգոհում են՝ ասելով՝ միթե մարզկենտրոնը այսպիսին է լինում: Ասում են, թե ես աշխարհի միակ անմայթ քաղաքն եմ: Ես էլ եմ հիշում իմ կյանքի լավագույն տարիները, մարդկանց, ովքեր ի պաշտոնե պետք է ղեկավարեին ինձ, բայց սիրում էին ինձ հարազատ որդու նման: Սարգիս Մակարի Խաչատրյան, Տիգրան Պետիկյան…Չեմ ուզում շարունակել, դուք նրանց լավ եք ճանաչում: Իսկ եթե ոմանք էլ անհոգ ու անտարբեր են եղել իմ նկատմամբ, միևնույն է, ես երբեք «Ախտա» չեմ դարձել: Դրա խոսուն վկան իմ սիրասուն բալիկներն են, իմ պայծառ ու վառ գալիքները, ովքեր ամենապատասխանատու ստուգատեսներում բարձր են պահել իմ անունը, հրազդանցու արժանապատվությունը: Դու ախտեցի չես, դու հրազդանցի ես…Եվ թեկուզ դարերի փոշին մաքրել է շատ ոտնահետքեր, հիշիր, որ ժամանակին իմ փողոցներով Գրիգոր Մագիստրոսն է քայլել, Մեծն Րաֆֆին է քայլել, քայլել է Հովհաննես Թումանյանը, Չարենցն է քայլել…Լևոն Խեչոյանը... Հիշիր դա, հիշիր անպայման, որպեսզի Ես, Դու, Նա… ոչ մի անլուծելի խնդիր չունենանք…
     ԲԱԽՏ ՏՎՈՂԸ ԹՈՂ ԲՈԼՈՐԻԴ ՄԻ ԲԱԽՏ ՏԱ,
     ԻՂՁՍ ՄԵԿՆ Է՝ ԹՈՂ ՉԴԱՌՆԱՄ ԵՍ ԱԽՏԱ…
    
     Մինաս Պետրոսյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4978 | 0 | 0
Facebook