Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԿԱՊՈւՏԱՉՅԱ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՔՄԱՀԱՃՈւՅՔՆԵՐԸ

20:14, երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ.
ԿԱՊՈւՏԱՉՅԱ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՔՄԱՀԱՃՈւՅՔՆԵՐԸ

Ասում են կապուտաչյա մարդիկ քմահաճ են:

Գուցե կյանքն է՞լ է կապուտաչյա, որ շատ են նրա քմահաճույքները ևս. գուցե…


    

Մեր օրերում ամպագոռգոռ ճառեր կարդալը սովորական բնույթ է կրում: ոչ ոք պատասխանատու չի իր ասածի համար: Եվ արդեն վաղուց ի վեր դա չի զարմացնում մեր հասարակությանը:

Խոսքս ավելի կոնկրետացնեմ, որ ոմանց մեջ թյուր կարծիք չառաջանա, թե դժգոհ եմ բոլորից և ամեն ինչից:

Ուզում եմ անդրադառնալ հաշմանդամների հանդեպ անտարբեր վերաբերմունքին: Գուցե հիմա որոշ մարդիկ ծառս եղան, թե «Սու’տ է, մենք անտարբեր չենք վերջիններիս հանդեպ»: Այդ անհատները ողջ ժողովրդի մեկ տոկոսն էլ երևի չկազմեն: Իսկ մեծամասնությունը միայն սեփական «ԵՍ» -ի մասին է մտծում:

Ես ի նկատի ունեմ հաշմանդամների համար անհասանելի կառույցները (խանութ, դեղատուն, աշխատավայր, ինչու՞ չէ՝ նաև գեղեցկության սրահ և այլն) և տրանսպորտը:

Գեղեցիկ են բոլոր կառույցներն իրենց ճչան հարդարանքներով, բան չունեմ ասելու, բայց հաշմանդամի համար անահարմարավետ ու անհասանելի: Եվ ինչու՞ ցանկացած շենքի ճարտարապետական գծագրի մեջ բաց է թողնվում, հաշվի չի առնվում մի շատ կարևոր հանգամանք. հաշմանդամին հասանելիության հանգամանքը: Վերջինս ինչպե՞ս պիտի օգտվի այդ հիասքանչ շինություններից, երբ բացակայում է հարթակը և ամենուեք բարդ ճարտարապետական կառույց ունեցող աստիճաններ են: Շատ անգամ դրանք դժվարություն են առողջ մարդկանց համար, ուր մնաց հաշմանդամի համար:

Արտերկրում ոչ մի շենք չի հանձնվում շահագործման, քանի դեռ չկա հարթակ:

Թե՞ մեր երկրում կարծում են, որ հաշմանդամը երբեք չի հիվանդանում, որ դիմի բժշկի կամ դեղատուն գնա: Երբեք չի սովածանում, որ խանութ մտնի: Կամ նրանց թվում է, թե հաշմանդամը չունի, թեկուզ չնչին, հարդարման կարիք, որ թեկուզ հազվադեպ, բայց հաճախի գեղեցկության սրահ:

Իսկ բնակելի շենքերի մասին ի՞նչ ասել: Այսօրվա շենքերը գրեթե ոչ մեկը չունեն վերելակ: Ժամանակի ընթացքում պատճառաբանեցին, թե աղետի գոտուն պետք են ցածրահարկ շենքեր, որ երկրաշարժերի ժամանակ փլզումներ ու զոհեր քիչ լինեն: Ու նորից պլանից դուրս մնացին վերելակ ու հարթակ հասկացությունները: Բայց թեկուզ մեկ հարկ, այդ խեղճ հաշմանդմն ինչպե՞ս է բարձրանալու: Թեկուզ հենց առաջին հարկի իրեն բնակարանն ինչպե՞ս մտնի, երբ միայն անունով է առաջին հարկ, բայց գետնից բարձրությունը չափազանց է ու նորից տեղադրված են վտանգ ներկայացնող աստիճաններ: Թե՞ մի կերպ տուն մտնելով նա էլ դուրս ելնելու մասին չպիտի մտածի: Ամբողջ կյանքը պիտի անցկացնի պատուհանից գլխիկոր դուրս նայելով ու ջերմ արևին և դրսի օդին կարոտելով:

