Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նիկոդիմոս Եսայու Ամատունու մասին

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
00:37, կիրակի, 19 օգոստոսի, 2018 թ.
Նիկոդիմոս Եսայու Ամատունու մասին

Նիկոդիմոս Եսայու Ամատունու մասին


    
Անհրաժեշտ ճշգրտումներ Նիկոդիմոս Ամատունու կենսագրության մեջ.
     Նոր բացահայտումներ
    
    

Մեզանում անտեսված ազնվականության դասը

Դարեր ի վեր Հայոց պետականության կորստի, այնուհետև օտար տիրակալների քմահաճ, զավթողական վերաբերմունքի պայմաններում հատկապես մեծ հարված հասցվեց հայ ազնվական դասին, շատ գերդաստաններ պարզապես կանգնեցին վերացման եզրին, նրանց մի մասից խլվեցին ունեցած իրավունքներն ու արտոնությունները, մյուսները չենթարկվելով անարդարությանը պարզապես հանգրվան գտան օտարության մեջ: Շատ քիչ ազնվական տոհմերի ներկայացուցիչներ կարողացան իրենց մենաշնորհն ու դիրքը մինչև վերջ օգտագործել՝ ընդհուպ բոլշևիկների Խորհրդային երկրի ստեղծումը, որով էլ խաչ քաշվեց և վերացվեց անգամ ԱԶՆՎԱԿԱՆ բառի գործածությունը: Ամատունի և մյուս հայտնի տոհմերի շատ անվանի զավակներ, հավատարմորեն ու անձնուրաց մինչև կյանքի վերջ ծառայեցին իրենց ժողովրդին: Թեև բոլշևիկների տիրապետությունը վերջ դրեց ազնվականության դասի գոյությանը՝ թեև նրա որոշ ներկայացուցիչներ, արդեն իրենց տիտղոսը պաշտոնապես՝ իրենց ազգանունից առաջ չեն կրել, բայց և այնպես շարունակել են իրենց նախնիների ավանդույթները, շարունակել են մեծ ներդրում ունենալ գիտական, քաղաքական, գրական և այլ շրջանակներում: Ցավոք, նրանց մասին քչից-շատից ավելի հիշում են Ռուսաստանում և հարևան Վրաստանում, քան մեզ մոտ՝ Հայաստանում: Առաջին անգամ հայ իրականության մեջ, ուզում եմ ընթերցողի ուշադրությանը ներկայացնել դեռևս նրանց համար անհայտ, բայց իր գործունեությամբ բավական հայտնի մի անուն` իշխան Նիկոդիմոս Եսայու Ամատունի:

    
Նիկոդիմոս Եսայու Ամատունի (Ռուս. Аматуни Никодим Исаевич) Իշխան, Ամատունիների ազնվական տոհմից՝ նրա ազգակիցների իշխանական տիտղոսը ևս մեկ անգամ վերահաստատվել է 1784 թ. վրաց Հերակլ Երկրորդ թագավորի հրովարտակով, ապա 1826 թ. Ռուսաստանի Նիկոլայ Առաջին ցարի հրամանով: Պետական, քաղաքական, հասարակական գործիչ, Իսկական պետական խորհրդական (IV – действительный статский советник), ցարական Ռուսաստանի 4-րդ դասի պաշտոնյա, հատուկ հանձնարարությունների գծով հանձնակատար, զբաղեցրել է ցարական Ռուսաստանի կայսերության արդարադատության, ֆինանսների, առևտրի և արդյունաբերության նախարարությունների, Ծովային առևտրի և նավահանգստային ենթակառուցվածքները համակարգող տնօրինության, Կարմիր Խաչի միավորման գլխավոր տնօրինության պատասխանատու պաշտոններ, եղել է Գերագույն Խորհրդի Պետրոգրադյան հատուկ հանձնաժողովի Հասարակության բաժնի մշտական անդամ, Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, եղել է սպիտակ գվարդիականների թիմում: Ղրիմում ընդգրկվել է բոլշևիկյան իշխանությունից դեռևս զերծ Ռուսաստանի Հարավային կառավարության կազմում:

