Վարդավառի տոնին նվիրված գլխավոր և ամենամարդաշատ միջոցառումը, ավանդույթի համաձայն, տեղի է ունեցել մայրաքաղաքի Կարապի լճում: Երևանի քաղաքապետարանն այստեղ ապահովել էր բոլոր պայմանները՝ ուրախ ջրային խաղերի և անմոռանալի ժամանցի համար:
Միջոցառմանը մասնակցում էին տարբեր տարիքի բազմաթիվ մարդիկ՝ երեխաներ, պատանիներ, երիտասարդներ, ավագ սերնդի ներկայացուցիչներ: Ջրային զվարճանքին միանում էին նաև անցորդներն ու մայրաքաղաքի հյուրերը: Խաղերի ընթացքում ջրցան մեքենաները հզոր շիթերով ջուր են ցայել զվարճանքի մասնակիցների վրա, վերջիններս էլ ապահովված են եղել դույլերով:
Ուրախ միջոցառումն ուղեկցվել է ռիթմիկ երաժշտությամբ, ինչն էլ ապահովել է ժամանցի «խելահեղ» մթնոլորտը: