Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սնահավատությո՞ւն, թե՞ պակաս տեղեկացվածություն

13:07, երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ.
Սնահավատությո՞ւն, թե՞ պակաս տեղեկացվածություն
     Զգուշանալ ուրբաթ 13-ից, սատանայի թիվ համարվող 666-ից, երբ սեւ կատուն հատում է ճանապարհը, ապա անպայման այն փոխել, դռան շեմին չկանգնել, աղբը չթափել գիշերով… Այս շարքը կարելի է անվերջ շարունակել, կամ այնքան, ինչքան թույլ կտա մարդու սնահավատության սահմանը:
     Սնահավատությունը դատարկ հավատ է, վախի դրսեւորման յուրահատուկ ձեւ: Այս համոզման է նաեւ մեր զրուցակիցը՝ մշակութաբան Սիրանույշ Խաչկալյանը: «Սնահավատությունը գալիս է նախնադարից, երբ սկսել է զարգանալ միֆական, դիցական մտածողությունը: Աշխարհի ճանաչման բավարար միջոցների բացակայության պայմաններում մարդը սկսել է իր աշհարհընկալումը լցնել երեւակայական մտածողությամբ», -ասում է մշակութաբանը:
     Եկեղեցին այս հարցում ունի իր հստակ դիրքորոշումը՝ շատերը՝ մեր ժամանակներում չունենալով ճիշտ պատկերացում եկեղեցու հիմնավոր հավատալիքների եւ ճշմարիտ աստվածապաշտության մասին, հեշտությամբ սահում են սնահավատության մեջ: «Սնահավատությունը իր մեջ պարունակում է ճշմարտության աղավաղումը, կամ ընդհանրապես չի բխում ճշմարտությունից, այլ ներկայացնում է իբրեւ այդպիսին: Եկեղեցին բոլոր ժամանակներում դատապարտել է սնոտիապաշտությունը, իսկ հոգեւորականը պարտավոր է պայքարել այդ երեւույթի դեմ, որովհետեւ այն չարիք է եւ կործանարար՝ հոգու համար, որը պետք է ամեն կերպ արմատախիլ անել», – այս կարծիքին է տեր Հայկազուն քահանա Մկրտչյանը:
     Թեմայի վերաբերյալ զրուցեցինք նաեւ հոգեբան եւ հոգեվերլուծաբան Իրինա Հակոբյանի հետ: Մասնագետը փաստեց, թե տարիների աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ ավելի սնահավատ են այն մարդիկ, որոնք կրթված չեն եւ բարձր ինտելեկտ չունեն: «Նրանք կյանքին նայում են միայն մեկ ուղղությամբ: Չեն հասկանում, թե ինչ է կատարվում իրենց հետ, ու փորձում են պարտականությունը դնել ինչ-որ անիրական, անհասկանալի երեւույթների վրա: Մենք պետք է հասկանանք, որ ինչ էլ լինելու է, մեզ հետ է լինելու, եւ մենք պետք է դաս քաղենք այդ ամենից, սկսենք գիտակցել սեփական արարքների կարեւորությունն ու դրանց հետեւանքները», -իր խոսքը եզրափակեց հոգեբանը: Այնպես որ, մարդկանց սխալ տեղեկացվածությունը հիմք է սնահավատության դրսեւորման, որը ժամանակի ընթացքում վերածվում է նաեւ վախի: Դո՛ւք եք որոշում՝ հաղթահարե՞լ ձեր վախերը, թե՞ ոչ:
    
    
    
    
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5893 | 0 | 0
Facebook