Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սա քրիստոնեություն չէ, սա մեր իմացած ու քարոզած քրիստոնեությունը չէ. Տ Խորեն քահանա Կիրակոսյան

23:39, երկուշաբթի, 11 հունիսի, 2018 թ.
Սա քրիստոնեություն չէ, սա մեր իմացած ու քարոզած քրիստոնեությունը չէ. Տ Խորեն քահանա Կիրակոսյան
     Եպիսկոպոսական դասը արդեն երկրորդ անգամ խոսում է կանոնական դաշտում լուծումներ փնտրելու անհրաժեշտության մասին՝ փաստելով, որ ընտրված ճանապարհը հակառակ է մեր Եկեղեցու կանոններին ու ավանդությանը, որոնք այս օրերին խախտվեցին բազմիցս: Իրոք որ, ոչ մի արդարացում չի կարող ունենալ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու միջադեպը: Եկեղեցու պատմության մեջ շարունակվող Հակականոնական ճանապարհը միշտ էլ խարան է դարձել թե անձերի, թե Եկեղեցու համար: Այս պատճառով է, որ ունեցել ենք եկեղեցական վեճեր ու ալեկոծություններ, որոնք երբեմն ավարտվել են անցանկալի բաժանումներով և եկեղեցուն հասցված անդառնալի վնասներով:
     Կանոնական դաշտը եկեղեցական մարմիններին հնարավորություն կտա քննության առնել առկա խնդիրներն ու լուծումներ գտնել, իսկ փողոցը միայն կխորացնի և կշատացնի դրանք, իր անցանկալի հետևանքներով: Ու հետո արդեն կկորչի լուծումների հնարավորությունը, կամ դրանք չափազանց թանկ կարժենան բոլորի համար: Ողջախոհությունը հուսով եմ կհաղթանակի:
     Ուզում եմ անդրադառնալ նաև մի տհաճ երևութի, որ կարծես սովորական է դարձել մեր կյանքում: Փոխադարձ վիրավորանքները հասել են այնտեղ, որ ազատորեն ոտնահարվում է ամեն ինչ, մինչև իսկ անհատի անձնական կյանքի սրբությունն ու անձեռնմխելիությունը: Այս պրակտիկան, որ մերժված է անգամ քաղաքական պայքարներում, որդեգրվել է շարժման կողմից: Եղբայրներ, արդյոք ամեն ինչ կարելի է՝ նպատակներին հասնելու համար: Իսկ ուր մնաց քրիստոնեությունը, ուր մնաց հավատքը: Ավետարանն էլ ուսուցանում է, որ անձնականը միմիայն տվյալ անձին ու Աստծուն է պատկանում: Ոչ մի պարագայում անձնական կյանքի տարածք մի ներխուժեք: Այլապես եթե այսօր կարելի է մեկի պարագային, ապա վաղը կարելի կլինի երկրորդի, երրորդի դեպքում ու այդ երկրորդն ու երրորդը կարող է լինել ամեն ոք: Սա քրիստոնեություն չէ, սա մեր իմացած ու քարոզած քրիստոնեությունը չէ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5275 | 0 | 0
Facebook