Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հակահեղափոխականները շարունակում են ինքնաբացահայտվել

Ազատ Խոսք
Մամուլի խոսնակ`
Ազատ Խոսք
23:15, հինգշաբթի, 23 օգոստոսի, 2018 թ.
Հակահեղափոխականները շարունակում են ինքնաբացահայտվել

«Հայելի» մամուլի ակումբը երեքշաբթի, օգոստոսի 21-ին հյուրընկալել էր ՀՀ ազգային անվտանգության կառույցի նախկին փոխղեկավարներից Գուրգեն Եղիազարյանին եւ ՀՀ մարդու իրավունքերի նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանին: Ի դեպ, երկուսն էլ ժամանակին եղել են ՀՀ խորհրդարանի պատգամավոր եւ ոչ մի բանով աչքի չեն ընկել: Այսօր երկուսին միավորում է, ուրիշ բաների շարքում, անթաքույց ատելությունը «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության եւ ՀՀ նոր իշխանությունների նկատմամբ: Իհարկե, այս հարցում եւս պարոն Եղիազարյանը իր լկտի արտահայտություններով գերազանցում է հիշյալ տիկնոջը, որը ինչպես ինք է խոստովանում, միշտ աշխատում է «մեղմ լինել»:
     Ցավալի է հաստատել, որ ՀՀ պետական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցրած սույն պարոնն ու տիկինը համարյա բոբիկ են Եկեղեցու հարցերից կամ իրենց այդպիսիք են ցույց տալիս` կարողանալ ազդելու համար ժողովրդային զանգվածների վրա, մոռանալով, որ մեր ժողովուրդը վերջին չորս ամիսներին քաղաքականապես այնքան հասունացավ, որպիսին չէր եղել անցնող քառորդ դարից ավելի ժամանակաշրջանում:
     Իբրեւ անարժեք մանրադրամ մի կողմ շպրտելով տիկին Ալավերդյանի ասածները, մանավանդ անիմաստ «վերլուծումները» անցումային արդարադատության մասին, մեր ուշադրությունը սեւեռանք նախկին գործակալապետի «գոհար մտքերի» վրա:
     Իրեն կիրթ համարող սույն անձնավորությունը մամուլի ասուլիսի սկզբում իրար հետեւից գործածեց «կտամ կսատկացնեմ» եւ «կխփեմ սատկացնեմ» արտահայտությունները, որոնք մեկնաբանելու կարիք չենք զգում: Դրանք լավագույնս վկայում են այս պարոնի բարոյական մակարդակի մասին (եթե նրա համար դեռ կարելի է գործածել «բարոյականություն» եւ «բարոյական մակարդակ» հասկացությունները):
     Պարոն Եղիազարյանը մեծահո՜գաբար հայտարարեց, թե ինք նախկին իշխանություններից տարբերվում է, քանի որ ինք ուզում է որ մարդասպաններին, ընտրակեղծարարներին, թալանչիներին ու նմաններին դատեն եւ ոչ թե ստորացնեն: Պարոնը մոռացա՜վ, որ հենց ինքը ընդամենը մի քանի րոպե առաջ աջ ու ձախ սպառնում էլ խփել ու սատկացնել, որոնք հիշյալ պարոնի համոզումով, ըստ երեւույթին, իրավապահ մարմինների արդյունավետ աշխատանքի անբաժանելի մաս են կազմում...
     Սակայն մեզ առավելաբար հետաքրքրում են Եղիազարյանի փսխուքները «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության հասցեին: Ահա դրանց կարեւորագույնները` բառացի, եւ մեր մեկնաբանությունները.
     - Նրանք (այսինքն` մենք) «սխալ են սկսել եւ հաջողության չեն հասնելու»: Անմիջապես հետեւեց հռետորական հարցումը. «Միթե՞ դա արել են որ հաջողության չհասնեն»: Այս արտահայտությունները ցույց են տալիս, որ Եղիազարյանը լուրջ հարցեր ունի տրամաբանություն կոչված գիտության հետ: Խորհուրդ կտայինք սույն խելապակասին` չմտահոգվել մեր շարժման հաջողության հարցով: Հզորագույնին հետ դաշնակցածներիս ու Նրա կամքը կատարողներիս հաղթանակը կասկածից դուրս է:
     - «Մենք ապրում ենք մի երկրում, ուր աղանդավորական, սրիկայական խմբեր ուղիղ հարձակվում են վեհափառի վրա»: Մի քանի վայրկյան ետք, մատը թափ տալով` «Թուրքը երբեք իրեն թույլ չի տվել մեր սրբազանին ձեռք տալ. երբե՛ք»: Այս արտահայտությունն էլ ցույց է տալիս Եղիազարյանի տգիտությունը այս անգամ` պատմությունից ու Հայ Եկեղեցում կիրառվող բառապաշարից: «Սրբազան» բառը դիմելաձեւ է եպիսկոպոսների համար, իսկ կաթողիկոսների համար գործածվում է «սրբազնագույն» բառը: Թուրքը հարյուրավոր եւ հազարավոր հայ հոգեւորականների է անարգել, խոշտանգել ու սպաննել` դարերի ընթացքում: Եթե Եղիազարյանը մի քիչ պատմություն իմանար, ապա կպապանձվեր տեղեկանալով, որ, օրինակ, Ղարաբաղի տխրահռչակ Իբրահիմ խանը թունավորելով սպանել է Գանձասարի Հովհաննես Հասան-Ջալալյան կաթողիկոսին 18-րդ դարի երկրորդ կեսին: Եթե Եղիազարյանը կարդացած լիներ Թեոդիկի (չենք կասկածում, որ նա այս անունը իր կյանքում առաջին անգամ է լսում) «Հուշարձան ապրիլի 11-ի» եւ «Գողգոթա հայ հոգեւորականության եւ իր հոտին աղետալի 1915 տարիին» աշխատությունները, այնտեղ տասնյակ օրինակների կհանդիպեր, որոնք կջրեին իր այդքան շեշտած ու վրեն էլ մատ թափ տված հաստատումը: Կարող ենք բերել նաեւ Արցախի թեմակալ առաջնորդ Վահան եպիսկոպոսի օրինակը, ում հետագայում ադրբեջանցի կոչվելիք խաժամուժը 1920 թ. ապրիլի 6-ին, Շուշիի կոտորածի ժամանակ, գլխատեց եւ գլուխը օրերով շրջեց հայոց այդ հինավուրց ոստանի փողոցներով…