    
1920թ.Սպիտակ բանակի վերջնական ձախողումից ու բոլշևիկների լիակատար իշխանության գալուց հետո, Ամատունին արտագաղթել է Ֆրանսիա: Նա այնտեղ շարունակել է իր հասարակական քաղաքական ակտիվ գործունեությունը՝ մասնակցել ռուսական մի քանի հասարակական կառույցների հիմնադրմանը և գործունեությանը: Մասնավորապես Ալեքսանդրա Ֆյոդորովնա կայսրուհու հիշատակին նվիրված ընկերության (1927), ռուսական դատական գործիչների միության, Սանկտ Պետերբուրգի համալսարանի նախկին ուսանողների միության ստեղծմանը (1935) , եղել է Կարմիր Խաչի Ընկերության Ռուսաստանի Գլխավոր վարչության անդամ (1941-1942), հանդես է եկել հիշողություններով, գրի առել դրանք:

    

Հայկական հանրությանը անհայտ, բայց բավականին հայտնի մարդը


    
    
     Դժբախտաբար իրականություն է, որ հայ հասարակայնությանը հայտնի էլ չէ նրա անունը, մասամբ էլ՝ կորսված սոցիալիստական կեղծ ժամանակաշրջանի վակումի ու թանձր վարագույրի պատճառով: Նրա մասին, անգամ հայկական հանրագիտարաններում և պատմական աղբյուրներում ոչինչ չկա: Որպեսզի ընթերցողը կարողանա մոտավոր պատկերացում կազմել՝ թե ո՞վ է Նիկոդիմոս Ամատունին, ասենք, որ նա՝ հայ եկեղեցական, գրական կյանքում հայտնի, «Հայոց բառ ու բան» բառարանի և այլ աշխատությունների հեղինակ Սահակ Վարդապետ Ամատունու հորեղբոր տղան է, այն ժամանակ բավական հայտնի, Օշականի ավագ քահանա տեր Եսայու որդին` մի մարդ, որի եռանդուն նախաձեռնությամբ հիմքից վերականգնվեց Օշականի եկեղեցու շենքը:
    
     Նիկոդիմոս Ամատունու մասին իմացել և լսել եմ մանկուց, ուրախ ու հպարտ եմ, որ նրա ազգականն եմ ու նրա անունը, գործն ու մարդկային հատկանիշները ուժերիս ու աջակիցներիս ջանքերով բացահայտելու եմ՝ ափսոս միայն այսքան ուշացումով, երբ ավելի վաղ շատ վկայություններ կարելի կլիներ հայթայթել: Միակ տեղեկություններ հավաքելու աղբյուրը նրա հարազատներն էին: Մտահաղացումը կար, լրագրող աշխատած տարիներին պետք է հանդիպեի Նիկոդիմոսի եղբոր թոռանը՝ Օշականի միջնակարգ դպրոցի ուսուցիչ՝ Իշխան Ամատունուն: Նա խոստացել էր հարուստ տեղեկություններ ու փաստեր տրամադրեր Նիկոդիմոս Ամատունու մասին: Ցավոք վաղաժամ մահը, այնուհետև խորհրդային երկրի փլուզումը տասնամյակներով հետ պահեց նպատակի իրագործումից: Միայն տարիներ անց, երբ ինտերնետում ժլատ կենսագրական տեղեկություններ հայտնվեց Նիկոդիմոս Ամատունու մասին, հնարավորություն ունեցա հանդիպել երջանկահիշատակ Իշխան Ամատունու որդուն՝ Գարեգին Իշխանի Ամատունուն: Նրա տրամադրած Նիկոդիմոս Ամատունու և Տեր Եսայի քահանայի ընտանիքի լուսանկարները անկրկնելի են ու արժեքավոր: Եթե հայ շրջանակներում չգիտեն թե ով է Նիկոդիմոս Ամատունին, ապա նրա անունը թեև ժլատ, բայց շրջանառվում էր վրացական և ռուսական աղբյուրներով: Հակիրճ շեշտվում է նրա ծննդյան, մահվան վայրերն ու տարեթվերը, զբաղեցրած դիրքը…
    
    
    

