Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայ Առաքելական եկեղեցու նվիրյալ զավակները՝ աղանդավո՞ր, իսկ այս ուղղափառությունից շեղվածները՝ քույր եկեղեցի՞

Ազատ Խոսք
Մամուլի խոսնակ`
Ազատ Խոսք
15:14, ուրբաթ, 03 օգոստոսի, 2018 թ.
Հայ Առաքելական եկեղեցու նվիրյալ զավակները՝ աղանդավո՞ր, իսկ այս ուղղափառությունից շեղվածները՝ քույր եկեղեցի՞
     Այս օրերին, անդրադառնալով կաթողիկոսի դեմ ուղղված «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժմանը, իրենց Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ համարող որոշ անձինք իրավունք վերապահեցին հանուն Հայ Առաքելական եկեղեցու պայքարող եկեղեցու հավատավոր զավակներին մեղադրել հազար ու մի հանցանքի, այդ թվում` Հայ Առաքելական եկեղեցին քանդելու ու վարկաբեկելու մեջ։ Նման հայտարարություններ անողներին պետք է խնդրեմ ուսումնասիրել Հայ Առաքելական եկեղեցու (ի դեմս կաթողիկոս Գարեգին Բ-ի) և անգլիկանների երկարամյա հարաբերությունները։ Մինչ այդ ամփոփ կներկայացնեմ իմ ուսումնասիրության արդյունքները։
     Նախ նշեմ, որ Անգլիկան եկեղեցին բողոքական եկեղեցի է, որը ձևավորվել է 16-րդ դարում, երբ պառլամենտը «Գերագույնության ակտով» Հենրիխ 8-րդ թագավորին հայտարարեց Անգլիկան եկեղեցու առաջնորդ։ Այս ավանդույթը մինչև օրս չի փոխվել, և հենց միապետն է Անգլիկան եկեղեցու գլուխը: Ուղղափառ և անգլիկան (բողոքական) եկեղեցիների տարբերությունները շատ են, դրանց մանրամասնորեն անդրադարձել է Շենուդա հայրապետը իր՝ «Համեմատական աստվածաբանություն» գրքում:
     Հատկանշական է, որ դավանաբանական և ծիսական մի շարք տարբերություններին 21-րդ դարում ավելացան նորերը․ նախ՝ կանայք ևս իրավունք ստացան բարձրագույն նվիրապետության շարքերն անցնելու՝ անգիկանները ունեցան կին եպիսկոպոս, իսկ վերջին տարիներին Անգլիկան եկեղեցին ոչ միայն թույլատրում է համասեռամոլների ամուսնությունը, այլև ընդունում է իր շարքերում նման հոգևորականների առկայությունը։
     Պարզվում է՝ կաթողիկոսի վարած «եկեղեցաշեն» քաղաքականության արդյունքում, մենք բավականին սերտ հարաբերություն ունեք այս բողոքական եկեղեցու հետ.
     - 2013 թ-ից ի վեր անգլիկանները, Ջոն Բարքերի առաջնորդությամբ, գրեթե ամեն կիրակի պատարագ են մատուցել Երևանի Սբ․ Զորավոր եկեղեցում, մասնակիցների շարքերը օրեցօր համալրվել են նաև հայորդիներով։ Ի՞նչ պետք է հասկանա այս ամենը տեսնող հայորդին։ Մի՞թե սա գայթակղություն չէ։
     - Պատարագից զատ՝ Սբ. Զորավոր եկեղեցում աղանդից ու հերձվածից չզատվող այս եկեղեցին 2013-2017 թթ. իրականացրել է քարոզ, պսակադրություն, ոտնլվա և այլն։ Նման արարողություններ եղել են նաև Հառիճավանքում և Սբ․ Երրորդություն եկեղեցում։ Արդյունքում՝ անգլիկանները մեր «քթի տակ» հիմնեցին իրենց միաբանությունը, համայնքը, և դրա դեմ ոչ միայն խոսք չասվեց, այլև աջակցություն ցուցաբերվեց։ Ստացվում է, որ Գարեգին Բ-ն Հայ Առաքելական եկեղեցու քարոզչամեքենան հզորացնելու փոխարեն ջերմոցային պայմաններ է ստեղծել ու արտոնություններ տվել հենց այս այլասեռում տարածողներին։
     - Կանադայի Անգլիկան եկեղեցու հետ մեր հարաբերություններն այնքան են զարգացել, որ Հայր Իսահակ Պողոսյանը (այժմ՝ Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Իսահակ վարդապետ Պողոսյան), ով անգլիկանների շնորհած կրթաթոշակով սովորել է Տորոնտոյում, իր հարցազրույցում վերջիններիս քույր եկեղեցի է անվանում: Հայ Առաքելական եկեղեցու նվիրյալ զավակները՝ աղանդավո՞ր, իսկ այս ուղղափառությունից շեղվածները՝ քույր եկեղեցի՞։ Սա, իհարկե, ամենը չէ, անհանգստացողները ուսումնասիրելով ավելին կգտնեն, ու վստահաբար ոչ հաճելիորեն կզարմանան։
     Այսքանից հետո «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման անդամների վրա քար շպրտողներին խորհուրդ կտամ երկար մտածել, քանի որ այդ քարը նետվում է նրանց վրա, ովքեր պայքարում են եկեղեցին նման արատավոր երևույթներից ազատելու համար։ Կաթողիկոսը Հայ Առաքելական եկեղեցին չէ, ու նրան եկեղեցուց վեր դասելն ուղղակի անընդունելի է։
    
     Հ․Գ․
     Հարգելի՛ հոգևորականներ, Ռուբե՛ն վարդապետ Զարգարյան, կուզեի իմանալ Ձեր կարծիքն այս երևույթի մասին, քանի որ ուսումնասիրությանս ընթացքում Ձեզնից որևէ մեկի դիրքորոշումն ինձ չհանդիպեց։
    
     Գայանե Թունյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5184 | 0 | 0
Facebook