Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ալլահի համար մեկ շիայի մահն ավելի հաճելի է, քան յոթանասուն քրիստոնյայի մահը»

08:15, երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
«Ալլահի համար մեկ շիայի մահն ավելի հաճելի է, քան յոթանասուն քրիստոնյայի մահը»

Մերձավոր Արևելքում և հատկապես Իրաքում, Եմենում ու Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին հետևողները, անշուշտ, նկատել են, թե որքան խորն է թշնամանքը շիա ու սունի մահմեդականների միջև: Դարեր առաջ այդ թշնամանքն էլ ավելի խորն է եղել և ավելի կատաղի ու ու անողոք բնույթ է ունեցել:


     Շիա դավանանքի թուրքմեն ցեղերից մեկից սերված և Իրանի գահին տիրած շեյխ Իսմայիլը անհաշտ թշնամանքի մեջ է եղել իր ցեղակից, բայց սունի դավանանքի հետևորդ Թուրքիայի ու նրա տիրակալներ Բայազետ 2-րդ և Սելիմ 1-ին սուլթանների հետ:

Երբ Իսմայիլն ընդունում է Իրանի շահնշահի տիտղոսը, Թուրքիայում թագավորում էր Բայազետ 2-րդը:

«Շահ Իսմայիլը, - ասում է եվրոպացի ճանապարհորդը, - հանձնարարել էր մի հատուկ խոզ պահել, որի անունը Բայազետ էր դրել: Պարսկական արքունիքում բոլոր թուրքերը «խոզ» մականունն էին կրում»:

Փոխադարձ թշնամանքն առավել կատաղի կերպարանք է առնում 1512 թվականից հետո, երբ Բայազետին հաջորդում է նրա որդի Սելիմ 1-ինը` մի բռնապետ, որին հենց իր ժողովուրդը «Յավուզ» («Արնախում») մականունն էր տվել: Այս ահարկու սուլթանի գլխավոր նպատակներից մեկն է դառնում հերետիկոս շիա Իրանին մահացու հարված հասցնելը: Գահի վրա իր դիրքն ամրապնդելու համար նա կոտորում է իր եղբայրներին, բայց դրանցից մի քանիսն ազատվում են կոտորածից ու փախչում են Պարսկաստան ու արժանանում Շահ Իսմայիլի սիրալիր ընդունելությանը: Իրանի նկատմամբ սուլթանի կատաղությունը գագաթնակետին է հասնում, և այդ կատաղությունը նախ արտահայտվում է նրանով, որ Սելիմի հրամանով կայսրությունում կոտորվում է վաղօրոք ցուցակագրված 40 հազար շիա մահմեդական: Ի պատասխան այս բարբարոսությանը` Իսմայիլը պատերազմ է հայտարարում Սելիմին: Այնուհետև երկու բռնակալները անձնական վիրավորանքներ են սկսում փոխանակել: Սելիմն Իսմայիլին շեյխի հագուստ ու կանացի զգեստ է ուղարկում` ակնարկելով, որ նա արքայական ծագում չունի: Իսմայիլն էլ Սելիմին ափիոնի ոսկե տուփ է ուղարկում` ակնարկելով, որ նա թմրամոլ է: Սելիմն այն աստիճան է կատաղում այդ ծաղրից, որ հրամայում է իր աչքի առաջ կտոր-կտոր անել դժբախտ դեսպանին: Պատերազմն հայտարարված էր, ու այդ պատերազմին կրոնական կերպարանք էր տրված. մեծ մուֆթին հատուկ ֆեթվայով կայսրության բոլոր սունի հպատակներին ազդարարել էր, որ «Ալլահի համար մեկ շիայի մահն ավելի հաճելի է, քան յոթանասուն քրիստոնյայի մահը»:

Սելիմը 140 հազարանոց բանակ էր հանել Սուլեյմանի դեմ: Թեպետ Իսմայիլը գործադրում է իր ռազմական հնարամտությունները, բայց Չալդրանի վճռորոշ ճակատամարտում պարտությունից չի կարողանում խուսափել: Նա իր զորքի մնացորդների հետ փախչում է մարտադաշտից` թշնամու ձեռքում թողնելով անգամ իր կանանոցը: Հաղթողը մտնում է Թավրիզ ու տիրանում Սեֆյանների գահին: Պարտությունից կարճ ժամանակ անց նորից հզորացած Իսմայիլը մարդ է ուղարկում Սելիմի մոտ` պահանջելով վերադարձնել իր սիրած կնոջը: Բայց Սելիմը ոչ միայն չի կատարում նրա խնդրանքը, այլև գերված կնոջն ամուսնացնում է իր փաշաներից մեկի հետ` էլ ավելի ստորացնելով Իսմայիլին:


     Նկարում` Շահ Իսմայիլը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5154 | 0 | 0
Facebook