Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ո՞ւր մնաց արեւմտահայերենը

20:17, հինգշաբթի, 04 հոկտեմբերի, 2018 թ.
Ո՞ւր մնաց արեւմտահայերենը
    

Ինչո՞ւ Երեւանում չունենալ արեւմտահայերենով ուսուցմամբ
     դպրոց: Վերջին տարիներին Հայաստանում բնակություն են հաստատել Սիրիայից, Լիբանանից եւ այլ երկրներից ներգաղթած բազմաթիվ արեւմտահայեր: Բարով են
     եկել: Հայաստանը ոչ միայն արեւելահայի, այլեւ արեւմտահայի
     հայրենիքն է: Եվ հայրենիքը պարտավոր է ըստ ամենայնի հոգալ նրանց կեցության հարցերը: Արեւմտահայ լեզվական միջավայրում մեծացած, առավել եւս դպրոց հաճախած աշակերտի համար ոչ թե դժվար, այլ շատ դժվար
     է ներգրավվել արեւելահայ կրթական գործընթացին: Ամենակարեւորը` տարբեր են ուղղագրությունը
     եւ ուղղախոսությունը: Ի՞նչ անել:
     Առաջարկում եմ Երեւանում բացել արեւմտահայերենով ուսուցմամբ դպրոց: Ինչո՞ւ կլինեն ռուսական, անգլիական ուսուցմամբ, նաեւ ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, պարսկերեն թեքումներով դպրոցներ, բայց չի
     կարող լինել արեւտահայերենով ուսուցմամբ գոնե մեկ հանրակրթական դպրոց: Նշված բոլոր լեզուներով ուսուցում կա, որովհետեւ կա նաեւ պահանջարկ: Ակնհայտ է, որ այսօր կա նաեւ արեւմտահայերենով ուսուցմամբ հրա-
     մայական պահանջարկ: Այդ դպրոցը պետք է լինի կրթահամալիր` մանկապարտեզ, տարրական դպրոց, հիմնական դպրոց եւ ավագ դպրոց:
     Ուսուցիչներ կան: Ուսուցչի խնդիր չի առաջանա:
     Դասագրքերի հարց կառաջանա: Հանրակրթական դպրոցի գործող դասագրքերը կարելի է ենթարկել լեզվական փոխադրության եւ անհրաժեշտ քանակով
     հրատարակել: Տպագրական ժամանակակից միջոցներն ի վիճակի են արագ ու հեշտ լուծելու այդ հարցը:
     Դպրոցը կունենա իր փոխադրամիջոցները, որով առավոտյան
     Երեւանի տարբեր թաղամասերից, թերեւս նաեւ մոտակա բնակավայրերից հնարավոր կլինի հավաքել
     սովորողներին, ուսուցիչներին եւ վերջում վերադարձնել իրենց
     տները: Վստահ եմ, որ այդ դպրոցը կունենա իր հովանավորները, հոգաբարձուների խորհուրդը եւ կգտնվի
     ՀՀ սփյուռքի նախարարության հոգածության ներքո: Այս պայմանների առկայության դեպքում ցանկալի է, որ ուսուցումը լինի անվճար: Ցավալի է, որ արեւմտահայերենը դասվում է մեռնող լեզուների շարքին: Էլ որտե՞ղ, եթե ոչ Հայրենիքում պետք է մտահոգվել այդ հարցով եւ պետականորեն խնամք տածել արեւմտահայերենի հան-
     դեպ: Մեր հայրենիքի մեծ մասի` Արեւմտահայաստանի հիշողությունն ու ազատագրման երազանքը նաեւ արեւմտահայերենո՛վ պետք է պահպանվի: Չմոռանանք`
     արեւմտահայության ցեղասպանության հետ մեկտեղ սպանվեց նաեւ լեզուն, ինչին ասում են լինգոցիդ, որ նույն գենոցիդի շարունակությունն է: Չկա լեզվի կրողը,
     չկա եւ լեզուն: Արեւմտահայերենը պահպանեցին ցեղասպանությունից փրկվածները, այլ կերպ` մնացորդացը:
     Առաջարկում եմ նաեւ լրացում անել «Լեզվի մասին» ՀՀ օրենքում: Գրված է. «Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է
     Հանրապետության կյանքի բոլոր ոլորտները: Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է»: Առաջարկում եմ վերջին նախադասությունը
     վերախմբագրել` «Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական արեւելահայերենն
     է եւ գրական արեւմտահայերենը»: Հայ ժողովրդի համախմբման, հոգեկերտվածքի միասնության,
     մշակութային միաբանության, ոգեղեն ամբողջացման, հայրենիքի ամրապնդման գործում ՀՀ-ն
     պետք է վարի լեզվական շրջահայաց քաղաքականություն, ինչը կնպաստի նաեւ արեւմտահայության սերունդների նոր ներգաղթին, հայրենիքում նրանց հաստատմանն ու ամրապնդմանը: Այսինքն` արեւմտահայերեն խոսողները,
     գրողներն ու արտահայտվողները խորթություն չեն զգա, միջավայրից չեն օտարվի: Միաժամանակ` արեւմտահայերենը պետք է պետականորեն պահպանվի, պաշտպանվի, զարգանա եւ նորմավորվի, ինչպես արեւելահայերենը: Նպատակը պետք է լինի պահպանել ինչպես գրական արեւելահայերենի, այնպես եւ գրական արեւմտահայերենի կենդանի զարգացման հնարավորությունները:
     Չմոռանանք լեզվի հմայքով ու ճոխությամբ փայլատակող արեւմտահայ հարուստ գրականությունը, որ դասավանդվում է ՀՀ հանրակրթական դպրոցներում: Հապամի ասեք Դուրյան, Զոհրապ, Վարուժան, Մեծարենց, հիշեք նաեւ
     մյուսներին եւ կտեսնեք, թե ինչ տոհմիկ, թանկ ու հարազատ աշխարհ է բացվում ձեր առաջ: Իսկ ինչու ՀՀ-ում չտպագրվեն
     արեւմտահայերեն թերթեր ու գրականություն, հատկապես` գեղարվեստական գրականություն. արեւմտահայերենը պիտի հնչի նաեւ հեռուստատեսային եւ ձայնասփյուռային հաղորդումներում: Այս դպրոցը կդառա արեւմտա-
     հայերենի դարբնոց: Հավանական է, որ այսօրինակ դպրոցներ ունենալու պահանջ կներկայացնեն նաեւ արեւմտահայերով վերաբնակեցված այլ համայնքներ:

Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ
     բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր


    

    

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3071 | 0 | 0
Facebook