Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Իջևանում իրականացվեց «Մեդիա մասնակցություն» ծրագիրը

01:15, շաբաթ, 15 սեպտեմբերի, 2018 թ.
Իջևանում իրականացվեց «Մեդիա մասնակցություն» ծրագիրը

ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք Իջևանում ավարտվեց «Մեդիա մասնակցություն» եռամսյա ծրագիրը, որն իրականացրեց «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:

Ծրագրի շրջանակներում տավուշցի 25 երիտասարդ, ովքեր հետաքրքրված են համայնքի տեղական ինքնակառավարմամբ և նոր մեդիայով, հուլիսի 14-17-ը Իջևանում՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Տավուշի մարզային գրասենյակում, մասնակցեցին քառօրյա դասընթացի՝ ձեռք բերելով գիտելիքներ և հմտություններ «Տեղական ինքակառավարման մասին» ՀՀ օրենքում ամրագրված հրապարակայնության և թափանցիկության հիմունքների, մասնակցային կառավարման կարգի, համայնքային նախաձեռնություն՝ հանրագիր իրականացնելու մեխանիզմների, նոր մեդիայի, քաղաքացիական լրագրության և բլոգավարության հիմունքների վերաբերյալ։ Ինտերակտիվ մեթոդների վրա հիմնված դասընթացը համակարգեցին ՏԻՄ և մեդիա դասընթացավարներ Արշավիր Ղուկասյանը և Նազելի Ավագյանը: Համադրելով կրթության ֆորմալ և ոչ ֆորմալ մեթոդները՝ տեսական դասախոսությունները, գործնական թիմային ու անհատական աշխատանքները՝ նրանք մասնակիցներին հաղորդեցին մեդիայի միջոցով համայնքի կյանքին մասնակցություն ունենալու համար անհրաժեշտ գիտելիքներ և փորձ՝ ինչպես ստանալ գրավոր և բանավոր տեղեկատվություն, վարել լրագրողական հարացազրույց, պատրաստել լրատվական հոդված՝ տարբերակելով լուրը գովազդից և փիարից, ճիշտ լուսանկարել և տեսանկարահանել, բացել և վարել բլոգ, կազմակերպել և իրականացնել համայնքային նախաձեռնություն, մի խոսքով՝ ինչպես մեդիայի միջոցով մասնակցել համայնքի տեղական ինքնակառավարմանը:

Ստացած տեսական գիտելիքներն ապագա քաղաքացիական լրագրողներն ամրապնդեցին գործնական պարապմունքներով: Կիրառելով լուսանկարչական արվեստի վերաբերյալ տեսական գիտելիքները՝ նրանք փորձեցին լուսանակարել տարվա երիտասարդական մայրաքաղաք Իջևանի մշակութային, տեսարժան վայրերը, խնդիրները և առօրյան: Հարկ է նշել, ապագա քաղաքացիական լրագրողները, շրջելով Իջևանի շուկայում, փողոցային առևտուրը ներկայացնող մի քանի լուսանկարներ արեցին: Նկատելով փողոցային առևտուրը լուսանկարող երիտասարդներին՝ առևտրականներն սկսել էին փողոցում վաճառվող մսամթերքն արագ տեղափոխել տաղավարների մեջ: Դե իսկ հաջորդ օրը փողոցում ընդհանրապես նկատելի չէին տաղավարներից դուրս կախված մսամթերքները:

Ծրագրի շահառուները հնարավորություն ստացան նաև իրականացնելու իրենց լրագրողական առաջին պրակտիկան: «Մեդիա մասնակցություն» ծրագրի շրջանակներում նրանք այցելեցին Իջևանի քաղաքապետարան, հարցազրույցներ վարեցին համայնքապետարանի տարբեր բաժինների աշխատակիցների և համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանի հետ՝ իրենց հուզող հարցերն ուղղելով համայնքի տեղական ինքնակառավարման մարմիներին: Նշենք, որ համայնքի ղեկավարի հետ հարցազրույցն ակամայից վերածվեց մամուլի ասուլիսի: Թե՛ քաղաքապետը, թե՛ քաղաքապետարանի տարբեր բաժինների մասնագետները, սիրով պատասխանելով երիտասարդ լրագրողների հարցերին, կարևորեցին նմանատիպ ծրագրերի դերը ՏԻՄ-երիտասարդություն փոխհարաբերությունների սերտացման տեսանկյունից:

Տեղական ինքնակառավարման մարմինների հետ ունեցած հարցազրույցների վերաբերյալ տավուշցի ապագա լրագրողները պատրաստեցին հոդվածներ և տեղադրեցին ծրագրի շրջանակներում բացված «Մեդիա Տավուշ» բլոգում, որը վարելու հնարավորություն ունեն ծրագրի բոլոր մասնակիցները: Ծրագրի շրջանակներում նրանք ստացան նաև անվճար խորհրդատվություն բլոգավարության վերաբերյալ՝ զարգացնելով բլոգ վարելու գործնական հմտությունները: Արդյունքում շահառուներից շատերը, ըստ իրենց նախասիրությունների և հետաքրքրությունների, ծրագրի ընթացքում ստեղծեցին իրենց անհատական բլոգները:

«Մեդիա մասնակցություն» դասըթնացը հաջողությամբ ավարտած մասնակիցներն ստացան հավաստագրեր և մեդիայի վերաբերյալ ուսումնական նյութերով բեռնված տեղեկատվական կրիչներ, որոնք անհրաժեշտ կլինեն հետագայում՝ մեդիա գործունեություն իրականացնելու համար: Նրանք ստացան նաև հնարավորություն մասնակցելու ծրագրի վերաբերյալ պատրաստվող տեսաֆիլմի և «Ինչպես մասնակցել համայնքի կառավարմանը մեդիայի միջոցով տեսահոլավակի սցենարի պատրաստման և նկարահանման աշխատանքներին:

Նշենք, որ «Մեդիա մասնակցություն» ծրագրի նպատակն է՝ նպաստել մասնակից երիտասարդների անհատական և սոցիալական զարգացմանը, մասնակցային մեխանիզմների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և նրանց մեդիա մասնակցությանը համայնքային կյանքին: Ծրագիրը նպատակ ունի նաև նպաստել երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը և նոր մեդիայի միջոցով ՏԻՄ-երիտասարդություն հաղորդակցման որակի բարելավմանը, համայնքում երիտասարդների քաղաքացիական, սոցիալ-տնտեսական, թվային և մշակութային մասնակցության մակարդակի բարձրացմանը: Ինչպես նշում են դասընթացի մասնակիցներն՝ ամենակարևոր ձեռքբերումն այն էր, որ իրենք գիտակցեցին իրենց տեղն ու դերը համայնքում՝ սովորելով մեդիայի միջոցով մասնակցել համայնքի կառավարմանը, բարձրաձայնել համայնքային խնդիրներ և հանդես գալ համայնքային նախաձեռնություններով:

Նազելի Ավագյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4325 | 0 | 0
Facebook