Երբ անհրաժեշտ է տեր կանգնել սեփական արմատներին


     Արդեն տարիներ առաջ առիթ եղել է Նրա կենսագրական որոշ տվյալներ ճշգրտելու և օտար աղբյուրներում իրենց վերագրվող մեր իշխանի ազգային պատկանելիությունը վերականգնելու հնարավորությունը:
    
     Առաջին անգամ նրա մասին կարդացի վրացական nobility.pro կայքում, որտեղ ի թիվս վրաց այլ իշխանների՝ առանց լուսանկարի, հիշատակվում էր նաև Նիկոդիմոս Ամատունու անունը՝ ծնված 3.05.1865, Թիֆլիս քաղաքում:
     Անմիջապես կապվեցի կայքը համակարգողի հետ, որի անունը Լևան էր և հայտնեցի, որ Նիկոդիմոս Ամատունին ազգությամբ հայ իշխան է և ծնվել է Օշական գյուղում, որպես ապացույց ուղարկեցի՝ ներկայումս իրենց կայք էջում տեղադրված և հետագայում վիքիպեդիա հանրագիտարանում շրջանառվող Նիկոդիմոս Ամատունու լուսանկարը: Լևանը խոստացավ, որ նամակը կփոխանցի կայքի տնօրենին՝ Յուրի Կոստանտինի Չիկովանուն, որը նույնպես ազնվական տոհմից է: Ի պատիվ Չիկովանու՝ նա տեղադրեց լուսանկարը, ճիշտ է ծննդյան տարեթիվն ու վայրը անփոփոխ թողեց, բայց լուսանկարի վերևում ավելացրեց որոշ փոփոխություններ՝մասնավորապես, որ նա ծնվել է Օշական գյուղում:
    
     Հետո Նիկոդիմոս Ամատունու անունը՝ արդեն որպես ռուս իշխան՝ թեև որոշ տեղերում նշվում էր նրա հայազգի լինելը, հանդիպեցի ցարական Ռուսաստանի գրեթե բոլոր հանրագիտարաններում և պաշտոնյաների կատալոգային ցուցակներում, նույնիսկ գիտական աշխատություններում: Հետաքրքիր աշխատության հեղինակ է ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը իր՝ «Իշխան Ն.Ե.Ամատունին և նրա արշավախումբը Պարսից ծոցում (1904-1907 թթ.)» 2011թ. հրապարակած ուսումնասիրությամբ: Այստեղ բացահայտվում են Նիկոդիմոս Ամատունու այդ ժամանակաշրջանի կենսագրական տվյալներ: Ափսոս, որ Սանկտ Պետերբուրգի ռուսական ազգագրական թանգարանի Միջին Ասիայի և Կովկասի բաժնի առաջին կարգի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Սերգեյ Դմիտրիևը անակնկալ կերպով՝ 2013 թվականին, պատմական տեղանքի ուսումնասիրման ժամանակ, անհետանում է Ղազախստանի տափաստաններում: մինչև օրս նրա մասին տեղեկություն չկա:
    
     Այլապես Նիկոդիմոս Ամատունու մասին ավելին իմանալու համար՝ մեծ կլիներ նրա հետ անձնական փոխհարաբերություններ հաստատելու և համագործակցելու խնդիրը:
    
     Դմիտրիևը գիտնականներին մատնացույց էր անում՝ լուրջ ուսումնասիրության ենթարկել Նիկոդիմոս Ամատունու գործունեությունը, նա Ամատունուն դասում էր այն արևելագետ-տեսաբանների շարքին, ովքեր թեև այս բնագավառում հատուկ աշխատություններ չեն թողել, բայց բացառիկ պրակտիկ գործունեություն են ծավալել, հսկայական ներդրում են ունեցել Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի ազդեցության մեծացմանը:
    
     Ներկայիս Ռուսաստանի ազգագրական թանգարանը, որտեղ աշխատել է Դիմիտրիևը, նախկինում կոչվել է` իմպերատոր Ալեքսանդր 3-րդի ռուսական թանգարան: Այստեղ են պահվում Նիկոդիմոս Ամատունու Պարսից ծոց կատարած արշավանքի ամենատարբեր ցուցանմուշները՝ այդ թվում Նիկոդիմոս Ամատունու սեփական 250 նմուշի առարկաներ, որոնք այսօր էլ ցուցադրվում են:
    
