Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Լրագրողների համահայկական 9-րդ համաժողով-2018

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
22:22, երեքշաբթի, 05 հունիսի, 2018 թ.
Լրագրողների համահայկական 9-րդ համաժողով-2018
    

     ORER.EU
    
    
    

Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովն ավարտվեց. առաջարկները մոտ ապագայում կներկայացվեն եւ կհստակեցվի ապագա հանդիպումների ձեւաչափը


    

01 հունիսի, 2018 | 19: 52


    
    
    

Հունիսի 1-ին Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովն ամփոփեց աշխատանքը «Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները և հայ լրագրությունը» թեմատիկ նիստով, որը վարեցին «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը (Լիբանան), «Ծաղիկ» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Դյունյայանը, (Լիբանան), «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը (Չեխիա):

«Հայկական օրակարգի խնդիրները հայությանն ու Հայաստանին ուղղված ներկայի մարտահրավերների ու սպառնալիքների լույսի ներքո» թեմայով ելույթ ունեցավ «Լուսավոր Ավետիս» լրատվական կայքի թղթակից Տիգրան Փաշաբեզյանը (Ֆրանսիա): Նա նշեց, որ համահայկական օրակարգն ամբողջացնելու ժամանակն է և առաջարկեց գործի անցնել առանց ավելորդ շտապողականության: Թեմայի շուրջ ծավալված բուռն քննարկման արդյունքում կարևորվեցին ազգային գաղափարախոսության և արժեհամակարգի մշակման և հստակեցման հետ կապված հարցերը:

«Միաբան» տեղեկատվական պորտալի աշխատակից Յուլիա Գյուլոյանը (Ռուսաստան) ելույթ ունեցավ Մերձավոր Արևելքում և Արևմտյան Հայաստանում բնակվող հայրենակիցների հետ մշակութային կապեր հաստատելու անհրաժեշտության մասին:

«ՀայՏեղեկատվաԿենտրոն» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Արմեն Տեր-Սարգսյանը (Ռուսաստան) իր ելույթում ներկայացրեց Հայաստանի Հանրապետության, Արցախի, Արեւմտյան Հայաստանի եւ Մերձավոր Արեւելքի եւ Արեւմտյան Հայասատնի հայերի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները Հայկական Հարցի լուծման միջոցով:

Ելույթ ունեցավ նաև «Օրեր» եվրոպական ամսագրի լրատվական www.orer.eu կայքի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանը (Չեխիա): Նա հանդես եկավ համաժողովի օրերին հնչած ելույթների վերլուծությամբ, նշեց որ համաժողովի ձևաչափն իրեն սպառել է և մի քանի գործնական առաջարկ արեց հետագա համագործակցությունը առավել արդյունավետ շարունակելու համար:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի փոխտնօրեն Պապին Մուրադյանը ներկայացրեց Մայր Աթոռի տեղեկատվական կայքերը:

Ելույթներով և առաջարկներով հանդես եկան նաև Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության փոխնախագահ Գայանե Առաքելյանը, լրագրող Յուրի Կարապետյանը (Ռուսաստան):
    
    

Ամփոփելով համաժողովի աշխատանքը՝ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարյանը նշեց, որ համաժողովին մասնակցել է Հայաստանից, Սփյուռքից և Արցախից 100-ից ավելի լրագրող, որոնցից 40-ը գլխավոր խմբագիր: Քննարկվել է 7 թեմա, ելույթ է ունեցել 30 մասնակից, հարակից ելույթներով և առաջարկներով հանդես է եկել 50-ից ավելի լրագրող: Զեկուցողը կարևորեց կազմակերպական և բովանդակային ձևաչափի մշակումը:

Սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ Վաղինակ Վարդանյանը աշխատանքային խմբի անունից շնորհակալություն հայտնեց համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար և նշեց, որ համաժողովը ևս մեկ հանգրվան հանդիսացավ համահայկական տեղեկատվական հարթակ ստեղծելու ճանապարհին:

