Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Հոդվածներ

Նապոլեոնի «եղջյուրակիր» որդին (նախորդի շարունակությունը)

20:17, կիրակի, 30 սեպտեմբերի, 2018 թ.
Նապոլեոնի «եղջյուրակիր» որդին (նախորդի շարունակությունը)

Ռաշելի մահվանից հետո փարիզյան մամուլը գրեց, թե նրա հետ մահացավ նաև ճշմարիտ ողբերգական, աստվածային արվեստը, քանի որ ոչ ոք երբևէ ի վիճակի չի լինի նրա նման խաղալ: Բայց, ինչպես հաճախ է պատահում գրողների ու դերասանների դեպքում, նրանց արվեստն իրենց մարդկային որակներից շատ բարձր է լինում: Ռաշելն անձնական կյանքում լավը վատից հաճախ չի տարբերել ու իր բազմաթիվ սիրեկաններից շատ բան չի պահանջել: Ալեքսանդր Վալևսկին նրա բազում սիրեկաններից ընդամենը մեկն է եղել: Բայց Վալևսկին այդպես չի համարել: Ռաշելի արվեստը նրա սրտի ամենանուրբ լարերին է դիպել:

Այդ ժամանակ մահացել էր նրա առաջին կինը, նրանից բաժանվում է նաև սիրուհին` Փարիզի նշանավոր կուրտիզանուհի Անաիսը, բայց այդ բաժանումը նրան ամենևին էլ չի վշտացրել: Անաիսն էլ ողբերգություն չի սարքել ամուսնու և դերասանուհու սիրային կապի պատճառով ու բարեկամական հարաբերություն է պահպանել Ռաշելի հետ: Նապոլեոնի գեղեցկադեմ որդու նկատմամբ Ռաշելն անտարբեր չէր կարող մնալ, ու դառնում է նրա սիրուհին: Ալեքսանդրը մորից ժառանգել էր նրա ռոմանտիկ էությունը: Ինչպես իր մայրն էր կրքոտ սիրում Նապոլեոնին, նույն կրքոտությամբ նա սիրահարվում է Ռաշելին: Բայց Ռաշելը նաև Նապոլեոն 3-րդի սիրուհին էր: Նապոլեոն 3-րդի կինը` Եվգենիան, ամուսնու մասին ասել է. «Շուտով ամբողջ Ֆրանսիան նրա ապօրինածին երեխաներով կհեղեղվի»:

Նապոլեոն 3-րդը Ռաշելին հրավիրում է պալատ, բայց այդ երբեմնի աղքատ հրեուհին այնքան էլ լավ չի տիրապետում պալատական նրբավարությանը: Կայսրի հաճոյախոսություններին նա պատասխանում է. «Ա'հ, պարոն, դուք շատ բարի եք իմ նկատմամբ»: Երբ նրան նկատողություն են արել, որ միապետին պետք է «ձերդ մեծություն» ասել, նա զարմանալի անմիջականությամբ պատասխանել է. «Պատճառն այն է, որ ես շարունակ շփվում եմ թատերական «ստվարաթղթային» թագավորների հետ»:

«Ստվարաթղթային» թագավորները պետք է, որ գոհ լինեին, որովհետև նա նրանց խաղը այնպես է նսեմացրել, որ նրանք պարզապես աննկատ են մնացել: Հանդիսատեսը նրանց երբեք չի սուլել, եթե նույնիսկ նրանք շատ վատ են խաղացել, որովհետև նրանց կողքին Ռաշելն է եղել:

Եվ, ահա, պատահականորեն բեմում տեսնելով Ռաշելին, կոմս Վալևսկին հասկացել է, որ դա այն կինն է, որի կարոտն է քաշել իր սիրտը: Ո'չ ոք, ո'չ իր առաջին կինը, որ ամուսնական կյանքի երրորդ տարում մահացավ, ո'չ իշխան Պոտյոմկինի ազգականուհու դուստրը` կոմսուհի Բրանիցկայան, որին մի ժամանակ կոմսը սիրահարված էր, ո'չ էլ Նապոլեոն 3-րդի հետ սիրախաղ անող ներկա կինը ի վիճակի չեն իրեն տալ այն խորն ու ուժեղ զգացմունքը, որը նրա մեջ բորբոքել էր Ռաշելը: Իրենց կյանքի առաջին տարիները սիրահարվածների իդեալական տենչերի տարիներ կարելի է համարել: Գիշերային զբոսանքներ այգիներում, անսպառ քնքշություն…Բայց մշտականությունը Ռաշելի համար չէ: Ֆրանսիայի Ֆրանցիսկ 1-ինի ասույթը, թե բոլոր կանայք անկայուն են, այս դեպքում ակնառու է դառնում: Ռաշելը նոր հաղթանակներ է ուզում: Վալևսկուն փոխարինելու էր Ռաշելի երիտասարդ զարմիկը` Սամսոնը: Վալևսկին իր օրագրում գրում է. «Տե'ր Աստված, ազատիր մեզ այս աշխարհի բոլոր զարմիկներից»: Նա իրավացիորեն կասկածում էր, որ ինքը «եղջյուրակիր» է դառնում: Ռաշելն ավելի ու ավելի է ձանձրանում Վալևսկու ընկերակցությունից ու զվարթանում է իր զարմիկի հետ շփումներից: Երբ նա մի անգամ նոր կախազարդ է կրում ու Վալևսկուն թույլ չի տալիս բացել այն ու կարդալ ներսում գրվածն ու տեսնել, թե ում նկարն է այնտեղ զետեղված, Վալևսկին որոշում է այս սիրուհուց բաժանվել: Նրա զգացմունքը Ռաշելի նկատմամբ այնքան խորն էր, որ նա չէր կարող այդ զգացմունքը կասկածով նսեմացնել: Բայց Ռաշելից վերջնականապես բաժանվելուց առաջ այնպիսի խանդոտ սկանդալներ են լինում, որ Վալևսկուն նույնիսկ ոստիկանական բաժանմունք են տանում:

Վատ է, երբ սիրուն խանդն է միախառնվում, էլ ավելի վատ է, երբ այդ խանդի համար հիմքեր կան: 1846 թվականին Վալևսկին վերջին երկտողն է գրում Ռաշելին. «Մեկնում եմ: Երբ կկարդաս այս նամակը, ես արդեն հեռու կլինեմ»: Գյուստավ Ֆլոբերի «Մադամ Բովարի» վեպի տեսարանը կրկնվում է կյանքում, միայն, ի տարբերություն մադամ Բովարիի, Ռաշելն այնքան էլ չի տառապի սիրեկանի հեռանալուց: Բեմում սիրային խորը տառապանքներ ներկայացրած ու հանդիսատեսին սիրո մեծության մասին հավատացրած դերասանուհին կյանքում այդպիսի սիրո ունակ չէր: Նա չափից ավելի երկրային է, ոչինչ չէր մնացել մեծ Ռաշելից, եթե նրան չլուսավորեին բեմի լույսերն ու բեմական զգեստները: Ռաշելն Ալեքսանդր Վալևսկուց ծնում է Անտոնիոսին: Հայրը, իմանալով, թե Ռաշելը որքան անկայուն է սիրո մեջ, կասկածում է, որ նա ունակ չէ լավ մայր լինել ու պահանջում է երեխային: Ռաշելը մերժում է: Նրա մայրական զգացմունքը մի փոքր գերակշռում է սիրուհու զգացմունքին: Նա նոր սիրեկան ունի` գեներալ Բերտրանի որդին, ու նրանից նաև որդի է ծնել: Շուտով Ռաշելն իր ընկերուհուց իմանում է, որ Ալեքսանդր Վալևսկին ամուսնացել է Մարի Ռիչիի հետ: Բայց նա երջանի՞կ է ընտանեկան կյանքում: Ամենևին: Նա չի կարողանում մոռանալ իր Ռաշելին: Կինը նրան արդեն երեք երեխա է պարգևել, ու թվում է, թե ընտանեկան կյանքը կարգավորվել է, բայց նորից նրա կյանք է ներխուժում Նապոլեոն 3-րդը` Ալեքսանդրի կնոջը դարձնելով իր սիրուհին: Եվ Ալեքսանդրը ստիպված է լինում հնազանդորեն «ներողամիտ եղջյուրակրի» դեր խաղալ:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
3275 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