     Գուրգեն Եղիազարյանը ՄԵԾԱԳՈՒՅՆ ՍՏՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԳՈՐԾՈՒՄ մեր նախաձեռնությունը ոչ միայն համեմատելով թուրքերի հետ, այլեւ հայոց այդ ոխերիմ թշնամիներին նույնիսկ նախընտրում իր ազգակիցներից: Հարց է ծագում. ազգային անվտանգության կառույցում Եղիազարյանը ո՞ր ժողովրդի շահերն է պաշտպանել...
     Հասկանալի է, որ այսքան տգետ արարածը չէր կարող տգետ չլինել մեկ այլ հումանիտար գիտությունից` աստվածաբանությունից: Այս ողորմելին չգիտի, թե աղանդավոր են համարվում նրանք, ովքեր մեր Եկեղեցու Հավատո հանգանակի բազմատասնյակ դրույթներից մեկը կամ ավելին չեն ընդունում: Ո՛չ Եղիազարյանը, ո՛չ այլ ոք կարող է ՄԵԿ ՕՐԻՆԱԿ բերել մեր նախաձեռնության անդամների այլաբնույթ ելույթներից, որոնցում երբեւէ կասկածի տակ դրվի այդ անհերքելի ճշմարտություններից մեկնումեկը:
     - Իրեն դիտողին այսպիսի հիմարաբանություններով «մշակելուց» հետո, Եղիազարյանն անցում է կատարում իր հակահեղափոխական էության ինքնաբացահայտմանը` ՀՀ ոստիկանությանը մեղադրելով մեր նախաձեռնության զորակցելու, կամ, առնվազն, մեր` իր կարծիքով ապօրինությունների նկատմամբ դիտորդի դերում լինելու համար. «Հիմա այս ոստիկանություն կոչվածի լուռ ու մունջ, սրիկայական հայացքի տակ…»: Այս որակումներին պատասխան տալը առաջին հերթին ոստիկանության թողնելով հանդերձ, մեր կողմից նշենք, որ աջ ու ձախ սրիկա որոնող ու … գտնող Եղիազարյանը լավ կաներ եթե ընդամենը իր ձեռքը վերցներ մի փոքրիկ հայելի եւ մի լա՜վ նայեր նրա մեջ` հայտնաբերելով ՀՀ-ում հակահեղափոխական ՄԵԾԱԳՈՒՅՆ ՍՐԻԿԱՆԵՐԻՑ ՄԵԿԻՆ:
     - «Իշխանություննե՛րն են կազմակերպում վեհափառի դեմ այդ այլասերվածությունները: Ինչպե՞ս կարող է մի խումբ աղանդավորականներ մտնել վեհարանի տարածք ու այնտեղ հաց ու ճուտ լափել»: Այս «գյուտը» կատարող մերօրյա նախկին շպիոնապետիկը այս անգամ մատը թափ է տալիս ՀՀ նոր իշխանությունների, ավելի ստույգ` վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա, զգուշացնելով, որ «ժողովրդավարություն չխաղա՛ն»: Ավելին. սույն պարոնը հանգել է եզրակացության, որ «ամեն օր մենք մի քայլ հետ ենք անում ժողովրդավարություն կոչվածից, ամե՛ն օր»:
     Ինչպես ասում են, ահա այստեղ է թաղված շան գլուխը` Եղիազարյանի ամբողջական ինքնաբացահայտումը. ՀՀ ոստիկանության եւ երկրում թեւածող իսկական ժողովրդավարության համար գործածելով «կոչված» հեգնական կցորդությունը, Եղիազարյանը արհամարհում եւ հեգնում է ՀՀ ժողովրդային զանգվածների` երկրում ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ կատարելու անհողդողդ կամքը` ձայնակցելով հակահեղափոխականների խոսնակ Էդուարդ Շարմազանովին ու նրա նմաններին: Հիշեցնե՞նք սույն պարոնին այն անփառունակ տապալումը ոմն գաճաճ բռնապետի, որը ս. թ. ապրիլի 20-ին մատը թափ տալով մեզ փորձում էր վախեցնել նոր մարտի 1-ով...
     Ընդամենը հաշված օրեր առաջ, սույն պարոնը մեր նախաձեռնությանը եւ ՀՀ իշխանություններին մեղադրում էր Հայ Եկեղեցին քանդելու ծրագիր իրականացնելու համար` գուշակելով նաեւ օտար կառույցների կամ պետությունների առկայությունը դրա հետեւում: Օգոստոսի 12-ին, Ս. Աստվածածնի տոնի իր քարոզում, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հրապարակային եւ անվերապահ նեցուկ հայտնելը Թավշյա հեղափոխությանը` քամու նման քշեց տարավ սրանց բարոյական մերկությունը ծածկող թզի այդ տերեւը: Այդուհանդերձ, Լիբանանում հնչած հայրապետական պատգամից ու հորդորից ոմանք համապատասխան հետեւություններ չեն արել: «Հայելի» ակումբում Եղիազարյանի ելույթը միայն այդ մասին է վկայում: Ի զուր չի ասված. «Սեւին սապո՞նն ի՞նչ անե, խեւին` խրատը» ...
     Մեր կարգին, Գուրգեն Եղիազարյանին մի կարեւոր խորհուրդ կտայինք` մի քիչ չափավորել սեփական ախորժակները եւ բերնից արտանետվող բառակույտերը: Մյուս կողմից, նրան եւ նրա նմաններին հիշեցնենք ժողովրդական մեկ ուրիշ իմաստուն ասացվածք. «Հաչան շունը կծան չի լինում» ...
     Գուրգեն Եղիազարյանի այս կատաղած ելույթը հավելյալ ապացույց է այն փաստի, որ խուճապային իրավիճակ է տիրում գարեգինապաշտների ճամբարում եւ արդեն սկսվել են առնետավազքի խմորումներ:

Ժամերգության իջնող վարդապետ...

Հ. Գ. Պարոն Եղիազարյանը, տիկին Ալավերդյանի օգնությամբ մի քանի անհաջող փորձից հետո էլ չկարողացավ ամբողջապես բացել սովետական ժամանակաշրջանում շատ հանրածանոթ ՕԲԽՍՍ հապավումը` կուլ տալով Խ = խիշենիամի բառը: Պարզվում է, որ ԽՍՀՄ ՆԳՆ ակադեմիայում սովորած, մասնագիտությամբ տնտեսագետ ու իրավաբան այս պարոնը նույնիսկ չգիտի այն նվազագույնը, որը պարտավոր էր իմանալ սովորական օպերլիազորը, ուր մնաց թե ազգային անվտանգության գերատեսչության փոխղեկավարի պաշտոնն զբաղեցրած անձը: Սրանից հասկացանք, որ Գուրգեն Եղիազարյանը ՀՀ պետական անվտանգության մարմինններում աշխատելու համար անպիտան է եղել, եւ այնտեղ խցկվելով ու աշխատավարձ ստանալով, իր անգրագիտությամբ փաստորեն քամուն է տվել մեր` հարկատուներիս վճարած գումարները, ինչը նույնպես մասն է կազմում «կոռուպցիա» կոչվող քրեական հանցագործության սահմանումին:

«Այն, ինչ արեցին Մանվել Գրիգորյանի հետ դատապարտելի է». Լարիսա Ալավերդյան
«Փաստորեն Աշոտիկն է սահմանին կանգնած, դրա համար ենք հանգիստ քնում».Գուրգեն Եղիազարյան
«Մինչ էսօր ոստիկանությունը չի կատարել Ձեր հրահանգը, պարոն վարչապետ. ապշած եմ». Գուրգեն Եղիազարյան
«Չեմ հասկանում՝ էդ աթոռի վրա մեղրաջու՞ր ա քսած. ով գալիս ա՝ չի ուզում գնա». Գուրգեն Եղիազարյան
«Գիտեմ բնավորությունս՝ կտամ կսատկացնեմ». Գուրգեն Եղիազարյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5956 | 0 | 0
Facebook