Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՄՈՒՀ-երը պետք է պատրաստեն միայն կրթված մա՞րդ, թե՞ նաև մասնագետ. քննարկում են կրթության ոլորտի պատասխանատուները

21:38, երկուշաբթի, 16 ապրիլի, 2018 թ.
ՄՈՒՀ-երը պետք է պատրաստեն միայն կրթված մա՞րդ, թե՞ նաև մասնագետ. քննարկում են կրթության ոլորտի պատասխանատուները

«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մեկնարկել է որակի ապահովման 4-րդ ֆորումը, որն այս տարի կրում է «Կրթություն և մասնագետ մասնագիտական կրթությունն այսօր և վաղը» խորագիրը: Երկօրյա համաժողովի կազմակերպիչն է մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը:

Ֆորումին մասնակցում են բուհերի և քոլեջների ներկայացուցիչներ, կրթության որակի ապահովման փորձագետներ Հայաստանից, Մեծ Բրիտանիայից և Նիդեռլանդներից:

Համաժողովի մասնակիցներին ողջույնի խոսք հղելով` ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը նշեց, որ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծով որակի ապահովման լուրջ մեխանիզմներ են նախատեսվում: «Նախագծով արմատապես փոխվում են կրթության որակի ապհովման նախկին պատկերացումները, մասնավորապես, խնդիր է դրվում ինստիտուցիոնալ հավատարմագրումից անցում կատարել ծրագրային հավատարմագրման, որն ենթադրում է մասնագիտական մեծ աշխատանք: Նախագծով մագիստրոսական և ասպիրանտական կրթության ծրագրերում օտար լեզվով մասնագիտական դասընթացների պահանջ է դրվում: Սրանք լուրջ քայլեր են գիտության զարգացման և բարձրագույն կրթության հեղինակությունը վերականգնելու ուղղությամբ», - ասաց Լևոն Մկրտչյանը:

ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշեց, որ առաջիկայում մեկնարկելու են ծրագրային հավատարմագրումները, որի շրջանակներում բուհերը պետք է հավաստեն, որ իրենց կրթական ծրագրերն ապահովում են նախատեսված վերջնարդյունքները, այն է` շրջանավարտները կարողանանում են շուկա մտնել որպես մասնագետ: Ծրագրային հավատարմագրման մեկնարկից առաջ որակի ապահովման 4-րդ ֆորումը քննարկում է, թե մասնագիտական ուսումնական հաստատությունները պատրաստում են միայն կրթված մարդ, թե նաև մասնագետ, իրականում որ բաղադրիչի վրա պետք է լինի շեշտադրումը, ինչ խնդիրներ կան մասնագետի պատրաստման ճանապարհին:

Ֆորումի շրջանակներում այսօր զեկույցներ ներկայացրեց Նիդեռլանդների Տվենտեի համալսարանի Բարձրագույն կրթության քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ Դոնալդ Վեսթերհեյդենը: Ներկայացնելով բուհերի ռազմավարության և պետության կարիքների համապատասխանեցման եվրոպական փորձը` նա նշեց. «Այժմ ունենք արդյունավետության ցուցիչների լավ մշակված համակարգ: Բայց դրանք պատժիչ նպատակ չեն հետապնդում, ամեն ինչ իրականացնում ենք քաղաքականության և փաստաթղթերի շրջանակներում»:

Վեսթերհեյդենը նաև զեկույց ներկայացրեց «Նախաբակալավրական մասնագիտական կրթության դերը գիտելիքահենք տնտեսությունում» թեմայով: Նա նշեց, որ կարճ շրջափուլով կրթություն իրականացնելիս սկզբում անհաջողության են մատնվել, սակայն որոշակի փոփոխություններից հետո բարեփոխումն հաջողել է: Հայաստանյան կրթության ոլորտի ներկայացուցիչներին նա պատմեց նախաբակալավրական կրթության ոլորտում Նիդեռլանդների անցած ճանապարհի, քաղած դասերի և լավագույն փորձի մասին:

ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշեց, որ նախաբակալավրական կրթությունը կարևոր է այն մարդկանց համար, ովքեր ուզում են մասնագիտություն փոխել: «Ներկայում մարդիկ, որոնք ուզում են մասնագիտություն փոխել, մագիստրատուրա են դիմում: Սակայն մագիստրատուրան բոլորովին այլ նշանակություն ունի: Նախաբակալավրական կրթությունը հնարավորություն կտա համապատասխան մասնագիտական հմտություններ ձեռք բերել կարճ ժամանակում և վերաորակավորվել», - ասաց նա:

Նշենք, որ նախաբակալավրական մասնագիտական կրթությունը, որը ներառված է «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծում, նորույթ է հայաստանյան կրթական համակարգի համար։

Ֆորումի մասնակիցները քննարկեցին նաև «Միայն կրթված մարդ, թե նաև մասնագետ» հարցը: Մեծամասնության կարծիքով` մասնագիտական ուսումնական հաստատությունները պետք է պատրաստեն մասնագետներ, իհարկե, չանտեսելով ընդհանուր կրթությունը: Կրթված մարդ ունենալու գործում շեշտադրվեց դպրոցի դերը:

Որակի ապահովման ֆորումն իր աշխատանքները կշարունակի վաղը: Անդրադարձ կկատարվի կրթական ծրագրերում վերջնարդյունքի և գնահատման փոխկապակցմանը, կներկայացվի բուհ-գործատու համագործակցության ՈԱԱԿ-ի մշակած մոդելը, ինչպես նաև ինստիտուցիոնալ հավատարմագրումների երկրորդ շրջափուլում սպասվող փոփոխությունները:


    
    
    
    
    
    
    
    
Աղբյուրը` www.anqa.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3741 | 0 | 0
Facebook