Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Գրքի հոտը ոչ մի նորագույն տեխնոլոգիա չի կարող փոխանցել»

22:16, երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ.
«Գրքի հոտը ոչ մի նորագույն տեխնոլոգիա չի կարող փոխանցել»
     Ինտերնետայի՞ն, թե՞ ավանդական գրքեր՝ մեր հարցախույզը
     Այսօր համացանցը մեր կյանքի անբաժան մասն է կազմում, նույնիսկ գրքերը սկսել ենք ընթերցել համակարգչի միջոցով: Հարյուրավոր կայքեր նվիրված են տարբեր ազգերի գրականությանը, այստեղ կարող ես գտնել ինչպես հայտնի, այնպես էլ նորահայտ գրողների ստեղծագործությունները, մի խոսքով, ստացվում է այնպես, որ ինտերնետային գրքերը հետզհետե հետին պլան են մղում ավանդական գրքերին: Թե ինչ գրքերին են նախապատվությունը տալիս մեր համաքաղաքացիները, փորձեցինք պարզել պատահական անցորդներից:
     Սոնան պատմում է, որ միանշանակ կողմ է ավանդական գրքերին, ասում է. «Գրքի հոտը ոչ մի նորագույն տեխնոլոգիա չի կարող փոխանցել: Ուրիշ է՝ էջերը թերթելով ու վայելելով գիրք կարդալը: Համակարգիչը նաեւ վնաս է տեսողությանը, երկար նայելու դեպքում ճառագայթները վնասում են աչքերը»:
     Հայկն էլ նշեց, որ զբաղվածության եւ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի կարողանում տպագիր գրքեր ընթերցել: Այդ իսկ պատճառով օգտվում է համացանցում առկա էլեկտրոնային գրադարաններից, ու այստեղ ամեն ինչ ավելի արագ է ստացվում: Մեզ հետ զրուցած Մարիամի կարծիքով. «Տպագիր գրքի պակաս կա, երբեմն անհրաժեշտ գրականություն գտնելը շատ դժվար է լինում: Երբ փնտրում ենք այն եւ չենք գտնում գրախանութներում եւ գրադարաններում, ապա այդ ժամանակ, բնականաբար, օգնության է գալիս ինտերնետը»:
     Թեմայի շուրջ խոսեցինք նաեւ բժշկուհի Արմինե Բագրատյանի հետ: Նա պնդում է, որ համակարգիչը չի վնասում աչքերը, եթե ամեն կես ժամը մեկ մի քանի րոպեով հանգստացնում ես: «21-րդ դարն է, առանց համակարգչի հնարավոր չէ: Պետք է օգտվել, իհարկե, նաեւ ավանդական գրքերից, սակայն ինտերնետային գրքերն էլ իրենց տեղն ունեն: Պարզապես պետք է ճիշտ օգտվել համակարգչից՝ աչքերի տեսողությունը պահպանելու համար: Կրել պաշտպանիչ ակնոց, կամ գոնե ամեն կես ժամը մեկ մի քանի րոպեով հանգստացնել աչքերը, դուրս գալ մաքուր օդ շնչելու» – նշեց բժշկուհին:
     Ինտերնետայի՞ն, թե՞ ավանդական գրքեր, ի վերջո կարեւորն ընթերցելն է ու շարունակաբար ինքնակրթությամբ զբաղվելը: Մեզ հետ զրուցած երիտասարդները չեն «կիսում» այն կարծիքը, թե ընթերցանության ճգնաժամ կա, ասում են՝ պարզապես ընթերցելու եղանակներն են փոխվել:
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
7175 | 0 | 0
Facebook