Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Բեմի հանդեպ սերը եղել է փոքրուց: Տատիկիս շնորհիվ սիրեցի երաժշտությունը...»

Աննա Սարգսյան
14:02, կիրակի, 24 հունիսի, 2018 թ.
«Բեմի հանդեպ սերը եղել է փոքրուց: Տատիկիս շնորհիվ սիրեցի երաժշտությունը...»

«Եթե մարդը դառնում է հայտնի, ապա այդ հայտնիությունը հասարակության շնորհիվ է, ու միշտ պետք է հասարակությանը շնորհակալ լինել: Երբ փողոցում մոտենում ստորագրություն կամ նկար են ուզում, դա տևում է տաս վայրկյան, իսկ էդ ընթացքում ոչ մի «աստղ» չի մարի: Չեմ ընդունում էդպիսի «հայտնիների», ովքեր մերժում են երկրպագուներին: »
     Զրուցակիցս իտալահայ երգահան, երգիչ, ռեժիսոր, հոգեբան և դերասան Էդգար Հովսեփյանն է:
    
     -Պարոն Հովսեփյան, ինչպե՞ս սկսեցիք Ձեր կարիերան և որո՞նք եղան Ձեր առաջին քայլերը շոու բիզնեսում:
     -Բեմի հանդեպ սերը եղել է փոքրուց: Տատիկիս շնորհիվ սիրեցի երաժշտությունը, իսկ գործիքներից՝ դաշնամուրը, ամենաշատը: Երբ մեծացա, սկսեցի խմբում նվագել ու աշխատել լողափում, որպես անիմատոր-երաժիշտ: Ճիշտ է, դա եղել է աշխատանք զուտ հաճույքի համար, որովհետև մեր վաստակած գումարը չնչին էր, բայց անում էի այն, ինչ սիրում էի, և ամենակարևորրը՝ իմ խմբի հետ: Հետո ժամանակի ընթացքում եկավ մեծ բեմը, թատրոնը և այլ բեմեր ևս:
    
    
-Իսկ ո՞վ էր Էդգարը մինչև մուտք գործելը շոու բիզնես:
     -Սա նույնն է, որ ասենք, թե ով էր Edgar-ը մինչև Eddy դառնալը: Իրականում նույն մարդը, ով հիմա եմ, ուղղակի մի քանի սպիտակ մազ և տարիքի մեջ թվեր ավելացած: Հիմնականում նույն կյանքը սիրողը, ամեն փոքր բանի մեջ մեծություն փնտրողը: Քանի որ կյանքն ինքնին կարճ է, պետք է սովորել ուրախանալ չնչին բաներով:
    
    
-Որո՞նք են եղել Ձեր առաջին հաջողություններն ու անհաջողությունները:
     -Առաջին հաջողությունս եղել է երևի թե այն, որ հանդիսատեսը հասկացել և ընդունել է նամակս, որ փորձել եմ հասցնել թե՛ երգերիս միջոցով, և թե՛ որպես դերասան: Հաջողություն է, երբ դու կարողանում ես ինքդ քեզ նայել հանդիսատեսի աչքերով, չնայած, որ արդեն գտնվում ես բեմի վրա: Իսկ անհաջողություն չեմ կարող ասել, քանի որ չեմ հավատում անհաջողությանը: Կյանքում ինչ լինում է, լինում է մեր իսկ ձեռքերով, թե՛ լավը, թե՛ վատը: Եթե մի բան չի ստացվում, պետք է սովորենք քննել ինքներս մեզ, ոչ թե համարել անհաջողություն ու թողնել, որ այն հետք թողնի մեր կյանքում:
    
     -
Երբ կատարեցիք Ձեր առաջին քայլերը շոու բիզնեսում, մտածու՞մ էիք, որ կհասնեք այն ամենին, ինչ ունեք հիմա:
     -Մտածված քայլեր իսկզբանե չեմ արել, ուղղակի սկսել եմ անել այն, ինչը սիրում եմ. ուրախացնել մարդկանց: Հասնել ինչ-որ մի բանի իմ գործում՝ կախված է հանդիսատեսից: Իմ բախտը բերել է, որ կարողացել եմ համատեղել աշխատանքը և սիրած զբաղմունքը: Ցավոք սրտի շատ երիտասարդներ հիմա չեն կարողանում դա անել, դա մեր օրերի բեմական ասպարեզի մեծ խնդիրն է:
    

     -Ո՞րն է Ձեր ոգեշնչման աղբյուրը ստեղծագործելիս:
    
-Բնությունը: Ես շատ եմ սիրում այն ամենը, ինչը կապված է բնության հետ: Նույնիսկ այգում ուղղակի նստելիս մուսսան ավելի արագ է գալիս, քան ինչ-որ պատերի ներսում:
    
    
-Սիրու՞մ եք միայնությունը:
    
- Շա՜տ: Ես առաջ առհասարակ մարդաշատ տեղերից ֆոբիա ունեի: Միշտ ուզում էի մենակ մնալ: Չէի սիրում երբ ինձ նկատում էին: Ու հիմա, երբ գրեթե շանս չկա մենակ մնալու, էլ ավելի եմ գնահատում ու կարոտում մենակությունը:
    
    
-Ինչպիսի՞ն է Էդգար Հովսեփյանը աշխատանքի մեջ, և ինչպիսի՞ն է Էդգարը կյանքում:
    
- Աշխատանքի մեջ անտանելի: Ես սիրում եմ աշխատանքում իդեալականություն: Ուշադիր եմ ամեն մի մանրուքի վրա: Իսկ աշխատանքից դուրս, ինչպես ընկերներս են ասում, մանուկ եմ: Հավաքույթների ժամանակ ամենաչար բալիկն եմ (ծիծաղում է):
    
     -
Աշխատանքի մեջ երբևէ հիասթափություն ունեցե՞լ եք:
    
-Ոչ, բարեբախտաբար չեմ ունեցել:
    
     -
Իսկ կարգախոս ունե՞ք, որով առաջնորդվում եք:
    
-Ես լինելով արդեն որոշ չափով հռոմեացի, կցիտեմ Կայսր Մարկո Աոտելիոյի խոսքերից մեկը. «Մահը բոլորիս է ժպտում, մենք էլ պիտի լինենք շնորքով և նրան ի պատասխան ժպտանք»: Կյանքը պիտի ապրենք ժպիտով և լինենք ուրախ, չէ՞ որ մեր օրերում այն լի է դժբախտություններով:
    
     -
Մոտ ապագայում կլինի՞ երգի կամ ֆիլմի պրեմիերա:
     -
Այդ ուղղությամբ աշխատում ենք: Հուսով ենք, որ մոտակա երկու տարիների ընթացքում կկարողանանք վերջնական հայտարարել հայ-իտալական ֆիլմի մասին: Աշխատանքները տարվում են մի մեծ և պրոֆեսիոնալ թիմի կողմից: Իսկ ինչը վերաբերվում է երգին, ապա մոտակա ամիսներս անպայման կլինի նոր պրեմիերա, հեղինակային, բայց ոչ իմ կատարմամբ, այլ հայտնի իտալացի արտիստի կողմից:
    
    
Ավելացնեմ նաև, որ Էդգար Հովսեփյանը վերջերս անդրադառնալով Հայաստանում կատարվելիք «Թավշյա հեղափոխությանը» և այն հայ հայտնիներին, ովքեր այդպես էլ չմիացան շարժմանը, իր ֆեյսբուքյան էջում իր բացասական վերաբերմունքն էր արտահայտել նրանց նկատմամբ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4774 | 0 | 0
Facebook