Կալավան՝ փոքր գյուղի մեծ հրաշքը
Կալավանը գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Երևանից 137 կմ հեռավորության վրա։ Նախկինում ամբողջովին ադրբեջանցիներով բնակեցված Ամրխեր գյուղը Արցախյան պատերազմի տարիներին դարձյալ հայաբնակ դարձավ՝ վերանվանվելով՝ Կալավան: Գյուղն ունի շատ հարուստ և առատ բնություն։ Այժմ Կալավանի բնակիչների թիվը մոտավորապես 120 հոգի է։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1600 մ բարձրության վրա։ Ճանապարհի 130 կմ հատվածը բարվոք վիճակոււմ է, իսկ վերջին 7 կմ-ը՝ դժվար անցանելի է։ Տեղացիներն ասում են՝ դեպի դրախտ ճանապարհը հեշտ չէ։ Ռոբերտ Ղուկասյան Ռոբերտ Ղուկասյանը մասնագիտությամբ հնագետ է, կենդանաբան, ով շրջել է աշխարհի տարբեր երկրներում՝ ներգրավված լինելով գիտական արշավախմբերում։ Նախորդ տարի Ռոբերտը մասնակցել է Ալյասկայում կայացած արկածային զբոսաշրջության համաշխարհային համաժողովին՝ լինելով երեք գլխավոր խոսնակներից մեկը։ Շատ սրտացավ, նախաձեռնող, նպատակսլաց և հումորի լավ զգացումով մարդ է։ Ինչպես սկսվեց Լինելով իր բնակավայրի սիրահարը և միևնույն ժամանակ արտերկրում տեսնելով բազմաթիվ համայնքների հաջողությունները՝ Ռոբերտը որոշում է թողնել նախկին գործունեությունը և ամբողջությամբ նվիրվել իր համայնքի զարգացմանը։ Եվ ահա 2013 թվականին նա հիմնում է «Թայմ լենդ» հիմնադրամը՝ նպատակ ունենալով բացահայտել տեղի մարդկային ու բնական ողջ ներուժը, բացահայտված ներուժը գիտակրթական ծրագրերի իրականացման և տուրիզմի զարգացման միջոցով կիրառել համայնքի համաչափ զարգացման, կենսամակարդակի բարձրացման նպատակով։ Սկզբում նրա նախաձեռնությունը ընդդիմության է հանդիպում նույնիսկ ընտանիքում և ընկերների շրջանում, բայց քիչ անց նրանք ևս լծվում են ընդհանուր գործին։ Ռոբերտը սկսում է անհատական աշխատանք տանել տեղացիների հետ՝ բացատրել, ոգեշնչել համոզել, օրինակ ծառայել։ Արդյուքնում՝ նրա նախաձեռնությունը սկսում է թափ առնել, նորանոր ընտանքիներ են միանում ծրագրին։ Եվ ընդամենը մեկ տարի անց գյուղի համբավը սկսում է տարածվել ոչ միայն մեր հանարապետությունում, այլև մինչև հարավային Ամերիկայի երկրներ։ Աշխարհի տարբեր երկրներից զբոսաշրջիկների մեծ հոսք է սկսում դեպի գյուղ։ Գյուղ կանգնի, գերան կկոտրի Տեղի կանայք սկսում են հավաքել գյուղի անտառի հատապտուղներն ու բույսերը, պարզվում է, որ դրանց միջոցով հնարավոր է 120 կերակրատեսակ պատարստել ու մատուցել հետաքրքրասեր զբոսաշրջիկներին: Գյուղացիները սկսում են նաև վերանորոգել տները՝ դրանք վերածելով հյուրատների, այս տարի օրինակ՝ 7 այդպիսի հյուրատուն է կառուցվում։ Ռոբերտի խոսքով այժմ իրենց գյուղի մեծ մասն անհատ ձեռնարկատերեր են, այլ կերպ՝ սա ԱՁ-ների գյուղ է։ Նրանք ինքնաբավ են և միմյանց օգնելով քայլ առ քայլ առաջ են գնում, շենացնում են համայնքը, մեծացնում գրավչությունը առանց կողմնակի աջակցության։ Այս տարի հիմնական խնդիրը նոր հյուրատների կառուցումն էր, որը կատարվել է միկրովարկերի միջոցով։ Հաջորդ քայլը նույն տրամաբանությամբ ամբողջ համայնքի ներուժով ճանապարհի բարեկարգումն է։ Եվ այս ամենն արվում է առանց որևէ պետական աջակցության։ Պետական մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումներ եղել են, խոստումներ ևս, բայց գործեր՝ երբեք։ Ռոբերտի խոսքով մոտիվացված համայնքն ամենաուժեղ համայնքն է։ Տիրոջ զգացողությունն է պետք վերադարձնել կամ ձևավորել, որպեսզի ծառեր չկտրվեն, արգելված որս չարվի և շրջակա միջավայրը չաղտոտվի։ Ուստի եթե համայնքը մոտիվացված է, ապա անկախ դժվարություններից և ուշացող պետական աջակցությունից կարելի է մեծ արդյունքներ գրանցել։ |