Օգոստոսի 12-ին Ս․Աստվածամոր Վերափոխման տոնին, Ախթալայի Ս. Աստվածածին վանքում պատմական օր էր։ Երկար դադարից հետո վերստին ղողանջեց Ախթալայի վանքի զանգը։ Զանգը վանքին նվիրել էին Պետրոսյան ընտանիքը, որոնց միջոցներով։ Զանգի ձեռքբերման դրամահավքը կազմակերպել էին Ուկրաինայի Հայոց Միության նախագահ Վիլեն Շատվորյանը և միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը։
Ախթալայի Ս․Աստվածածին վանքի ուխտի օրը Ս. Պատարագ մատուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Աղան աբեղա Երնջակյանը։ Ս․Պատարագի ընթացքում հավատացյալները կարողացան համբուրել Քրիստոսի Խաչափայտի մասունքը, որը օր առաջ Հաղբատավանքից բերվեց Ախթալայի վանք։
Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց խաղողօրհնեքի կարգ։ Կարգի ավարտին հոգևոր դասը հավատացյալների հետ թափոր կազմած շարժվեցին վանքի նոր զանգակատունը, որը կառուցվել էր Նյու Ջերսիի հոգևոր հովիվ Տ․Հակոբ քահանա Գևորգյանի, Ֆիլադելֆիայի հոգևոր հովիվ Տ․Աբրահամ քահանա Մալխասյանի, վանքի բարերար Արտակ Համբարձումյանի միջոցներով։ Զանգի օրհնությունից հետո վանքի վանահայր Տ․Հեթում քահանա Թարվերդյանի ձեռամբ հնչեցին զանգի առաջին ղողանջները։