Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Եզդիական հարսանիքի ավանդույթներ

23:16, չորեքշաբթի, 08 օգոստոսի, 2018 թ.
Եզդիական հարսանիքի ավանդույթներ

Փեսան, խնձորով խփում է հարսի գլխին, որ վերջինս հպատակվի՛:

Եզդիական հարսանիքի առաջին օրն է. գյուղում 7 գառ է մորթվել, ընդեղենով, մրգերով է զարդարվել ծառը, որը ավելի ուշ, ըստ ավանդության, ազաբ եղբայրը փողոցով տանելու է փեսայի տուն, ճանապարհին հանդիպած հարևանները փող են տալու, որպեսզի վերջինս հոգա իր ծախսերը: Օրինակ՝ հարսի տանը նա պետք է գնի միասնության խորհուրդ կրող բարձը: Հարսանիքի օրը զարդարված ծառը տղան թափ է տալու հարսի գլխին:

Ալագյազ գյուղում եզդիական հարսանիք է: Փեսայի հորաքույրը, չնայած տանը տիրող իրարանցմանը, ժամանակ է գտնում և մեզ պատմում է իրենց ավանդույթների մասին․

«Առաջ ծնողների համաձայնությամբ էր լինում ամուսնությունը, հիմա ուղղակի տղա-աղջիկ իրար հավանում ու որոշում են նշանվել: Բոլոր դեպքերում որքան հավանություն, սեր լինի, ծնողի միջամտությունը ու դերը մեծ է: Երիտասարդ են, զգացմունքները՝ մեծ, էներգիան՝ շատ, շատ հարցերում կարող են խաբվել: Մանավանդ հիմա աղջիկները շատ են խաբում տղաներին: Քչերն են, որ մաքուր, ազնիվ սիրով են իրար սիրում: 100-ից 70-ը ամուսնանում են՝ հարստությունը, աշխատանքը, դիրքը հաշվի առնելով: Մինչ հարսանիքը մեծ նշանդրություն են անում, ճոխ նվերներով, որից հետո որոշում են հարսանիքի օրը: Առաջ աղվեսի դերում հանդես եկող մարդը վազում էր, տեղեկացնում հարսի ընտանիքին, որ փեսայենք գալիս են: Եկողի վրա ջուր էին ցփնում՝ որպես առատության նշան: Ըստ հին ավանդույթի, տղայի ազգականները առաջ սայլերով, հիմա արդեն լիմուզինով, գնում են մեծ շուքով հարսին բերելու: Տղայի կողմից մեկը, ասենք ազաբ եղբայրը, պետք է հարսի հոր տանից գնի բարձը, հետո այն փեսային նվեր անի, որպեսզի հարս ու փեսա մի բարձի ծերանան», -պատմում Զինան:

Զինան նշեց, որ ավադույթներից շատերը ժամանակի հետ ուղղակի կուլ են գնացել, մնացել է պատմությունները դրանց մասին: Այժմ եզդի հարսները գլխաբաց են շրջում, բայց կար ժամանակ՝ հարսի գլուխը փաթաթված էր 7 գույնանի գլխաշորով, որը եզդիների խորհրդանիշ համարվող սիրամարգի պոչում առկա ծիածանի գույներն են:

Անդրադառնալով հարսի ուղղությամբ նետվող երեք խնձորների նշանակությանը, Զինան պատմում է. «Ինչու երեք խնձոր: Ադամը երեք անգամ ասաց Եվային՝ խնձոր մի կեր, մենք պետք է երկար ապրենք, Եվան չլսեց Ադամին, կերավ խնձորը, որն էլ նրա գլխին պատուհաս դարձավ: Փեսան խնձորով խփում է հարսին, որ վերջինս հպատակվի: Վախեցնում է, որ Ադամի Եվայի պատմությունը չկրկնվի»:

Հորաքույրն իր խոսքում նշեց, որ իր հարսանիքը ժամանակին ավելի ազգային ավանդույթներին համապատասխան է տեղի ունեցել: «2200 ռուբլի գլխագին (ղալիմ) եմ տվել էն ժամանակ», -նշեց նրա ամուսինը:

