Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Հոդվածներ

Նապոլեոնի «եղջյուրակիր» որդին

19:53, շաբաթ, 29 սեպտեմբերի, 2018 թ.
Նապոլեոնի «եղջյուրակիր» որդին

Մարիա Վալևսկայայի ու Նապոլեոն Բոնապարտի որդին դառնում է Նապոլեոն 3-րդի արտաքին գործերի նախարարը: Բայց նա, պետական ծառայությունից բացի, ստիպված է լինում «ներողամիտ, հանդուրժող եղջյուրակիր» պիտակը կրել, ստիպված է լինում դժոխային խանդը քողարկել, քանի որ նրա կինը` Մարի-Ան դը Ռիչին գրեթե բացահայտորեն կենակցում է Նապոլեոն 3-րդի հետ: Նա էլ, հայրենիքի բարօրության համար սիրային ճակատում աշխատող մոր ու նրա ծեր ամուսնու նման, պատվախնդրությունը հանուն Ֆրանսիայի գզրոց է դնում, որովհետև եթե նա Նապոլեոն 3-րդի հետ իր կնոջ սիրային կապը մատնի, կզրկվի արտաքին գործերի նախարարի պաշտոնից. Իսկ դա կարող է «կործանարար» հետևանքներ ունենալ Ֆրանսիայի համար:

Ներողամտության, հանդուրժողականության մեկ այլ պատճառ էլ է եղել: Կոմս Վալևսկին պետք է կնոջ հետ համերաշխ ապրեր, որովհետև մտադիր է եղել նրան խնդրել, որ նա ստանձնի ֆրանսիացի նշանավոր ողբերգակ դերասանուհի Էլիզ Ռաշելի հետ սիրային կապից ծնված իր որդու դաստիարակությունը: Կինը համաձայնում է, բայց դրա դիմաց պահանջում է, որ երեխայի մայրը երբեք չտեսնի սեփական որդուն: Ռաշելը չի ընդունում այդ նախապայմանը, բայց երբ մոտենում է նրա վախճանը, համաձայնում է, քանի որ, միևնույն է, մահն իրեն որդուց ընդմիշտ բաժանելու էր:

Ձեզ, հարգելի ընթերցողներ, հավանաբար, ավելի շատ հայտնի է ֆրանսիացի հանճարեղ դերասանուհու, քան կոմս Վալեսկի անունը: Այս գեղեցկուհի-հրեուհու մահից հետո մի քանի տարի շարունակ ողբերգություններ չեն բեմադրվում` ոչ թե այն պատճառով, որ հանգուցյալի հիշատակն են սգացել, այլ այն պատճառով, որ ոչ մի դերասանուհի չի ցանկացել նրա դերերը կրկնել: Դա ինչ-որ անբացատրելի երևույթ է եղել` թատերական արվեստում յուրօրինակ հեղափոխություն: Որտե՞ղ է տեսնված, որ 19-րդ դարի սկզբում բեմում հանկարծ վերջ տան պաթետիկ խոսելուն, թատերական կեցվածքներ չընդունեն, ձեռքերը չթափահարեն: Արտաքին էֆեկները նահանջում են, դրան փոխարինելու են գալիս լռությունն ու հրացայտ աչքերը: Լուսավորված բեմեզրին կանգնում է կարճահասակ ու նիհար Ռաշելն ու…լռում: Փոխարենը «խոսում էին» նրա լռությունն ու բոցավառ սև աչքերը: Այդ լռությունից հանդիսատեսը խենթանում էր. տիկնայք քիչ էր մնում ուշաթափվեին, երիտասարդները տենդահարի նման դողում էին, իսկ անպատկառները «գրպանն էին դնում» իրենց կեղտոտ անեկդոտները: Ռաշելն իր խաղով հիպնոզացնում էր բոլորին, ոչ ոք անտարբեր չէր մնում: Ռաշելի ներկայացումներից մարդիկ լռելյայն, կենտրոնացած հեռանում էին` ասես դերասանուհին յուրաքանչյուրի հոգում ինչ-որ մի կարևոր, նշանակալի բան էր թողել, մի այնպիսի բան, որի գոյության մասին իրենք իսկ չէր կռահում: «Բրավո» -ն ու ծաղիկների տարափը հետո եղան, երբ նրան ձեռքերի վրա դեպի կառքը տարան, իսկ հանդիսատեսը խելահեղ օվացիա սարքեց: Ռաշելի համար սկզբում խենթացավ Փարիզը, ապա` ամբողջ Եվրոպան: Դերասանուհու ընկերուհին` հանրահայտ կուրտիզանուհի Անաիսը, նրան գրել է. «Կանանց բազմության մեջ բոլորը միայն քեզ են նայում, բոլորը միայն քեզ են տեսնում, միայն քեզ են աստվածացնում»:

Հատուկ Ռաշելի համար են իրենց պիեսները գրել Ռասինը, Կորնելը և Վոլտերը: Ալեքսանդր Դյուման և Ալֆրեդ դը Մյուսեն նրան սիրահարված են եղել: Վիկտոր Հյուգոն նույնպես իր պիեսները գրելիս նկատի է ունեցել, որ գլխավոր հերոսուհու դերում Ռաշելը պիտի լինի: Համեստ ու թափառաշրջիկ այս հրեուհին հանճարեղ ողբերգակ էր դարձել:

Տասը տարեկանում մանր-մունր բաներ վաճառող ու փողոցային ներկայացումներ տվող` աղքատ հրեաների այս դուստրն արժանանում է երաժիշտ Հորոնի ուշադրությանը: Ծնողների համաձայնությունն առնելով` երաժիշտը նրան իր հետ Փարիզ է տանում: Այստեղ Ռաշելը առոգանության ու թատերական արվեստի դասեր է առնում, իսկ երբ 16 տարեկանում նրան բեմ են թողնում, Փարիզն ապշում է: Նրա խաղում ամեն ինչ նոր էր` շատ ավելի լավ և ուժեղ: Նրա շնորհիվ թատերական արվեստը մեծ թռիչք է կատարում: Բեմն հրաժեշտ է տալիս արտաքին էֆեկտներին ու կենտրոնանում է ներքին բովանդակության վրա: Ռաշելն իր կերտած յուրաքանչյուր կերպարին խորը դրամատիզմ է հաղորդում, ու մեծ հերոսուհիների դժբախտությունը դառնում է յուրաքանչյուրի անձնական դժբախտությունը: Եվ, ինչ խոսք, նա արժանանում է Ալեքսանդր Դյումայի և Շոպենի հետ ընկերություն անող դենդիի` Ալեքսանդր Վալևսկու ուշադրությանը: Նա Ռաշելի հետ ծանոթանում է այն ժամանակ, երբ փառքի գագաթին էր, երբ Ալֆրեդ դը Մյուսեն գրում է, թե հարյուրամյակների ընթացքում չի եղել այդպիսի մեծագույն ողբերգակ դերասանուհի:
    
    

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
3280 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