     Մեզ համար ոչ պակաս արժեքավոր է 1996թ. Մոսկվայում հրատարակված «Ռուսական կայսրության ազնվական տոհմերը» («дварянские роди русские импери») գիրքը:
    
Գրքի 4-րդ հատորը հետագա հիմք հանդիսացավ լրացուցիչ ուսումնասիրությունների համար: ՈՒշագրավն այստեղ ներկայացվող Ամատունիների տոհմածառն է, որը խստիվ համընկնում է Օշականում ամատունիների մոտ գտնվող տոհմածառին՝ տարբերությամբ, որ Նիկոդիմոս Ամատունին ներկայացված է ուղիղ ժառանգական գծով՝ Հայրը Եսային, պապը՝ Ղազարը, վերջինիս հայրը՝ Գասպարը: Գրքի մեջ ճյուղավորումներով ներկայացրած է Գասպարի եղբոր` Սարգիսի տոհմածառը: Վերջինս էլ հիմք է դրել Թիֆլիսում ապրող Ամատունիների ճյուղին, որը պակաս կարևոր չէ հետազոտման առումով: Ամատունիների արժանի զավակների մասին պատմելիս, անշուշտ հիմք կընդունենք այս գծագիրը:
    
     Անհրաժեշտ ճշգրտումներ Նիկոդիմոս Ամատունու կենսագրության մեջ
    
    
Այժմ որոշ էական ճշգրտումներ Նիկոդիմոս Ամատունու կենսագրական տվյալներում: Նախ՝ անվան շուրջ որոշ բացատրություն: Աստվածաչնչում հանդիպող անուն է: Ռուսերեն գրվում է՝ Никодим: Հենց այս ձևով էլ՝ князь Никодим Аматуни, կամ Аматуни Никодим Исаевич ձևն առանց որևէ խնդրի շրջանառվում է ռուսական տարբեր աղբյուրներում: Ինչպես տեսնում եք՝ հայրանունը ռուսերեն գրությունում ևս փոփոխված է: Հայերեն ոչ թե Исаевич, այլ՝ Եսայու: Տոհմածառի հայկական շատ անուններ այս սկզբունքով փոփոխվել են: Այսպես. Ազարբեկը՝ Ազարյա, Հովհաննեսը՝ Իվան, Սարգիսը՝ Սերգեյ, Ղազարը՝ Լազար և այդպես շարունակ:

     Հունարեն ծագմամբ այս անունը՝ Νικόδημος, նշանակում է «հաղթանակած ժողովուրդ»: Էականը սակայն նա է, որ հայերեն Աստվածաշնչում անվան վերջին` ի տառը գրվում է՝ ե, այսինքն՝ ոչ թե Նիկոդիմ կամ Նիկոդիմոս, այլ՝ Նիկոդեմոս: Այս վերջին տարբերակով է Վիքիպեդիայում գրվել Նիկոդիմոսի անունը: Փաստն այն է, որ Օշականի ավագ քահանա Եսայի տեր Ամատունին իր որդուն անվանակոչել է, ոչ թե Նիկոդեմոս, այլ՝ Նիկոդիմոս:
     Նախքան ապացույց ներկայացնելը ճշտենք նրա բնակության վայրն ու տարեթիվը ևս, այնուհետև իմ այսքան տարիների ձեռք բերած համեստ տեղեկություններով կպատմեմ Ամատունի ազգանունը կրող ու մեզ անհայտ իսկական մտավորականի կյանքի մյուս դրվագների մասին:
    
     Ռուսական, վրացական ու նաև ֆրանսիական գրեթե բոլոր աղբյուրները վկայում են, որ Նիկոդիմոս Ամատունին ծնվել է 1865թ մայիսի 3-ին Թիֆլիսում և մահացել 1946թ. մարտի 4-ին Փարիզում:
    
