Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Պոտապը պատրաստ է ամեն հարցում օգնել ինձ». ինչպես Սրբուհի Սարգսյանին դիմավորեցին Երևանում և ինչ էր տեղի ունեցել Ուկրաինայում

22:14, ուրբաթ, 04 մայիսի, 2018 թ.
«Պոտապը պատրաստ է ամեն հարցում օգնել ինձ». ինչպես Սրբուհի Սարգսյանին դիմավորեցին Երևանում և ինչ էր տեղի ունեցել Ուկրաինայում

Սրբուհի Սարգսյանը, ով այս շրջանում ներկայանում էր «Ուկրաինայի ձայնը» նախագծում և հասավ մինչև եզրափակիչ՝ զբաղեցնելով 4-րդ տեղը, այսօր վերադարձավ Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում երգչուհու հարազատները, ընկերներն ու երկրպագուները նրան դիմավորելու էին եկել հայկական եռագույնով, փուչիկներով, ծաղիկներով, դիմանկարներով: Tert.am Life-ը ևս եղել է օդանավակայանում և ներկայացնում է երգչուհու հարցազրույցն ու լուսանկարները։

Պոտապի խմբում ընդգրկված Սրբուհին նախագծի ամբողջ ընթացքում հրաշալի ներկայացավ՝ շարունակելով հաղթարշավը մինչև եզրափակիչ: Tert.am Life-ի հետ զրույցում Սրբուհին ասաց, որ հայրենիք է վերադարձել բուռն էմոցիաներով ու վառ տպավորություններով:

Նա նշեց, որ մարզչի՝ Պոտապի հետ նախագծի շրջանակում հասցրել է բավականին մտերմանալ և վստահություն հայտնեց, որ նրա հետ կապ է պահելու նաև Հայաստանից. «Մենք շատ ակտիվ շփվում ենք:

Պոտապը պատրաստ է ամեն հարցում օգնել ինձ իր խորհուրդներով: Թե հետո ինչ կլինի, դեռ չգիտեմ, բայց մեր միջև կապ միշտ լինելու է»:
    

Անդրադառնալով մրցութային իր վերջին ելույթին՝ Human երգի կատարմանը, երգչուհին նկատեց, որ կարճ ժամանակում մի քիչ դժվար էր պատրաստվել լավ ելույթ ունենալու համար, բայց պրոֆեսիոնալ խմբի օգնությամբ ամեն ինչ հնարավոր դարձավ: «Շատ հաճելի էր իրենց հետ աշխատել: Իրենցից շատ բան եմ սովորել։ Հուսով եմ` հետագայում այդ փորձն օգտագործելու առիթ կլինի», – ասաց երգչուհին:

Ավելի վաղ Tert.am Life-ի հետ զրույցում Սրբուհին նշել էր, որ ուզում է, անպայման, հաղթել: Այսօր էլ, նա փաստեց, որ «Ուկրաինայի ձայնում» իր մասնակցության նպատակը հաղթանակն էր։ Թեև հաղթել չստացվեց, երգչուհին հավաստիացնում է, որ ամենևին չի հուսահատվել: «Այո՛, ես տրամադրված էի հաղթանակի, բայց բեմում էլ երևաց, որ ես չեմ հուսահատվել: Ես իմ շնորհակալությունը հայտնեցի Ուկրաինայի այն հանդիսատեսին, ովքեր քվեարկել էին իմ օգտին: Ինձ համար արդեն հաղթանակ է, որ սիրվել եմ իրենց կողմից: Հաղթող չդառնալը, կարծում եմ, բնական էր, քանի որ հայ եմ, օտար երկրում էի։ Դա ևս կապ ուներ, որովհետև Ուկրաինայում իրենց ազգի ներկայացուցչին ավելի շատ էին երկրպագում», – ասաց նա:

Սրբուհու վերջին ելույթի տեսագրությունը, որը հրապարակվել էր նախագծի պաշտոնական Youtube–յան էջում, կարճ ժամանակ անց հեռացվեց կայքից, քանի որ ստեղծագործական թիմը էկրանին սխալմամբ Ադրբեջանի դրոշն էր դրել։ Ավելի ուշ նախագծի պաշտոնական ալիքում տեղադրվեց Սրբուհու ելույթի մոնտաժված տարբերակը, «Ուկրաինայի ձայնի» թիմը պաշտոնապես ներողություն խնդրեց միջադեպի համար։
     «Խնդիրը տեխնիկական է եղել: Նախագծի ամբողջ անձնակազմը ներողություն է խնդրել մեզնից: Չգիտեմ՝ ելույթի ժամանակ ինչու այդպես ստացվեց, որովհետև մինչև այդ ես հետևել եմ էկրաններին։ Այդպիսի բան չի եղել: Մենք միասին էինք քննարկել, թե ինչ է լինելու էկրանին։ Չեմ կարծում, որ միտումնավոր է նման բան արվել, որովհետև իրենք շատ լավ էին տրամադրված իմ անձի և մեր ժողովրդի նկատմամբ: Ես չեմ ուզում վատը մտածել, կարծում եմ, այս ամենն ուղղակի թյուրիմացության արդյունք էր», -ասաց նա:

Սրբուհուց հետաքրքրվեցինք` արդյոք պատրաստվում է հանգստանալ նախագծից հետո։ «Ակտիվ եմ լինելու, իմ դեպքում հանգստանալ չկա», – ասաց նա ու հավելեց, որ Ուկրաինայում բազմաթիվ գործնական առաջարկներ է ստացել, բայց դրանք դեռ ընթացքի մեջ են, ուստի` առայժմ չի մանրամասնի:
    
    
    

Աղբյուրը` ԹԵՐԹ.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4356 | 0 | 0
Facebook