Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Մոդայիկ» մասնագիտությունների ու նախասիրության արանքում

13:13, երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ.
«Մոդայիկ» մասնագիտությունների ու նախասիրության արանքում
     Հաճախ կարելի է լսել, թե ճիշտ ընտրված մասնագիտությունը ապահովում է հաջողակ կարիերա: Արդյոք դա այդպե՞ս է: Այն, ինչ սիրում ենք ընտրել եւ դարձնել մասնագիտություն, կարո՞ղ է ապահովել հաջողակ ընթացք, թե՞ պետք է նաեւ հաշվի առնել աշխատաշուկայի պահանջները: Մասնագիտական կողմնորոշման հարցում կարեւոր դեր ունի ոչ միայն աշակերտի, երիտասարդի հետ աշխատանքը, այլեւ նրան շրջապատող միջավայրը: Շատ անգամ շրջանավարտները առանց երկար մտածելու, հաշվի չառնելով սեփական նախասիրությունները, ընտրում են այսպես կոչված «մոդայիկ» մասնագիտություն:
     Ինչ պատկերացումներ ունեն այսօր մեր տասներկուերորդդասարանցիներն իրենց ընտրած մասնագիտությունների մասին, ինչ են հաշվի առել ընտրություն կատարելուց առաջ, փորձեցինք պարզել ապագա մասնագետներից՝ այսօրվա շրջանավարտներից: Օրինակ, Անին պատմում է, որ դեռ մանկուց է ցանկացել բժիշկ դառնալ, եւ մինչ օրս էլ հավատարիմ է մնում իր որոշմանը. «Դեռ մանկուց, թե ինչ պետք է դառնամ, այդ հարցին պատասխանում էի՝ բժիշկ: Ես այս պահին ավարտական դասարանում եմ, եւ իմ կարծիքը չեմ փոխել: Ինձ համար այդ մասնագիտությունը հոգեհարազատ է, այն առումով, որ ես սիրում եմ միշտ օգտակար լինել մարդկանց»:
     Նրա տարեկցի՝ Մարիամի ծնողները կողմ չեն աղջկա ընտրությանը, սակայն ունեն իրենց տարբերակը մասնագիտության հարցում: «Ես ինձ միշտ պատկերացրել եմ արվեստի բնագավառում: Բայց ծնողներս ինձ ցանկանում են տեսնել իրավաբանի կարգավիճակում, պատճառաբանելով, որ արվեստը ինձ «չի կերակրի»: Այժմ ես ստիպված եմ ընտրություն կատարել իմ նախասիրած մասնագիտության եւ ծնողներիս կամքի միջեւ», - նեղսրտում է աղջիկը:
     Թեմայի վերաբերյալ մեզ հետ զրույցում հոգեբան Լաուրա Ավետիսյանը կարծիք հայտնեց, որ շատերն այսօր մասնագիտությունն ընտրում են՝ հետագայում դրա շահույթը հաշվի առնելով, ինչը, ըստ հոգեբանի, այդքան էլ ճիշտ չէ:
     «Պետք է մասնագիտություն ընտրելուց առաջ կենտրոնանալ սեփական ցանկությունների վրա: Չմոռանալով իհարկե, թե ինչ ընդունակություններ ունես, եւ որ ոլորտում կարող ես քեզ դրսեւորել լավագույնս», - ասում է հոգեբանը:
     Մեր այն հարցին, թե ինչի կարող է հանգեցնել սխալ մասնագիտության ընտրությունը, տիկին Ավետիսյանը պատասխանեց. «Մասնագիտությունը ամբողջությամբ ազդում է մարդու կյանքի եւ աշխարհայացքի վրա: Ուստի սխալ ընտրված մասնագիտությունը կարող է հանգեցնել նրան, որ մարդը այդպես էլ չկայանա որպես մարդ, եւ չկարողանա ինքնադրսեւորվել, քան որ մասնագիտությունը, որը նա ընտրել է, եւ որով նա զբաղվում է, իրենը չէ»:
     Նրա ձեւակերպմամբ, մասնագիտության ընտրության հարցում հաճախ «օգնության են հասնում» ծնողները, ինչը ունենում է իր թե դրական եւ թե բացասական կողմը: Ինչքանո՞վ է ճիշտ ծնողների միջամտությունը մասնագիտություն ընտրելիս: Այս հարցի վերաբերյալ էլ հոգեբանը նշեց. «Եթե երկու կողմերի ցանկությունները համընկնում են, ապա ինչու՝ ոչ: Իսկ եթե միայն ծնողների ցանկությամբ է դա կատարվում, ապա հետագայում կարող է անհաճո հետեւանքների հանգեցնել»:
    
    
    
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7118 | 0 | 0
Facebook