     Հետաքրքիր է, որ նրա մասին ուսումնասիրություն կատարած Ռուսաստանի Սանկ Պետերբուրգի ազգագրական թանգարանի Միջին Ասիայի և Կովկասի բաժնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Վասիլևիչ Դմիտրիևը «Իշխան Ն.Ե.Ամատունին և նրա արշավախումբը Պարսից ծոցում (1904-1907 թթ.)» աշխատության մեջ գրել է, որ Նիկոդիմոս Իսայևիչ Ամատունին, հայ Առաքելական եկեղեցու հավատքի հետնորդ, ծնվել է 1862 թվականի մայիսի 3-ին: Ինչպես տեսնում եք, տարբերվող տարեթիվ: Հետաքրքրականը նաև այն է, որ գիտնականը չի նշել ծննդյան վայրը: Այն, որ Նիկոդիմոս Ամատունին Օշականում է ծնվել և այդ մասին ժամանակին անհերքելի կենդանի վկայություններ եմ լսել մեր բարեկամ-ազգակիցներից, կասկած չի հարուցում: Հենց այս փաստն էլ հանգիստ չտվեց երկարատև հետազոտություն կատարել Հայաստանի պետական արխիվում՝ մնում էր պարզել նրա ծննդյան տարեթիվը՝ ճիշտ է, թե՞ սխալ: Հայաստանի ազգային արխիվում բազմաթիվ օրերի պրպտումներից հետո, 1842-1879թվականների Օշականի եկեղեցու չափաբերական մատյանում՝ 1859 տարեթվի ներքո՝ գրված Օշական գյուղի մյուս քահանա Յոհակիմ Մելիքյանի ձեռամբ, հետևյալ արձանագրությանը հանդիպեցինք.
    
     «Եսայի Ղազարյան Ամատունի, օրինավոր կինը Մարգարիտ Գևորգի՝ ծնեց զավակ արու, ի հայոց դավանության» նշված է օրը՝ մայիսի 15, մկրտման օրը՝ 25: Գրանցված է մանկան անունը՝ Նիկոդիմոս, կողքի սյունակում գրված է՝ կնքահայրը «Նախիջևանից Գաբրիել տեր Աբրահամյան, վկա՝ տանուտեր Մկրտիչ տեր Մեսրոպյան»:
    
     Այսպիսով՝ Նիկոդիմոս Ամատունու ճշգրիտ ծննդյան տարեթիվն է, ոչ թե 1865-ը, կամ 1862-ը, այլ՝ 1859 թվականի մայիսի 15-ը, նոր տոմարով՝ ճիշտ մայիսի 3-ը (ՀԱԱ, ֆ.47, ց.1, գործ773): Դժվար է կռահել, ինչու՞ է փոխվել Նիկոդիմոս Ամատունու ծննդյան վայրն ու տարեթիվը, միգուցե՞ ուսումնառության, կամ այլ նկատառումներով այդպես հարմար է եղել:
    
     Մյուս փոքրիկ թյուրիմացությունը, որ պարզել ենք՝ կապված է նրա ծառայողական պաշտոնական դասին: Մասնավորապես հայկական վիքիպեդյայում և հետին թվով մի հուշագրությանը կցված ծանուցագրում՝ Ն.Ամատունուն վերջնականորեն ներկայացրել են Ռուսական կայսրության հինգերորդ կարգի իսկական պետական խորհրդական: Իհարկե, նա ժամանակին՝ սկսած 1890թ. անցել է ծառայողական տարբեր աստիճաններով, այդ թվում եղել է 5-րդ կարգի պետական խորհրդական՝ 1907-1911թվականներին: Պետք է նկատել, որ «պետական խորհրդականից» հետո, նրան շնորհվել է՝ «ԻՍԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ», ուրեմն՝ 5-րդ դասը դարձել է՝ 4-րդ: Ավելացնենք, որ միայն 4-րդ դասի խորհրդականներին էին հասու պետական այնպիսի պարգևների հանձնում, ինչպիսիք են Սուրբ Վլադիմիրի և Սուրբ Ստանիսլավի շքանշանները, որով Ամատունին պարգևատրվել է 1915-16թթ: Ի դեպ, 4-րդ կարգի խորհրդականներին՝ ըստ օրենքի, փոխանցվել է ազնվականության ժառանգական իրավունք:
    