Երկուսն էլ ցավով նշեցին, որ տարեցտարի ավանադույթների նշանակությունը թուլանում է, շատ բաներ շրջանցում են, ժամանակակից շատ տարրեր, ազդեցություններ թափանցում են եզդիական հարսանիք: «Թոռանս երբ նշանեմ ռուսական, հայկական ծեսը պետք է հեռու մնա իմ ազգայինից»:

Անդրադառնալով խառն ամուսնություններին՝ տիկին Զինան նշեց, որ այժմ նման ամուսնությունները շատացել են, որն էլ տանում է դեպի ձուլում: Ասում է, որ առաջ նման քայլը անընդունելի էր, հիմա մարդիկ տրտնջում են, բայց անտարբեր են, իսկ տրտնջալն ու բոյկոտելը տարբեր բաներ են:

Ըստ ավանդույթի, հարսը սկեսրարի հետ պետք է չխոսի, մեծերի հետ բարձրաձայն խոսելու իրավունք չունի, տղամարդկանց հետ սեղան չի կարող նստել, սակայն այժմ շատ բան է փոխվել, ավանդույթի ուժը թուլացել է:

Ինչ վերաբերվում է աղջիկ «ուզելու» արարողակարգին, ապա, ըստ ավանդույթի, փեսան ընտանիքով գնում է աղջկան տեսնելու: Աղջկա հայրը խնդրում է, որ վերջինս ջուր բերի, հյուրասիրի փեսայի ընտանիքին: Եթե փեսայի ընտանիքը, փեսան հավանում են հարսին, արդեն երկրորդ կամ երրորդ անգամ գալիս են ձեռքը խնդրելու նպատակով, եթե ստանում են համաձայնություն, տեղի է ունենում նշանադրություն: Միայն նշանադրությունից հետո զույգը կարող է ժամադրվել:

Փեսայի բարեկամներից մեկը հարցին, թե արդյոք այդ երեք հանդիպումները բավական են, որպեսզի տղան ամուսնության որոշում կայացնի, պատասխանեց. «Սկզբում աղջկա արտաքինն ես հավանում, հետո միայն նշանդրությունից հետո հանդիպումների ժամանակ սկսում եք իրար ճանաչել: Մեզ մոտ բաժանությունները քիչ են, որովհետև լուրջ մտածելակերպ կա, եթե ընտրությունը կատարված է, ուրեմն պետք է ամեն ինչ անել, որպեսզի այն լավ ընթացք ունենա»:

Հարսանեկան արարողակարգում, և առհասարակ եզդիական մշակույթում, կարևոր նշանակություն ունի օժիտը, որը հրապարակավ ցուցադրում են, որպեսզի բոլորը տեսնեն՝ աղջկա ընտանիքը ինչ է տալիս: Օժիտում պետք է ընդգրկված լինի նաև բրդյա անկողին:

Հարսանիքի օրը տարայի մեջ լցված հինայի մեջ հարսն ու փեսան թաթախում են մատները: Սկուտեղին դրված տարայով նորապսակները շրջում են, հյուրերից յուրաքանչյուրը թրջում է մատը, այնուհետև սկուտեղի վրա փող դնում: Ինչ վերաբերվում է հարսի պարին. ապա այն տարբերվում է. Վերջինս հարսի մասնակցությամբ դանդաղ շուրջպար է՝ «գովանդ»:

Նշենք նաև, որ որպես արևապաշտ ազգ հարսին հայրական տնից հանում են այն ժամանակ, երբ արևը դեռ զենիթում է: Փեսայի միջնեկ հորաքույրը իր խոսքում նշեց. «Արևապաշտ պետք է ծնվես, խաչապաշտ ընկերուհիներիցս շատերն ասում են՝ կնքվիր, ասում եմ ՝ էդ ինչպես, ոնց որ ես ասեմ քեզ արի արևին պաշտիր, հարգում եմ քո խաչը, բայց իմը արևն է: Ամեն առավոտ կանգնում եմ դեմքով դեպի արևը, իմ աղոթքն անում: Արևապաշտ ենք, դրա համար էլ մեր հարսանիքներում արևի գույները գերակշռում են»:

Հարսանիքի երրորդ օրը մատաղ են անում ի նշան նրա, որ ամեն ինչ բարեհաջող անցավ:
     Դե իսկ կարմիր խնձորի ավանդույթն էլ իր հերթին սպասել չի տալիս:
    
     Մանե Գրիգորյան

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2792 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