Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ագրարային համալսարանի ռեկտորը Գերմանիայի Վայհենշտեֆան-Թրիսդորֆի համալսարանում քննարկել է հետագա համագործակցության հարցեր

14:46, հինգշաբթի, 31 մայիսի, 2018 թ.
Ագրարային համալսարանի ռեկտորը Գերմանիայի Վայհենշտեֆան-Թրիսդորֆի համալսարանում քննարկել է հետագա համագործակցության հարցեր
    
    

Մայիսի 29-30-ը Գերմանիայի Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանում տեղի ունեցան ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանի և ՎԿԳՀ միջազգային ծրագրերի պատասխանատու (DAAD, Erasmus+, TOPAS), գյուղատնտեսական ֆակուլտետի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Ռալֆ Շլաուդերերի, արևելաեվրոպական ծրագրերի և ՀՀ-ում DAAD կրթական ծրագրերի պատասխանատու դոկտոր, պրոֆեսոր Յոհաննես Հոլցների, ՎԿԳՀ «Կենսազանգվածի» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն դոկտոր Նիկոլաս Ալթի, Erasmus+ և TOPAS ծրագրերի համակարգող, ՎԿԳՀ գիտաշխատողներ դոկտոր Արամ Արիստակեսյանի, դոկտոր Հայնց-Փեթր Վոլֆի հետ և ՎԿԳՀ-ում ՀԱԱՀ հայ ուսանողների հետ հանդիպումները: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին հետևյալ հարցերը.

· «Ագրարային մենեջմենթ» հայալեզու և գերմանալեզու մագիստրոսական ուսումնական ծրագրերի միջազգային հավատարմագրման գործընթացը

· «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական ուսումնական ծրագրերի շրջանակներում կրկնակի դիպլոմների շնորհման կարգը և գործընթացի առանձնահատկությունները

· ՎԿԳՀ և ՀԱԱՀ համատեղ կրթական ծրագրերի (DAAD, Erasmus+ և TOPAS) ընթացքը

· ՀՀ-ում ՀԱԱՀ և գյուղատնտեսական քոլեջների բազայի հիման վրա ուսումնա-գիտաարտադրական կենտրոնի ներդրման և գործարկման ընթացքը

· ՀԱԱՀ-ում գերմաներեն լեզվի իմացության և տարածման համար ուսուցման կենտրոնի հիմնադրման հնարավորությունները

Պրոֆեսոր Ռալֆ Շլաուդերերը, շնորհավորելով ռեկտոր Արշալույս Թարվերդյանին, տեղեկացրեց, որ վերը նշված միջազգային հավատարմագրումն անթերի համագործակցության արդյունքում երկարաձգվել է մինչև 2021թ. սեպտեմբեր: Հավատարմագրման վկայագիրն արդեն ուղարկվել է ՀԱԱՀ:
     2017թ. դեկտեմբերին ՎԿԳՀ և ՀԱԱՀ առաջին չորս շրջանավարտները ստացան միաժամանակ երկու բուհերի դիպլոմներ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հունիսի 1-ին ՎԿԳՀ համալսարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ առավել հստակեցնել երկու բուհերի կրկնակի կամ երկակի դիպլոմների տրամադրման հնարավորությունը և ստորագրվելիք համաձայնագրի դրույթները:
     Պայմանավորվածություն ձեռք բերվեց վերը նշված ծրագրերի շրջանակներում առավել ընդլայնել ուսանողների, մագիստրանտների և դասախոսների գործնական ուսուցման բարելավմանն ուղղված միջոցառումները: Առավել ակտիվացնել ուսանողների և դասախոսների փորձի փոխանակման, շարժունակության խթանմանը միտված միջոցառումները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև Erasmus+ և TOPAS ծրագրերի շրջանակներում առաջիկա շաբաթների ընթացքում սկսել գիտահետազոտական և ուսանողների դիպլոմային աշխատանքների համար նախատեսված տվյալների բազայի ստեղծման աշխատանքները:
     Քննարկումների ընթացքում կարևորվեց նաև գյուղատնտեսական ժամանակակից տեսական գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակման արդյունավետության բարձրացման համար գործարկել առցանց ուսուցման ևս չորս կուրս՝ ՎԿԳՀ օրինակով:
     Քննարկվեց ՀՀ-ում նախատեսված ՀԱԱՀ և գյուղատնտեսական քոլեջների բազայի հիման վրա ուսումնա-գիտաարտադրական կենտրոնի հիմնման ընթացքը և ներկա վիճակը: Ռեկտոր Արշալույս Թարվերդյանի կողմից մեկ անգամ ևս կարևորվեց ՀՀ-ում ագրարային բնագավառի ուսանողների, դասախոսների և հատկապես գյուղացիական տնտեսությունների մասնագետների, գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվողների վերապատրաստման և գործնական հմտությունների ձեռքբերման կարևորությունը՝ ժամանակակից օրինակելի ուսումնաարտադրական կենտրոնում՝ Բավարիայի Թրիսդորֆի ագրարային ուսումնական կենտրոնի օրինակով:
     Կարևորվեց նաև երկու բուհերի շրջանավարտների աշխատանքի տեղավորմանն ուղղված միջոցառումների իրականացումը, որպեսզի բարձր որակավորում ունեցող շրջանավարտները նախ և առաջ հայրենիքում աշխատանքի տեղավորվեն և միայն եզակի դեպքերում աշխատանք փնտրեն արտերկրում:
     ՀԱԱՀ ռեկտորը հանդիպեց նաև ՎԿԳՀ համալսարանի տաս հայ ուսանողների հետ. քննարկվեցին երիտասարդներին հուզող բազմաթիվ կազմակերպչական հարցեր:
     ՀԱԱՀ և Բավարիայի ՎԿԳՀ համագործակցության մյուս կարևոր հարցերը կքննարկվեն հունիսի 1-ին նախատեսված՝ ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանի և ՎԿԳՀ նախագահ Էրիկ Վուլլեի հանդիպման ընթացքում:


    

ՀԱԱՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Աղբյուրը` www.anau.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6090 | 0 | 0
Facebook