Էլ չեմ խոսում տրանսպորտի մասին: Բայց չէ՞ որ այսօր գիտությունն այնքան է զարգացած, որ հնարավոր է ստեղծել այնպիսի տրանսպորտ, որից կօգտվի նաև սայլակով հաշմանդամն ու մյուս հաշմանդամները:

Բայց կարելի է չէ՞ այդ խնդիրներին լուծում տալ, որոնք որոշ չափով կբարելավեն հաշմանդամի վիճակն ու կվերացնեն տարբերությունը առողջ մարդու և հաշմանդամի միջև: Այո՛, կարելի է դրանք լուծելի դարձնել ու հետո ասել՝ հաշմանդամը հասարակության լիիրավ անձ է:

Բա որ այդ պահին ինչ-որ տեղից դուրս գա նույն հաշմանդամն ու գոռա. «Սո՛ւտ է» և այդ ճառ արտասանողի գլխին թափի իր բազմահազար խնդիրները` նա ի՞նչ է ասելու: Հետաքրքիր է:

Կամ ինչպե՞ս աչք փակել այն խնդրի առաջ, որ չկան մեր երկրում աշխատատեղեր հաշմանդամի համար: Լավ, լրիվ հոռետես չերևալու համար ասենք, որ որոշ չնչին բաներ կան, բայց մի՞թե դա կարելի է բավարար համարել. իհարկե ո’չ: Հաշմանդամի համար նախատեսված աշխատատեղերը պիտի մասսայական բնույթ կրեն, ինչպես առողջ մարդկանց համար: Թեպետ այսօր վերջիններս էլ են կանգնած նույն խնդրի առաջ, բայց դա, իմ կարծիքով չափանիշ չի, որ բարձիթողի անեն հաշմանդամին:

Չեմ ժխտում, կան ՀԿ-ներ, բայց դրանք զբաղմունքային կետեր են և չեն էլ վարձատրվում: Իսկ հաշմանդամն իչո՞վ պիտի ապրի…

Հենց սա՛ է, որ գերխնդիր ու գերհարց է հաշմանդամի համար ու խորհելու տեղիք է տալիս մեր երկրում:

Այս փաստի վրա պիտի խորհեն վերին ատյանների մեր հարգարժան պարոնները: Ոչ թե առիթի դեպքում միայն խրոխտ ճարտասանությամբ զբավեն, իսկ հետո չհիշեն էլ իրենց իսկ բառերը:

Երբ որևէ նորակառույց է շահագործման հանձնվում՝ ուրախանում ենք բոլորս, ծափահարում, շուքով բացում կազմակերպում: Լավ է, գովելի փաստ, որ մեր երկիրը, մեր քաղաքը համալրվեց ևս մի հոյակերտ շինությամբ: Սակայն… անկեղծ լինենք: Կյանքում գետ մեկ անգամ նայենք դառը ճշմարտության աչքերին. այդ պահին ո՞վ է հիշում հաշմանդամին՝ ոչ ոք:

Դե, ուրեմն եկեք սթափվե՛նք, հաշմանդամին էլ տեղ տանք մեր կյանքում: Առանց իրարից նեղանալու կամ ինչ-որ բառեր ու խոսքեր իրար վրա բարդելու նրան իսկապես դարձնենք հասարակության լիիրավ անձ, ինչպես հաճախ ասում ենք մենք մեր բերանով:

Եկեք ինքներս մեզ հարց տանք. հաշմանդամն առողջ մարդուց ինչո՞վ է տարբերվում: Պատասխանը պարզ է և գիտի յուրաքանչյուրը՝ սոսկ միայն ֆիզիկապես: Դե, ուրեմն եկեք չթողնենք, որ շատ խելացիներ ՙժանգոտվեն՚ այդ չնչին տարբերության պատճառով: Եվ չթողնենք, որ նրանց մեջ ձևավորվի մի այնպսի հոգեբանություն, որը կոչվում է օտարման ու կոմպլեքսի հոգեբանություն:


    

Հոգեբան՝ Մարինե Մանուկյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5439 | 0 | 0
Facebook