«Ես»-ով դեպի ժողովրդավարական երկիր…
13:58, երեքշաբթի, 21 օգոստոսի, 2012 թ.
Աշխարհի բնակչության մեկ քառորդն ուղղակիորեն առնչվում է հաշմանդամների հետ կամ որպես խնամող, կամ էլ որպես ընտանիքի անդամ: Որևէ երկիր չի կարող ժողովրդավարական համարվել, եթե նրա բոլոր քաղաքացիների համար չկան կրթություն ստանալու, աշխատելու, ընտանիք կազմելու, հասարակական կյանքին լիարժեքորեն մասնակցելու հավասար հնարավորություններ: Հաշմանդամությունը ողբերգություն չէ, եթե մարդկանց համար ստեղծված լինեն բոլոր բարենպաստ պայմանները` արժանապատիվ կյանքով ապրելու համար: Արդեն մոտ 20 տարի է անկախություն ձեռք բերած Հայաստանում տասնյակ հաշմանդամ անձինք ունեն սոցիալական ինտեգրման կարիք: Ցավալին էլ այն է, որ իշխանություններն ընդունում են, որ չեն կարողանում ստեղծել հատուկ պայմաններ, որի միջոցով կլուծվեն գոնե նվազագույն կենցաղային խնդիրները, որոնց առնչվում է հաշմանդամ մարդն իր առօրյայում: Տարբեր տարիքային խմբերի մեջ մտնող հաշմանդամ անձանց համար բարենպաստ պայմանների ապահովումը, ինչպես նաեւ նրանց՝ հասարակական կյանքի ինտեգրման նպաստելը պատճառաբանում են ֆինանսական միջոցների պակասով: Թեպետ, հաշվի առնելով, որ Հայաստանը նոր ձևավորվող Հանրապետություն է և ձգտում է հասնել բարեկեցիկ ապագա ունենալուն, այդ թվում նաև հաշմանդամ անձանց համար: Պետք է հիշել, որ մենք ենք ձևավորում մեր երկիրը, մենք ենք կերտում մեր երկրի առողջ ապագան և յուրաքանչյուրս էլ պետք է խթանենք, որ Հայաստանն էլ, ի վերջո, դառնա ժողովրդավարական երկիր: Ինտեգրում ասվածն էլ լայն հասկացողություն է, հաշմանդամն ինքն էլ պետք է քայլ առաջ անի դեպի հասարակություն: «ԷԽՈ» ՀԿ թիմը, իր հիմնադրման օրվանից մշակել է «Ես»-ով ինտեգրում հասարակությանը ծրագիրը: «Ես»-ով ինտեգրում ասելով՝ հասկանում ենք անձի միասնությունն ու ամբողջականությունը՝ իր սուբյեկտիվ հատկանիշներով: «Ես»-ն անհատն է, այնպիսին, ինչպիսին որ ինքն իրեն ճանաչում ու պատկերացնում է՝ զերծ որոշակի կոմպլեքսներից: Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ ինտեգրման խնդիրը դրվում է հաշմանդամի և մեր թիմի միջև: Նպատակն է՝ զարգացնել հաշմանդամի «Ես»-ը: Մարդն ով ունի բնածին հաշմանդամություն կամ կյանքի ընթացքում ինչ-ինչ պատճառներով ձեռք է բերել այն, նա ակամայից տառապում է թերարժեքության բարդույթով, ձեռք է բերում անվստահություն սեփական «Ես»-ի նկատմանբ: Դրանից էլ հաճախակի են դառնում հոգեկան տառապանք ները, ինչը հետևանք է իրական կամ երևակայական կորստի գիտակցման: Անձն իրեն հուզականորեն անվտանգ վիճակում չի զգում, նրան անընդհատ համակում է անօգնականության զգացումը: Ճնշված անձը կորցնում է սեփական անձի արժեքավորության, ինքնահարգանքի զգացումը: Նրա մեջ գերակշռում է ձևավորվորված թերարժեքության բարդույթը: «Ես»-ով ինտեգրումը հաշմանդամ անհատի վերաբերմունքն է սեփական անձի նկատմամբ։ Այդ վերաբերմունքն իր մեջ ընդգրկում է մարդու պատկերացումներն իր անհատականության հետաքրքրությունների, հակումների մասին, արժեքային կողմնորոշումների որոշակի միասնությունը, որոշակի ինքնագնահատականն ու ինքնահարգանքը։ Ահա սա հասարակությանն ինտեգրումն է «Ես»-ով: «ԷԽՈ» ՀԿ թիմը շատ կարևորում է ձեզանից յուրաքանչյուրի մեկնաբանությունն ու առաջարկը բոլոր այն հարցերի շուրջ, որոնք ըստ ձեզ, պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում: |
Հավանել
1
Չհավանել
0
5253 | 0 | 1 | 0