Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Մի նկարի պատմություն

13:22, շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
Մի նկարի պատմություն

Սա 20-րդ դարի ամենահռչակավոր լուսանկարներից մեկն է: Լուսանկարն արվել է 1960 թվականի մարտի 5-ին, Կուբայի մայրաքաղաք Հավանայում: Աշխարհահռչակ հեղափոխական Էռնեստո Գեվարան կամ Չե Գեվարան այս լուսանկարում ասես քննում է հեռավոր հորիզոնը: Լուսանկարիչը նրա հայացքը որսացել է ֆրանսիական «Լա Կուբր» խորտակված նավի 75 զոհերի թաղման արարողության ժամանակ: Բելգիական արտադրության զինամթերք փոխադրող այդ նավը պայթել էր 1960 թվականի մարտի 4-ին, Հավանայի նավահանգստում:

Կուբան պայթյունի համար մեղադրել է ամերիկացիներին, սակայն վերջիններս հերքել են այդ մեղադրանքը:

Բայց վերադառնանք լուսանկարին: Ժապավենի պատկերի կաղապարը սովորականից լայն է: Բնօրինակ լուսանկարը կտրատվել է, որպեսզի միայն Չե Գեվարայի դեմքը ցուցադրվի:

Լուսանկարչի անունն է Ալբերտո Կորդա: Նա եղել է Չե Գեվարայի բարեկամն ու Ֆիդել Կաստրոյի անձնական լուսանկարիչը տասը տարի շարունակ: Չե Գեվարային լուսանկարելու պահին Ֆիդել Կաստրոն ամբիոնից հրաժեշտի խոսք է ասել: Նրա կողքին են եղել կուբայական հեղափոխության բոլոր հայտնի գործիչները: Լուսանկարիչը ցանկացել է ընդհանուր լուսանկար անել: «Ես բեմից տասը մետր հեռավորության վրա էի, - հիշում է Կորդան, - երբ նկատեցի, որ վանդակապատին, որի մոտ կանգնած էին Ժան Պոլ Սարտրն ու Սիմոն դը Բովուարը, մոտենում է Չեն: Չե Գեվարան նրանցից մի քիչ հետ էր կանգնել: Նրա դեմքը կատաղություն էր արտահայտում, և ես գրեթե ինքնաբերաբար սեղմեցի արձակիչը»:

«Լա Ռեվոլուսիոն» -ը, սակայն, լուսանկարը տպագրում է 1961 թվականին: Դրանից հետո լուսանկարի կաղապարը մոռացության է մատնվում մինչև 1967 թվականի օգոստոսը, երբ Չե Գեվարան հայտարարում է, թե պետք է ԱՄՆ-ի դեմ երկու, երեք..բազմաթիվ Վիետնամներ ստեղծել, և որ դա պետք է լինի օրվա հրամայականը: Համաշխարհային մամուլը, մասնավորապես «Պաղի մատչ» թերթը, այս առթիվ հոդված է հրապարակում «գերիլերոսներ» -ի մասին Չե Գեվարայի այս նկարի հետ:

Երկու ամիս անց լուսանկարը վերատպում են աշխարհի բազմաթիվ թերթեր, երբ հայտնի է դառնում, որ Բոլիվիայի հատուկ ծառայությունները հոկտեմբերի 9-ին սպանել են աշխարհահռչակ հեղափոխականին: Դրան զուգահեռ իտալացի մի հրատարակիչ, որի տրամադրության տակ էր Կորդայի կատարած լուսանկարի բնօրինակը, պատրաստում է մի պաստառ և վաճառում է դրա ավելի քան մեկ միլիոն օրինակ:

Հաջորդ տարի իռլանդացի գեղանկարիչ Ջիմ Ֆիցպատրիկը ոճավորում է լուսանկարը, իսկ 1968 թվականին ամերիկացի գեղանկարիչ, պրոդյուսեր, գրող և դիզայներ Էնդի Ուոլհոլը լուսանկարի հենքի վրա ստեղծում է այն կտավը, որը ձեռք է բերում գեղարվեստական ու առևտրային արժեք:

Հետագայում Ֆիդել Կաստրոն այս նկարի 20 մետր բարձրության հարթաքանդակն է պատվիրում, որը փակցվում է Հավանայի Հեղափոխության հրապարակի շենքերից մեկի պատին:

Լուսանկարը դառնում է ռոմանտիկ հեղափոխություն և ապստամբություն խորհրդանշող յուրօրինակ սրբապատկեր ու սկսում է նվաճել ըմբոստ պատանիների սրտերն ու սենյակները:

Այս լուսանկարն այսօր կարելի է տեսնել տարբեր ապրանքների վրա, բոլորը կարող են այն անկաշկանդորեն օգտագործել: Եվ այդ հնարավորությունը ընձեռել է հենց լուսանկարիչը, որը թույլ է տվել առանց որևէ վճարի այն դաջել գրեթե բոլոր ապրանքների վրա: Բայց երբ 2000 թվականին Չե Գեվարայի այս լուսանկարը հայտնվում է «Սմիռնոֆֆ» ընկերության արտադրած օղու շշի վրա, Կորդան բարձրաձայնում է իր հեղինակային իրավունքի մասի: Նա այս առնչությամբ հետևյալն է ասել.

«Լինելով այն իդեալների կողմնակիցը, որոնց իրականացման համար Չե Գեվարան զոհվեց, ես դեմ չեմ նրա լուսանկարի վերատպությանն այն մարդկանց կողմից, ովքեր ցանկանում են տարածել նրա անունն ու ամբողջ աշխարհում ծավալել սոցիալական արդարության հաստատման համար պայքարը: Բայց ես կտրականապես դեմ եմ Չե Գեվարայի պատկերի չարաշահմանն այնպիսի արտադրանքի առաջմղման գործում, ինչպիսին ալկոհոլն է, կամ էլ ցանկացած այլ ապրանքի, որը կվնասի Չեի բարի համբավը»:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
3415 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