     Նիկոդիմոս Ամատունու մասին մենք բավական հետաքրքիր տեղեկություններ ենք հավաքել՝ հենվելով ճշգրիտ աղբյուրներին:
    
     Այդ մասին մենք այս հոդվածում կանդրադառնանք հակիրճ՝ հետագայում հրապարակելու պայմանով:
    
     Այն ժամանակ, երբ ցարական պետության կենտրոնաձիգ քաղաքականությունը օրենքներ էր մշակում ռուսական ազդեցության գոտին ընդլայնելու և հակառակը՝ սահմանափակելու այլ ազգերի ինքնագիտակցության դրսևորումները, երբ այդ նպատակով փակվում էին ազգային դպրոցները, Նիկոդիմոս Ամատունին՝ հայրենի Օշական գյուղում, նոր ու շքեղ չորսդասյա գեղեցիկ դպրոցի կառուցման նախաձեռնողն ու նվիրատուն էր: Հայ իրականության մեջ սա բացառիկ երևույթ էր:
    
     Նրան հաճախ թույլատրում էին անթույլատրելին, քանզի նա ցարական պետության համար անում էր անկարելին: Ցարական պետությունը որտեղ նրան գործուղեր, ինչ աշխատանք հանձնարարեր՝ Ամատունին պատվով էր կատարում: Նրան գործուղում էին այնտեղ, որտեղ տվյալ ոլորտը կարգի պետք է բերվեր և գերակա էր պետական շահերի համար: Այդ էր պատճառը, որ նա աշխատանքային 20 տարվա ընթացքում պետական 14-րդ դասի ծառայողից՝ հասավ 4-րդին՝ «կոլեգիական ռեգիստրատորից» մինչև «պետական իսկական խորհրդականի» ՝ այն ժամանակվա պետական քաղաքականությունը ինքնուրույն մշակող պետական պաշտոնյայի. այն դեպքում, երբ «պետական խորհրդականից» ՝ «իսկական պետական խորհրդական» դառնալու համար 10 տարի է անհրաժեշտ: Ամատունին այդ ճանապարհն անցավ 4 տարում: Ի դեպ այս կարգն ստացողը ընդմիշտ ժառանգում էր ազնվական տիտղոս, որն արդեն վաղուց ուներ Ամատունին: Ամատունու մեզ հայտնի աշխատանքային դրվագների ու առանձին դետալների մասին առանձին-առանձին մենք կպատմենք մեր ընթերցողին: Կհամոզվեք թե ինչպիսի կազմակերպվածությամբ ու սրտացավությամբ է կարգի բերել իրեն վստահված ասպարեզը: Միևնույն ժամանակ Նիկոդիմոս Ամատունին անհանդուրժող էր կարգազանցներին և ուներ ազգային բարձր արժանապատվություն: Այս առնչությամբ, 1913 թ. Հայաստանում եղած ժամանակ, հետաքրքիր միջադեպ է գրանցվում Նիկոդիմոս Ամատունու և Երևանի նորանշանակ փոխնահանգապետ, Կոլեգիալ խորհրդական, իշխան Ալեքսեյ Չեգոդաևի միջև: Փոխնահանգապետը չի էլ պատկերացնում Ամատունու ազգային պատկանելիությունը և իր շանը արմյաշկա կանչելով՝ վիրավորում է վերջինիս ազգային ինքնասիրությունը: Արդյունքում ապտակ է ստանում Ամատունուց և գործը քննելուց հետո՝ զրկվում է պաշտոնից:
    
     Նիկոդիմոս Ամատունին հավատում էր, որ ցարական Ռուսաստանը թուրքերից հետ էր վերցնելու Հայաստանի մնացյալ մասը: Այդ ուղղությամբ, ցարի ու նրա բարձր շրջապատում, միշտ շոշափվում էր այդ հարցը: 1916 թվականի ռուսական և հայկական ուժերի հաղթանակը Երրորդ թուրքական դաշտային բանակի դեմ կասկած չէր հարուցում: Այդ ժամանակ իշխան Նիկոդիմոս Ամատունին Կարմիր Խաչի միավորման գլխավոր տնօրինության հյուսիս արևմտյան Ճակատի դաշտային Պահեստի պատասխանատու ղեկավարի պաշտոնից՝ 1916 թվականին նշանակվել էր Գերագույն Խորհրդի Պետրոգրադյան հատուկ հանձնաժողովի Հասարակության բաժնի մշտական անդամ, ավելի սերտ հարաբերություն ուներ ցարական ընտանիքի հետ և հետևում էր իրադարձությունների զարգացմանը: Նրա հորեղբոր որդիներից մեկը՝ Գառնիկ Ավագի
    
     Ամատունին, որն այդ տարիներին ցարական ռուսաստանի բանակի կազմում էր, շատ առիթներով է բարեկամներին ու իր ընկերներին պատմել, որ թուրքերը մեծամասամբ չեն էլ դիմադրել իրենց, իսկ 1917թվականին ռուս-հայկական զորամիավորումները պարզապես հրաման տվող չեն ունեցել և զինվորներից շատերը ինքնակամ լքել են ծառայությունը: Ցավոք, ժամանակները բարենպաստ չդասավորվեցին: 1917 թ. ձմռանը Ռուսաստանում տեղի ունեցած բոլշևիկների հեղափոխությունը կանգնեցրեց Ռուսական բանակի առաջխաղացումը՝ Արևմտյան Հայաստանում, ապա և քայքայեց Ռուսաստանի կովկասյան բանակը։
     Օսմանյան III դաշտային բանակը օգտվելով ժամանակի ընձեռած հնարավորությունից 1917-1918 թթ. ընթացքում հետ բերեց բոլոր այն տարածքները, որոնք կորցրել էր ռուսական և հայկական զորքերի հետ 1916 թ. մարտերում։ Ավելին՝ արդեն անխուսափելի պարտության եզրին կանգնած օսմանյան կայսրության զորքերը գրավեցին Կարսը, որը ռուսները ազատագրել էին դեռ 1877 թվականին:
    
     Բոլշևիկներին այդպես էլ Նիկոդիմոս Ամատունին չկարողացավ ներել, նա կանգնեց սպիտակների կողքին:
    
     1917թ բոլշևիկների իշխանության գալուց հետո՝ քաղաքացիական պատերազմի տարիներին Ն.Ի. Ամատունին Ռուսաստանի հարավում Վրանգելի հետ մասնակցում է սպիտակգվարդիականների շարժմանը:
     Մինչև վերջ ձգտում է պայքարել ու երկիրը զերծ պահել բոլշևիկյան հեղափոխության անկասելի տիրապետությունից:
     1920թ. Կարճ ժամանակ ընդգրկվում Ռուսաստանի Հարավային կառավարության կազմում, մասնակցում ֆինանսական և տնտեսական համագումարին:
    
     Կյանքի վերջին ժամանակահատվածում ապրել է Փարիզին մերձակա Սենտ Ժենեվև դը Բուա քաղաքի ռուսական տանը: Մահացել է 1946 թվականի մարտի 4-ին և թաղվել Սենտ Ժենեվև դը Բուա քաղաքի գերեզմանատանը՝ բոլշևիկյան կարգերին չհարմարված բազմաթիվ ականավոր ռուս մտավորականների, զինվորական, քաղաքական, մշակութային գործիչների կողքին: Եղբոր թոռան՝ իշխան Ամատունու և նրա որդի Գարեգինի հավաստմամբ, նա իր ունեցվածքը նվիրաբերել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը: Ցավոք նրա շիրմաքարը բարվոք վիճակում չէ և սպասում է իր բարերարին:
    
     Վահան Ամատունի
     Hay Azian
     «Նիդերլանդական օրագիր»
    
     Ամատունիների իշխանական տոհմի մասին այս նախագծի հեղինակն է «Նիդերլանդական օրագիրը»:
     Լուսանկարներն ու հոդվածաշարը հրապարակվում են առաջին անգամ: Հեղինակային իրավունքը պատկանում է՝ «Նիդերլանդական օրագրին»: Գրավոր հղումը՝ պարտադիր է:
    
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4122 | 0 | 0
Facebook