Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վերադարձ ինքնությանը. «Հայ կոչվելով չէ որ հայ ես, հայ լինելու համար պետք է հայի հոգի ունենալ»

Elen Babayan
Հեղինակ`
Elen Babayan
21:55, երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ.
Վերադարձ ինքնությանը. «Հայ կոչվելով չէ որ հայ ես, հայ լինելու համար պետք է հայի հոգի ունենալ»
    
    

100 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությունը շարունակվում է դատապարտվել մինչև այսօր։ Սա հայ պատմության սրտում մեծ սպի գոյացրեց, որը ոչմիայն չբուժվեց այլ 1.5մլն.հայերի կյանք խլեց, նույնքան հայերի էլ զրկեց բնակավայրից. Թուրքիայում որպես ալևի ներկայացող 1 մլն ծպտյալ հայ կա։ Այդ մեկ միլիոն հայերից մեկը ՝Դիարբեքիր վերանվանված Տիգրանակերտում բնակվող իսլամացած հայորդի Գաֆուր Թյուրքայն է։

-Ե՞րբ եք Ձեր ծագման մասին իմացել: Պատմե՛ք խնդրում եմ Ձեր նախնիների մասին, որտեղի՞ց են և ովքե՞ր են:

-Հայ լինելուս մասին մանկուց գիտեի, բայց ընտանիքս գաղտնի էր պահում մեր հայ լինելու փաստը, և խնդրում էին, որ այդ մասին թուրքերի հետ չխոսեմ: Ծնողներս հայերեն չգիտեին, բայց տատս ու պապս գիտեին, խոսում էին հայերեն: Հայրս պատմում էր, որ տատս նրա համար հայերեն օրօրոցային է երգել:

Մայրական կողմի հարազատներս Սասունից են: 1915 թվականի ցեղասպանության ժամանակ նրանց մեծ ընտանիքը զոհվել է, նրանցից միայն 3 հոգի են ողջ մնացել, որոնք իջել են Սասունի ձորը, այնուհետև նրանցից մեկը փախչում է Սիրիա, իսկ մյուս երկուսը թուրք և քուրդ ընտանիքների մոտ աշխատանքի են անցնում՝ իբրև սպասավորներ: Այդպիսով սկսում են մոռանալ և՛ հայ լեզուն, և՛ կրոնը: Իսկ Սիրիայում ապրողը կարողանում է պահպանել իր լեզուն և կրոնը, և մինչև 1945-50թթ., ապրում է Սիրիայում, այնուհետև տեղափոխվում և հաստատվում է Հայաստանում: Նա ՝ քրիստոնյա լինելով, հայկական ընտանիք է կազմում, իսկ այն երկուսը, որ քրդերի կողքին էին ապրում, ընդունում են իսլամ:

Մենք հայեր էինք, բայց այդ փաստը, ինչպես ասացի, թաքցնում էինք թուրքերից, բայց կային որոշ մարդիկ, որ գիտեին այդ մասին: Չնայած մենք իսլամին էինք հետևում, բայց ամեն անգամ ինչ -որ խնդիրներ էինք ունենում թուրքերի և քրդերի հետ:

Փոքր երեխաներն անգամ, երբ խաղում էին մեզ հետ, և որևէ անհամաձայնություն էր լինում, որպես վիրավորանք՝ մեզ հայ էին ասում: Մի անգամ, երբ քրդերը մեզ «հայ» անվանեցին, մենք ծեծեցինք նրանց, և երբ տուն գնացինք, մեր ծնողները նախատեցին մեզ՝ ասելով, որ պետք չէ կռվել, երբ ձեզ քրդերը «հայ» են կոչում, քանի որ դուք հենց հայ եք:

Ուզում եմ մի պատմություն ևս պատմել:

Երբ ես փոքր էի՝ 7 տարեկան, երկու քուրդ երեխաների հետ գնացինք ձմերուկ գողանալու: Այդ ձմերուկի դաշտը մի հայի էր պատկանում, ով նույնպես գիտեր իր հայ լինելու մասին: Երբ ձմերուկ գողացանք, հայ մարդը մեզ տեսավ: Նա շատ լավ գիտեր, որ ես նույնպես հայ եմ, և ինձ ծեծեց, իսկ քուրդ երեխաներին ոչինչ չասաց: Այդպիսով նա փորձում էր քրդերի մոտ ավելի խորը թաքցնել իր ինքնությունը

-Առաջին անգա՞մ եք Հայաստանում:

-Երրորդ անգամ է, որ գալիս եմ Հայաստան, բայց առաջին անգամն է, որ իսլամացած հայերի հետ եմ գալիս:

-Հայաստան այցի մասին Ձեր տպավորությունների և զգացողությունների մասին կպատմե՞ ք:

-Առաջին անգամ, երբ եկա Հայաստան, շատ հուզված էի: Հիմա նույնպես հուզվում եմ, երբ խոսում եմ Հայաստանի մասին: Երբ առաջին անգամ եկա Հայաստան, այցելեցի Հանրապետության հրապարակ, և առաջին բանը, որ անմիջապես տեսա, Հայաստանի դրոշն էր. Երկար ժամանակ անշարժ կանգնած նայում էի Հայոց եռագույնին, և իմ կամքից անկախ սկսեցի արտասվել:

-Ինչպե՞ս ցանկություն առաջացավ այցելել Հայաստանի Հանրապետություն:

-Մենք՝ ծպտյալ հայերս, հաճախ էինք խոսում Հայաստան գալու մասին: Եվ որոշեցինք, որ շատ լավ կլինի գալ և սեփական աչքերով տեսնել Հայաստանը, տեսնել իսկական ազատ ապրող հայերին: Երբ կայացրինք այդ որոշումը, նույնիսկ լեզուն էինք ուզում սովորել. գիտեմ հայերեն մի քանի բառ՝ «բարև», «ոնց եք», «բարի լույս», «շնորհակալություն», «ցտեսություն»:

Երբ վերանորոգվեց Դիարբեքիրի Սբ. Կիրակոս եկեղեցին, որի կազմակերպիչներից եմ եղել նաև ես, առաջինը որոշեցի ինքս մկրտվել, որպեսզի օրինակ դառնամ մյուս ծպտյալ հայերի համար: Մկրտվելուց հետո անունս դարձավ Օհանես, որ պապիկիս անունն է, իսկ ազգանունս՝ Օհանյան:

Մենք՝ ծպտյալ հայերս, նույնիսկ հայկական տոներն ենք նշում՝ «Վարդավառ», «Սբ. Զատիկ»:

Ուզում եմ ասել, որ միայն հայ կոչվելով չէ, որ հայ ես. հայ լինելու համար պետք է հայի հոգի ունենաս և անցնես հային վայել դժվարությունների միջով:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3857 | 0 | 0
Facebook