Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նոր բացահայտումներ Հայր Կորյունի մասին

19:40, չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ.
Նոր բացահայտումներ Հայր Կորյունի մասին

Կորյունն ամեն օր ժամանում է Սուրբ Աննա եկեղեցու բակը և փորձում քննադատել այն Հայրապետին, որի ջանքերով և օրհնությամբ է վեր խոյացել այդ եկեղեցին
    
     Հայր Կորյունը, որ փորձում է բոլորին ցնցել ու զարմացնել իր «սակավապետությամբ», իր «անբասիր» ու «սրբակենցաղ» վարքուբարքուվ, կա՛մ իմ իմացած Կորյունը չէ, կա՛մ այդպես է ձևանում։ Ինքը սիրում է բոլորին քննադատել, թե մեքենաներ, դղյակներ ունեն, որ մարդ հուզված մտածի, թե այս խեղճը, հավանաբար, ոտքով է շրջում, անձավներում է ննջում և սնվում է բացառապես մորեխով ու որդերով։ Կամ, եթե անգամ, ստիպված է լինում, ասենք տաքսի պատվիրել, հատուկ շեշտում է, թե՝ «Մի փտած զապո ուղարկեք» ։ Իսկ եթե հյուրընկալվում է մի վայրում, ուր իրեն՝ սակավապետին, փափուկ և տաքուկ անկողին են հրամցնում, միևնույնն է՝ ինքը սառն ու չոր գետնին է մեկնվում։ Նույնը նաև ուտելիքի հարցում, երբ հավատացյալները որևէ համադամ խորտիկ են հյուրասիրում, Կորյունն այնքան է պահում դա, մինչև որդնոտի, և նոր միայն ինքը սկսի ճաշակել խաղաղությամբ։ Բայց այս ամենը facebook և youtube տիրույթներում է, իսկ իրական կյանքում՝ փորձե՛ք պատկերացնել Կորյունին ուկրաինացի ավտոգործների գլուխգործոցի մեջ խցկվելիս, կամ մորեխ ուտելիս։ Սրանք արդեն մաթեմատիկական խնդրի են վերածվում՝ օրական քանի՞ մորեխ պետք է ուտեր Կորյունը՝ 100 և ավելի կիլոգրամ քաշ հավաքելու համար, կամ քանի՞ կիլոգրամից հետո այլևս պիտի չկարողանար զապ նստել։ Անշուշտ այս է պատճառը, որ Կորյունը, ստիպված, տարիների, ամիսների և օրերի իր աշխատավարձը կոպեկ-կոպեկ կուտակելով, քաղցած և անոթի կյանք վարելով, դրամը լումայի վրա դնելով հավաքեց ու մի կերպ-մի կերպ «մի խղճուկ և համեստ» Toyota Land Cruiser առավ։ Ի՜նչ աներ, «խեղճի» փողը հազիվ դրան հերիքեց։ Ինքն ուզում էր ինքնաթիռ գնել, որ Աստծուն մոտ գտնվի, բայց ստիպված եղավ զոհ գնալ «սակավապետությանը» և բավարարվել եղածով։ Իհարկե, ինքը կհրաժարվի, կասի, որ մեքենան ընդհանրապես իրենը չի, կամ իր անձնական-սեփական հոտի քրեաօլիգարխներն են նվիրել, տեսնելով, որ ինքն «անսահման հավատքի» տեր մարդ է։ Իսկ ինքը, որքան էլ փորձում էր հրաժարվել այդ «եղկելի» նվերից, անգամ խոստովանում էր, որ իր Jeep Cherokee-ին լիուլի բավարար է, այնուամենայնիվ այդ քրեաօլիգարշելիները ստիպեցին, որ Տոյոտան էլ վերցնի։ Երևի հենց դա է պատճառը, որ երբ ուխտավորներ էին գալիս Գնդեվանք և իր հետ հանդիպում էին խնդրում, նախապես ինքը մերժում էր՝ ձևանալով թե աղոթքով է զբաղված, բայց երբ տեղեկանում էր, որ եկողները նվիրատվություն անելու մտադրությամբ են ժամանել, անմիջապես դադարեցնում էր հոգևոր հարստություններ դիզելու գործընթացը և շտապում էր աշխարհային հարստություններն ընդունելու։
     Նույնը նաև կացարանի հարցում՝ ինքը երազում էր գետնամած, բաց երկնքի տակ գիշերել, բայց իր հեզաբարո կամքին հակառակ ընտիրագույն պայմաններով մի այնպիսի սենյակ տրամադրեցին Սուրբ Գայանե վանքում, որ գայթակղվելով՝ ոչ միայն ինքը, այլ նաև հեռու-մոտիկ, ծանոթ-անծանոթներին բերեց տեղավորեց այնտեղ՝ բոլորին «ձևակերպելով» իբրև հոգևոր եղբայրներ, մինչդեռ նման քայլ կատարելու ո՛չ թույլտվություն ուներ, ո՛չ արտոնություն, ո՛չ իրավունք։ Նույն չեղած իրավունքով Կորյունը ամեն օր ժամանում է Սուրբ Աննա եկեղեցու բակը և փորձում քննադատել այն Հայրապետին, որի ջանքերով և օրհնությամբ է վեր խոյացել այդ եկեղեցին, կառուցվել նստավայրը և բարեկարգվել բակը։ Ի՞նչ է արել կյանքում տեր Կորյունը, կառուցե՞լ է, շենացրե՞լ է, գոնե նորոգե՞լ է մի եկեղեցի, մի վանք, մի մատուռ։ Եթե արել է, թո՛ղ գնա, իր կառուցածի առջև կանգնի և այնտեղ սկսի գլխին զոռ տալ։
     Ճիշտ է՝ «գլխին զոռ տալը» ես գրեցի աշխարհաբարով, բայց այն լիովին կարելի է հասկանալ նաև գրաբարով և հենց այդ իմաստով է այն ուղղվում Կորյունին՝ վերածվելով հորդորի, որ պետք չէ՝ «զոռ տալ» ։
     Հ. Գ.
     Ինչ վերաբերում է նախկին ուսխորհուրդական (կառույց, որ ամենավարկաբեկվածների շարքում առաջիններից է) Կարեն Պետրոսյանին, որ սիրում է որպես Առաքելական Եկեղեցու գառ հանդես գալ, պիտի խնդրեմ հաշվի առնել տարիքային չափորոշիչները և գառների խմբից սահուն անցում կատարել դեպի ավագ խումբ, որ այլ անունով է բնորոշվում։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3751 | 0 | 0
Facebook