Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արտագաղթի սահմանը

Էմմա Քոսակյան
18:58, կիրակի, 30 սեպտեմբերի, 2018 թ.
Արտագաղթի սահմանը

Արտագաղթը մեր երկրի առաջնային խնդիրներից է . այն սպառնում է մեր երկրի ներկային ու ապագային: Այս ամենը ես չեմ լսել հեռուստատեսությամբ կամ չեմ կարդացել ֆեյսբուքյան գրառումներից ես սա տեսնում և սեփական մաշկիս վրա զգում եմ ամեն օր: Ես ապրում եմ Տավուշում, Բերդ համայնքում: Երևի, Տավուշի մասին շատերդ լսել եք ՝ հարուստ մշակութային –պատմական կոթողներ, չքնաղ բնություն, հյուրասեր ու անկորտրուն բնակչություն կամ, չէ, ավելի հավանական է, որ լսել եք սահմանի, կրակոցների մասին պատմող որևէ հաղորդման ժամանակ: Ցավոք, տարածաշրջանի ամենամեծ խնդիրները հաճախ լարված սահմանները չեն, այլ ՝արտագաղթը, որը օր օրի ներսից թուլացնում է մեր երկիրը, նման այն պարազիտին, որ հայտվելով մարդու օրգանիզմում սկսում է թուլացնել այն: Ու սրա դեմ պայքարել է պետք ՝այն էլ շատ լուրջ:

Տատիկս, ով ապրում է Տավուշի Այգեձոր գյուղում հաճախ ասում է. «Գյուղը տառել ա ծերանոց, սաղ ջահիլնին քնացել են .մնացել ենք մի քանի մեծ: Հրետ մտիկ արա չորս հրեվաններիցս իրեքի տռան վրա ղփուլ տրած ա» , -և, իրոք, երիտասարդություն չի մնացել թե այս և թե մեր մարզի, երկրի շատ այլ գյուղերում: Գնացողներն էլ մեկնաբանում են այսպես. «Ըշխատանք չկա րեխանցս վե՞նց պահեմ: Էնա մտիկ արա իմ դաշտը հրեն գյուլլի ըռխին, սաղ տարին ցանըմ ենք, վարըմ, սըրթսըրթալի սպասըմ վեր բերքը հվաքիլի վախտը կյա, բերքահավաքրի վախտերը սկսըմ են կրակիլի հենց դաշտերի, գյուղ. տեխնիկայի, օքմենունց վրա էլ ուր կենամ ըստի: Մենք էլ գյուղի օքմենի ենք մերն հողի հետ գործն ա, կարալ չենք կաստյում հաքնենք գործի քնանք: Րեխես պատերի տակով, վախիլով ա տյասի քընմ էլ ո՞ւր կենամ ստի, ո՞ւմ հմար» , - ցավոք քիչ չեն այս արդարացումները ասողները, չնայած որ մեծ թիվ են կազմում նաև այն մարդիկ ովքեր ամուր կառչած են մեր հող ու ջրից, մեր երկրից ՝ անկախ ամեն տեսակ վայրիվերումներից, սև ու ծանր օրեր կգան և կանցնեն, միևնույն է նրանք հավատում են վաղվան, արարում ու պայքարում են, նշում են, որ արդեն մի քանի գործարաններ են բացվել տարածաշրջանում, գոնե մարդկանց մի մասը միայն գյուղատնտեսական աշխատանքների հույսին չի մնա, սոցիալական վիճակը կկարգավորվի: Սակայն չնայած այս լավատեսական մոտիվներին, դրական արդյունքը այնքան էլ տեսանելի չէ, ավելին արտագաղթը կարծես իր տարբեր ձևերով է հանդես գալիս: Եթե մի ժամանակ արտագաղթում էին ընտանիքներով, հիմա, կարելի է ասել արտագաղթելու համար էլ գումար չկա .սկզբում գնում է ընտանիքի հայրը, այն նպատակով, որ հետագայում կկարողանա տանել նաև իր ընտանիքի մյուս անդամներին, սակայն 95 տոկոսով դա նպատակից դառնում է երազանք և վերջ, այդպես կիսատ, մասնատված ապրում են մի ամբողջ կյանք: Ու կյանքը շարունակվում է այդպես երեխաներն իրենց հայրիկներին գտնում են ամեն տեղ ՝ վայբեռում, վոթսապում, սկայպում, ֆեյսբուքում, համակարգչում ու հեռախոսի մեջ, բայց ոչ երբեք իրենց իրականության, իրենց տան մեջ: Ամեն տարի Ձմեռ Պապիկին նամակ գրելիս խաղալիքներ չեն ուզում, այլ՝ հայրիկին, ու ամեն տարի Ձմեռ Պապիկը ավելի է հիասթափեցնում երեխաներին ՝ կրկին իրենց հայրիկին չբերելով: Անցնում են երեխաների տարեդարձներն ու նրանք մեկ տարի էլ մեծանալով 12: 00-ին առաջինը չեն սպասում հայրիկին գրկելուն, այլ սպասում են նրա զանգին, սպասում են, որ նա առաջինը զանգի, այլ ոչ թե գա, արդեն գալու հույս էլ չկա: Նկարչության դասին երեխաները շարունակում են «Իմ ընտանիքը» թեման անցնելիս նկարել իրենց, քույր-եղբայրներին, հայրիկին ու մայրիկին, .չնայած հայրիկին չեն տեսել իրենց ընտանիքում, իրենց տանը կամ տեսել են վաղ տարիքում ու լավ չեն հիշում, բայց միևնույն է նկարում են ու սպասում, նկարում են ու երազում: Ու հասկանում ես, որ սահմանին շատ բան կարող է կրակոցների պատճառով կիսատ մնալ ՝ հարսանիք, թաղում, բերքահավաք, մի կյանք, մի սեր, մի խոսքով ամեն ինչ, դրա դեմ հասարակ գյուղացին ոչինչ անել չի կարող ՝ չհանձնվեուց բացի, բայց առավել ցավալի է, որ մարդը գիտակցաբար է հեռանում, գիտակցաբար է կիսատ թողնում իր տունը, իր երեխաների երազանքները, ծնողների հույսերը...թողնում է, մի հուզիչ նախադասություն ասում, աչքերն մաքրում ապա շրջվում ու հստակ քայլերով գնում, հեռանում, արտագաղթում...

Մի՜ արտագաղթիր,
     Կիսատ մի՜ թող տունդ, հայրենիքդ...
    
     Հեղինակ ՝ Էմմա Քոսակյան / emmakosakyan@mail.ru /

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4997 | 0 | 0
Facebook