Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Համաշխարհային TEDx-ն Ագրարային համալսարանում

11:10, երեքշաբթի, 03 ապրիլի, 2018 թ.
Համաշխարհային TEDx-ն Ագրարային համալսարանում
    
    

Ծնողների դաստիարակության մեթոդների յուրահատկությունից մինչև բնապահպանություն ու կրթություն. այս և նմանատիպ խնդիրների մասին են բարձրաձայնում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողները TEDxANAU ծրագրի շրջանակներում:

1980-ականներին ԱՄՆ-ում ստեղծված TED (հապավում անգլերենից՝ Technology, Entertainment and Design- տեխնոլոգիա, ժամանց և դիզայն) կոչվող կոնֆերանսըմարտի 30-ին անցկացվեց Ագրարային համալսարանում։ Հայաստանում համալսարանական ձևաչափով TEDx իրականացվում է 4-րդ անգամ՝ Երևանի պետական բժշկական համալսարանից, Հայաստանի ամերիկյան համալսարանից և Հայաստանում ֆրանսիական համալսարանից հետո: Միջոցառմանը ներկա էին ոչ միայն Ագրարային համալսարանի, այլև հայաստանյան տարբեր բուհերի ուսանողներ ու դասախոսներ, TEDx-ի մասնակցած ու մասնակցել պատրաստվող թիմեր, տարբեր երիտասարդական ու կրթական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
     «Դեռ 2017թ. հունիսին որոշեցինք դիմել համաշխարհային ճանաչում ունեցող TED-ին՝ Ագրարային համալսարանում համաժողով կազմակերպելու և անցկացնելու արտոնագրի համար, -պատմում է TEDxANAU թիմի ղեկավար, «Ագրոբիզնես և շուկայաբանություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Ժաննա Գևորգյանը: -Շատ արագ կազմավորվեց համալսարանի տարբեր ֆակուլտետների ակտիվ ուսանողներից բաղկացած ինը հոգանոց թիմ, մեկ ամիս անց դիմեցինք համաշխարհային TED-ի TEDx ծրագրին մասնակցելու համար և վերջապես 2017թ. հոկտեմբերին ստացանք երկար սպասված և մեզ համար շատ կարևոր արտոնագիրը»:
     Արտոնագիրը ձեռք բերելուց հետո TEDxANAU թիմը 6 ամիս շարունակ տքնաջան պատրաստվել է համաժողովը բարձր մակարդակովանցկացնելու համար:
     TEDx-ի` «Գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով կազմակերպված համալսարանական կոնֆերանսը կրում էր «Կառուցելով էկոապագա» (Building Ecoship) խորագիրը: TED-ն ունի հստակ ձևաչափ։ Զեկուցողները հաշված րոպեների ընթացքում ներկայացնում են իրենց նորարարական ու առաջադիմական մտքերը, բացահայտում նոր իրողություններ ու ստիպում մարդկանց մի փոքր այլ կերպ նայել աշխարհին: TEDxANAU-ի միջոցով աշխարհին գաղափարներ տարածողների թվում 4 խոսնակներ էին, ովքեր ներկաների հետ կիսվեցին աշխարհը փոխելու իրենց գաղափարներով:
     «Խարույկ» արշավական ակումբի հիմնադիր-տնօրեն Գեղամ Օհանյանը խոսեց բնապահպանական արդի խնդիրների և բնապահպանական կրթության կարևորության մասին։ Իր ելույթի վերջում նա տպավորիչ քայլ կատարեց՝ փորձելով թունանյութ լցնել իր իսկ աճեցրած մեկ տարեկան լիմոնի փոքրիկ ծառի արմատին: Սակայն դահլիճը կանգնեցրեց նրան՝ միաձայն գոչելով՝ «ո՛չ»: «Հենց այս միասնական «ոչ» -ի կարիքը կա ամեն անգամ, երբ մենք տեսնում ենք, որ վնասում են բնությունը: Ամեն մեկս մեր ուժերի չափով փորձե՛նք խոչընդոտել՝ թույլ չտալով վնասել բնությունը», -կոչ արեց խոսնակը:
     Հաջորդ խոսնակը ՀԱԱՀ-ի ուսանողուհի Մարիամ Մարդանյանն էր, ով իր օրը պլանավորելիս միշտ ժամանակ է հատկացնում երազելու համար: Մարիամը խոսեց այն մասին, թե ինչպես է ծնողների դաստիարակությունն ազդում մեր՝ փոփոխությունների ընկալման վրա։ Ներկայացնելով ծնողական դաստիարակության տարբեր մեթոդները՝ նա կարևորեց երեխային ինքնուրույն մեծանալու, երազելու և սեփական ուժերով հաջողությունների հասնելու հնարավորություն տալը՝ բացառելով անվերջ «չի՛ կարելի» -ների շղթան: «Ծնողներս մեզ դաստիարակել են մեր իսկ միջոցով՝ թույլ տալով մեծանալ մեր սխալների վրա, սովորեցրել են մեզ չվախենալ և երազել: Կարծում եմ՝ սա ճիշտ դաստիարակության մեթոդ է և իմ հաջողությունների գրավականը», -նշեց ուսանողուհին: Ներառական կրթության փորձագետ, Երևանի թիվ 20 դպրոցի հոգեբան, արտ թերապևտ Սոֆյա Հովսեփյանն էլ բարձրաձայնեց ներառական կրթության ոլորտի բացթողումների ու թերությունների մասին: Ներկայացնելով հաջողության պատմություններ՝ փորձեց առաջարկել օբյեկտիվ լուծումներ։
     Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանող, «Վոլտերման» կազմակերպության PR մասնագետ Էլվինա Ասատրյանը ներկայացրեց փոփոխության իր տեսությունը հաջող բիզնես ստեղծելու մասին: «Մարդիկ պետք է ստեղծեն հասարակություն, որը կզբաղվի բիզնեսով, այլ ոչ թե՝ բիզնես, որը կզբաղվի մարդկանցով, իսկ եթե հաջողությունը չի թակում մեր դուռը, ուրեմն պետք է մեզ համար նոր դուռը կառուցենք», -հորդորեց ագրոբիզնեսի մասնագետը։
     TEDxANAU միջոցառումը վարում էր հաղորդակցման մասնագետ Արթուր Հարությունյանը, իսկ խոսնակների ելույթներն ընդմիջվում էին երաժշտական կատարումներով: Միջոցառման վերջում TEDxANAU թիմը շնորհակալություն հայտնեց ՀԱԱՀ ռեկտոր, ԳԱԱ իսկական անդամ Արշալույս Թարվերդյանին, բուհի ռեկտորատին, պրոֆեսորադասախոսական կազմին և բոլոր անձանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել TED ձևաչափով համաշխարհային այս միջոցառումն Ագրարային համալսարանում կայացնելու համար: Առանձնահատուկ շնորհակալություն հայտնեցին նաև ՀԱԱՀ Տեղեկատվական տեխնոլոլոգիաների և ինովացիոն ծրագրերի կենտրոնի տնօրեն-պրոռեկտոր Վաչագան

Մելքոնյանին և ՀԱԱՀ ուսանողական խորհրդի նախագահ Հայկ Ղևոնդյանին՝ մշտապես թիմի կողքին լինելու և ցանկացած հարցում աջակցելու համար: «Մեզ համար ուրախալի է, որ մեր ուսանողները նույնպես մաս են կազմում համաշխարհային TED-ի, որը նորարական գաղափարներ գեներացնող աշխարհում հայտնի ձևաչափ է: Նման նախագծերի ներգրավվելով՝ նրանք ավելի մոտ են լինում նորարարություններին, ուստի նրանց ամեն կերպ աջակցելը մեր պարտքն է», -նշեց պրոռեկտորը:

TEDxANAU համաժողովում խոսնակների հնչեցրած ելույթների տեսագրություններն առաջիկայում կտեղադրվեն համացանցում` TEDxANAU-ի օնլայն հարթակում և TED-ի կայքում, որտեղ դրանք միլիոնավոր դիտումներ են ունենում՝ դառնալով համաշխարհային TED-ի մաս։


     Նազելի Ավագյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5002 | 0 | 0
Facebook