Առավոտյան Երեւանի Մայիսի 9-ի փողոցում գտնվող թիվ 133 մանկապարտեզում տեղակայված 8/16 ընտրական տեղամասում առաջիններից մեկը քվեարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քվեարկելուց հետո նա ուղեւորվել է օդանավակայան՝ մեկնելու Նյու-Յորք: Այդ մասին նա հայտնել է օդանավակայանի ճանապարհին՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով:
«Իմ ընտրությունը կատարեցի Երեւանի քաղաքապետի ընտրություններում եւ հիմա մեկնում եմ Նյու Յորք: Հույս ունեմ, որ այսօր մեր քաղաքացիները շատ ակտիվ մասնակցություն կունենան քվեարկությանը եւ չեն մնա տներում, որովհետեւ չկա որեւէ կասկած, որ դուք եք որոշում կայացնելու, ձեր որոշումն է արձանագրվելու եւ ես հույս ունեմ, որ ՀՀ մայրաքաղաքի բնակիչները, ովքեր իրավունք ունենք քվեարկելու Երեւանի քաղաքապետի ընտրություններում, այս պահի պատասխանատվությունը եւ լրջությունը կարձանագրեն եւ կգնան ընտրական տեղամասեր քվեարկելու: Բոլորս էլ արձանագրում ենք, որ այս քվեարկութունը լինելու է ժողովրդի կամարտահայտման քվեարկություն եւ ժողովրդի ձայնը արձանագրվելու է», — նշել է վարչապետը:
Վարչապետը նաեւ հայտնեց, որ Նյու Յորքից մեկնելու է Դուշանբե՝ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին:
«Նյու Յորքից մեկնելու եմ Դուշանբե, որտեղ մասնակցելու եմ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին եւ միայն շաբաթվա վերջում եմ վերադառնալու Երեւան», — ասել է Փաշինյանը:
Նա ընդգծեց պահի կարեւորությունը եւ, նշելով, որ բոլոր ընտրությունների արդյունքները ձեւավորվելու են ընտրողների քվեարկության արդյունքում՝ կոչ արեց մասնակցել ընտրություններին:
«Կոչ եմ անում, խնդրում եմ մինչեւ 20: 00 գնալ ընտրատեղամասեր եւ իրացնել քաղաքացիական ձեր իշխանությունը եւ որոշում կայացնել քվեարկության դրված հարցի կապակցությամբ», — ասել է Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քվեարկության եւ ձայների հաշվարկման գրեթե ողջ ընթացքում լինելու է օդում եւ հույս հայտնեց, որ ընտրությունները կանցնեն առանց տհաճ միջադեպերի:
«Ընտրություններն ընդհանրապես պետք է անցնեն հանգիստ, հանդարտ մթնոլորտում: Քարոզարշավներն են, որոնց ընթացքում կարող են կրքեր բորբոքվել, իսկ հենց բուն քվեարկության օրը պետք է հանդարտ լինի, իրար ժպտալով, հարգալից, իրավունքների նկատմամբ մեծ գիտակցությամբ», — նշել է վարչապետը: