Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պատգամավորները Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ երաշխավորագիր են ստորագրել

22:15, երեքշաբթի, 12 հունիսի, 2018 թ.
Պատգամավորները Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ երաշխավորագիր են ստորագրել

ԱԺ շուրջ մեկ տասնյակ պատգամավորներ երաշխավորագիր են ստորագրել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար: Պատգամավորները երաշխավորել են, որ Սեֆիլյանը, գտնվելով ազատության մեջ, կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խուսափի իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարելուց` քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալուց:

Սեֆիլյանի համար երաշխավորագիր են ստորագրել ԱԺ «Ելք» խմբակցության պատագամավոր Ալեն Սիմոնյանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Վարդան Բոստանջյանը, Վահե Էնֆիաջյանը, Վարդևան Գրիգորյանը, Իվետա Տոնոյանը, Շաքե Իսայանը:
     Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի` մարտի 20-ի դատավճռով Սեֆիլյանը մեղավոր էր ճանաչվել հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ նախապատրոստելու, ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու համար և դատապարտվել 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման:

Համաձայն մեղադրական եզրակացության` Ժիրայր Սեֆիլյանը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2015 թվականի ապրիլի 24-ին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից, կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ:
     Ինչպես նաև՝ 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպված խմբի կազմում Սեֆիլյանն ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներով, ավարտին չի հասցրել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3470 | 0 | 0
Facebook