Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Իմ Հայաստան» խորագրով ցերեկույթ Ալմելոյի հայկական դպրոցում

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
17:50, երկուշաբթի, 23 հուլիսի, 2018 թ.
«Իմ Հայաստան» խորագրով ցերեկույթ Ալմելոյի հայկական դպրոցում
     Նիդերլանդների Ալմելո քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հայկական եկեղեցում գործող «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի 14-րդ ուսումնական տարվա ավարտական ցերեկույթը այս տարի նվիրված էր մեր նոր ու հին հայրենիքին։ Օրվա թեման էր՝ «Իմ Հայաստան» ։ Ցերեկույթին ներկա էր Ֆրանսիայից ժամանած Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, -այս մասին «Նիդերլանդական օրագրին» հայտնել է Սվետլանա Անդրեսյանը:
Ներկաները երկար կհիշեն այդ օրվա հայրենասիրական միջոցառումը. կարմիր, կապույտ, ծիրանագույնով, Հայաստանին բնորոշ բոլոր խորհրդանիշերով զարդարված տոնական դահլիճը, երեխաների հայրենաշունչ ելույթները։ Տպավորիչ էր նաև ավագ խմբերի աշակերտների նկարչական աշխատանքների «Հայաստանն իմ աչքերով» թեմատիկ ցուցահանդեսը։
Ցերեկույթի ընթացքում աշակերտները ներկայացրին Հայաստանը, հայրենիքի նկատմամբ ունեցած սերը խոսքերի, երգերի, պարերի միջոցով։ Նրանք ցուցադրեցին հայկական ուտեստների պատրաստման եղանակներ։ Ինչպես միշտ, ներկաներին բավականություն պատճառեց «Զարթոնք» պարային համույթի ելույթը։ Հայոց լեզվի 50-ժամյա դասընթացները հաջողությամբ ավարտած մեծերի խմբի անդամները ստացան մասնակցության հավաստագրեր։
Դպրոցի դասարաններից մեկն անվանակոչվեց դպրոցի նախկին տնօրեն, արժանահիշատակ Մանուկ Մկրտչյանի անունով։ Ուսուցչուհի Թամարա Հակոբյանի պատրաստած հայկական խորհրդանիշներով ձևավորված համեղ տորթը կտրելուց հետո, երեխաները դուրս եկան բակ և դեպի երկինք ուղարկեցին կարմիր կապույտ ծիրանագույն փուչիկները։ Ցերեկույթն ավարտվեց հյուրասիրությամբ և երգիչ Հակոբ Յաղլջյանի հայրենասիրական երգերի համերգով։
Հաջորդ օրը, դպրոցական տարվա վերջին կիրակին, դպրոցի աշակերտները, ուսուցիչները և ծնողները հավաքվեցին հետաքրքիր ժամանցային վայրում, որտեղ մինչ երեխաները խաղում էին, մեծերը պատրաստեցին հայկական ավանդական խորովածը։
Երրորդ՝ երկուշաբթի օրը, ուսուցիչների և ծնողական կոմիտեի անդամների մասնակցությամբ, տարեվերջյան հաշվետու ժաղովն էր և նոր ուսումնական տարվա ծրագրերի քննարկումը, որը նորից ավարտվեց խնջույքով։
Եկեղեցու վարչության նախագահ Օնիկ Գելիջին կիրակնօրյա դպրոցի անցած ուսումնական տարին գնահատեց որպես հաջողված տարի։ Հայրենիքից հեռու բնակվող հայի համար փոքր հայրենիք է հայկական եկեղեցին և դպրոցը։ Դպրոցի առաքելությունն է՝ մայրենի լեզուն, հայկական մշակույթն ու պատմությունը սերունդներին փոխանցելը, նրանց հայեցի դաստիարակելը։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2859 | 0 | 0
Facebook