Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Անառակությունն ու ամուսնական անհավատարմությունը ռուսական գյուղի կյանքում

21:50, չորեքշաբթի, 05 սեպտեմբերի, 2018 թ.
Անառակությունն ու ամուսնական անհավատարմությունը ռուսական գյուղի կյանքում

«Անառակություն» (блуд) ասելով՝ ռուս գյուղացին նկատի է ունեցել ցանկացած բնույթի սեռամոլություն, սահմանաված շրջանակներից դուրս ցանկացած սեռական հարաբերություն, իսկ «прелюбодеяние» -ով բնորոշել է ամուսնական անհավատարմությունը:

Նախահեղափոխական ռուսական գյուղում կնոջ պարկեշտության գնահատման չափորոշիչ է եղել նրա ինչպես նախաամուսնական անարատությունը, այնպես էլ ընտանեկան հարաբերություններին հավատարմությունը: Այս ավանդական սահմանումների կենսագործմանը փորձել են հասնել Աստծո անխոսափելի պատժի մասին ներշնչվող վախով ու հասարակական կարծիքի ուժով, որը գյուղական հարաբերությունների «թափանցիկության» պայմաններում հսկողության բավականին զորեղ գործոնն է ծառայել:

Նախաամուսնական անարատության կամ կուսության պահպանմանը նախահեղափոխական ռուսական գյուղում ջանացել են հասնել ծնողական հսկողությամբ ու հասարակական կարծիքի ուժով: Ծնողները խստորեն հետևել են, որ տան աղջիկը ժամանակից շուտ «հաճույքներ ստանալու արարքներ չգործի»: Գյուղական հարաբերությունների «թափանցիկությունը» միշտ հնարավորություն է ընձեռել արագ արձագանքել ժողովրդական բարոյականության տեսանկյունից անթույլատրելի դեպքերին, հարսնացուների վարքին: Ժողովրդական ըմբռնմամբ՝ անառակությունը մեղք է հանդիսանում, քանի որ այն արատավորում է ընտանիքի պատիվը: Անառակության հանրային դատապարտման համար ռուսական գյուղերում դիմել են խայտառակող բնույթի խորհրդանշական գործողությունների: «Ման եկող» աղջիկների ծամերը կտրել են, նրա տան դարպասին կուպր են քսել, շապիկը գցել են գլխին ու մինչև գոտկատեղը կիսամերկ վիճակում հալածել են ամբողջ գյուղով մեկ: Օրյոլի նահանգի գյուղերի երիտասարդները վատահամբավ աղջիկների հագուստներին արջասպ ու թունդ օղի են լցրել:

Էլ ավելի խստորեն պատժել են անհավատարմության մեջ բռնված ամուսնացած կանանց: Նրանց դաժանորեն ծեծել են, ապա մերկ վիճակում կապել են սայլին ու մտրակելով պտտել են փողոցներով;

Ռուսական գյուղի բարոյական խեղումները նկատելի են դառնում հատկապես 20-րդ դար սկզբում: Տամբովի թեմերի պաշտոնյաներն իրենց զեկուցագրերում հաճախակի են ընդգծել «անպարկեշտ երգերի ու պարերի», «ամուսնացած կանանց ու կույսերի անբարո վարքի» մասին: 1905 թվականին Սինոդին ներկայացված զեկուցագրում Կուրսկի եպիսկոպոսը խոստովանել է, որ գյուղերում տեղի է ունենում «ընտանեկան կապերի թուլացում, անօրինական կենակցություն, որոնց հետևանքով ավելանում է արտաամուսնական կապերից ծնված երեխաների թիվը»:

Արտաամուսնական կապերից ծնված երեխաները ռուսական գյուղերում շա՞տ են եղել: Ակնառու է այն, որ ապօրինածին երեխաները քաղաքներում ավելի շատ են եղել, քան գյուղերում: 1898 թվականին կատարված հաշվարկներով՝ Վորոնեժի նահանգի գյուղերում արտաամուսնական կապերի արդյունքում 902 երեխա է ծնվել, քաղաքներում՝ 477: Այս նույն տարում Տամբովի նահանգի գյուղերում այս թիվը կազմել է՝ համապատասխանաբար 796 և 598: Բայց այս թվերը ճշգրիտ պատկերը չեն տալիս, որովհետև որոշ գեղջկուհիներ, գործած մեղքը թաքցնելու համար, ծննդաբերել են քաղաքում: Նաև կարելի է ենթադրել, որ արտաամուսնական կապի արդյունքում քաղաքում ծնված երեխաների մի մասը դարձյալ գեղջկուհիների ծնած երեխաներ են, որոնք կյանքի հարկադրանքով քաղաքում տարբեր աշխատանքներ (սպասուհի, խոհարարուհի և այլն) են կատարել:

Գյուղական բնակչության աճող սոցիալական շարժունակության, գյուղի ավանդական դրվածքի փշրման հետևանքով արտաամուսնական կապերին սկսում են հանգիստ վերաբերվել: Հայրն ու մայրը հեշտությամբ են համաձայնում որդու կատարած ընտրությանը, եթե նա խոստովանում էր, որ ինքն ու հարսնացուն արդեն կենակցել են: Հաճախ է պատահել, որ աղջիկն ու տղան «խոսք առնելուց» հետո սեռական հարաբերություն են ունեցել: Տամբովի նահանգի գյուղերում «խոսք առնելուց» հետո փեսացուն մնացել է հարսի տանն ու նրա հետ գիշերել է: Ըստ սովորույթի, դա չպիտի հանգեցներ սեռական հարաբերության, բայց, ինչպես այն ժամանակ արդեն ասել են ծեր կանայք» «Չի կարելին չի կարելի է, բայց հո միշտ չես կարող տղամարդուն զսպել»: Մարմնական ցանկությունը հաճախ լռեցրել է բանականության ձայնը: Եվ այդ թուլությանը գյուղացիները նույնպես արդարացում են գտել: Նման իրավիճակները գնահատելիս՝ գյուղացիների դատողությունների տրամաբանությունը մոտավորապես այսպիսին է եղել. «Ցարը չի կարող գետը կանգնեցնել, իսկ երիտասարդ տղամարդը չի կարող իր իր արյան եռքը կանգնեցնել, երբ այն հորդում է», կամ՝ «Ցարն անզոր է քամիների դեմ, իսկ մարդը՝ իր մարմնի»:


     (շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
3164 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