Այնուհետեւ տեղի ունեցած առանձին հանդիպման ժամանակ որոշվեց կազմել խորհրդաժողովում հնչեցված առաջարկները եւ ներկայացնել մասնակիցներին։ Դրանց վերջնական քննարկումներից հետո պետք է որոշվեն ապագա նիստերի անցկացման ձեւաչափերն ու թեմաները։ Այս մասին նշեց Շահան Գանտահարյանը, իսկ Հակոբ Ասատրյանն առաջարկեց հետեւել նշված ճանապարհային քարտեզին, եւ սեպտեմբերին անցկացնել տեսաժողով, որի ընթացքում կճշվեն բոլոր կարեւոր խնդիրները։

Օրվա երկրորդ կեսին խորհրդաժողովի մասնակիցները հանդիպեցին կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի եւ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացակայնանի հետ։


    

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Արայիկ Հարությունյանը նշեց, որ կարևորում է սփյուռքահայ լրագրողների հետ նման ձևաչափով հանդիպումը, քանի որ նրանց շնորհիվ են նաև ուղերձներ փոխանցվում Սփյուռքի հայ համայնքներին: Կրթության և գիտության նախարարն ընդգծեց, որ թավշյա հեղափոխությունից հետո կրթական ոլորտի բարեփոխումներն առաջնային են, և առկա է քաղաքական կամք՝ լուծելու և՛ այժմեական, և՛ ռազմավարական մոտեցում պահանջող խնդիրները:

«Կրթությունը պետք է հասանելի լինի բոլորին: Սա լուրջ հրամայական է», -նշեց Արայիկ Հարությունյանը:

«Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը (Չեխիա) հետաքրքրվեց՝ արդյոք նախարարը հասցրել է ծանոթանալ Կրթության և գիտության նախարարության՝ Սփյուռքին առնչվող ծրագրերին, և հետագայում ի՞նչ փոփոխություններ են սպասվում: Արայիկ Հարությունյանը նշեց, որ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հետ այս թեմայով քննարկում արդեն եղել է, սակայն թեման խորը ուսումնասիրությունների կարիք ունի:

«Ազատ օր» թերթի խմբագիր Հովսեփ Բարազյանը (Հունաստան) ողջունելի համարեց դպրոցների ապաքաղաքականացման գործընթացը:

Ամերիկահայ լրագրող, հրապարակախոս Հակոբ Պալյանը նախարար Արայիկ Հարությունյանին հարցրեց միասնական ուղղագրության անհրաժեշտության, դասական ուղղագրությանն անցման և հայերենի անաղարտության պահպանման մասին: Կրթության և գիտության նախարարը նշեց, որ Հայաստանում և Սփյուռքում անցումը միասնական ուղղագրության ներկայիս ժամանակավոր կառավարության համար առաջնային չէ, իսկ թեման մեծ լարվածություն առիթ է հանդիսնում նաև Սփյուռքում:

«Խոսնակ» ամսաթերթի խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը (Լիբանան) ընդգծեց, որ այսօր արդեն արևմտահայերենը կանգնած է լուրջ վտանգի առաջ, և կարևոր համարեց Հայաստանի դպրոցներում արևմտահայերենի ուսուցման մակարդակի բարձրացումը:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ Սփյուռքի նախարարության կողմից թեմայի առնչությամբ արվել են առաջարկություններ, որոնք կդիտարկվեն և կյանքի կկոչվեն:

Ամերիկահայ լրագրող Լիլիա Ավագյանը հարցրեց 12-ամյա կրթական համակարգի արդյունավետության, սպասվող փոփոխությունների մասին: Արայիկ Հարությունյանը շեշտեց, որ որդեգրված համակարգը լավն է, սակայն ներդրման գործընթացը արդյունավետ չի իրականացվել:

Համաժողովի մասնակիցները Կրթության և գիտության նախարարի հետ զրուցեցին դպրոցներում ուսուցչի դերի և հեղինակության վերարժևորման մասին: Նախարարը նշեց, որ ուսուցիչը նախևառաջ պետք է աշակերտներին մտածել սովորեցնի, փոխանցի անհրաժեշտ հմտություններ, զբաղվի ինքնակրթությամբ և կիրառի նոր մեթոդներ:

Սփյուռքահայ լրագրողները անդրադարձան նաև Լեզվի պետական տեսչության աշխատանքին, սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հայերենի ներկա վիճակին, Սփյուռքի դպրոցներում հայերենի իմացությունը փաստող վկայականների անհրաժեշտությանը:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3697 | 0 | 0
Facebook