Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Մարդկանց առաջ սատանայի «հայտնվելը»

09:20, երեքշաբթի, 06 փետրվարի, 2018 թ.
Մարդկանց առաջ սատանայի «հայտնվելը»

Մարդկանց առաջ սատանայի հայտնվելու սիրած վայրեր են համարվել ճանապարհների խաչմերուկները, անտառները, հեթանոսական շրջանի լքված կռատները, ոսկու և այլ մետաղների հանքավայրերը, ու այն տեղերը, որտեղ գանձեր են թաղված եղել: Ինքնին հասկանալի է, որ չարի համար ամենևին էլ դժվար չէր հաղթահարել ցանկացած խոչընդոտ և հայտնվել մարդկանց նաև վանքերում ու եկեղեցիներում: 17-րդ դարում այս «երևույթի» վերաբերյալ շատ գրքեր են հրատարակվել: Դրանցից մեկի հեղինակը՝ ոմն Լելուայե, պատմում է մի քանի հետաքրքրական պատմություններ, որոնք իր ժամանակներում բերնեբերան են անցել: Ահա դրանցից մեկը:


     Հյուգ անունով մի ոստիկան, որն ամբողջ կյանքը քեֆերում է անցկացրել ու նույնիսկ մարդիկ կասկածել են, որ նա հերձվածող է, մահվան մահճում է հայտնվում: Հոգեվարքից առաջ նրա առաջ հայտնվում է ինչ-որ մարդկանց մի վիթխարի ամբոխ, և այդ մարդկանցից մեկը մահացողին հարցնում է.

«Հյուգո՛, ինձ ճանաչո՞ւմ ես»:

«Իսկ դու ո՞վ ես», - հարցնում է մահամերձը, և նրա սնարի մոտ կանգնածը պատասխանում է.

«Ես հզորագույններից հզորագույնն եմ, ես հարստագույններից հարստագույնն եմ: Եթե ուզենաս, կարող եմ քեզ մահվան գրկից հանել ու անել այնպես, որ դու երկար ապրես: Եվ որպեսզի դու հավատաս, որ ես քեզ լիակատար ճշմարտություն եմ ասում, ապա իմացիր, որ կայսր Կոնրադն հենց այս ժամին դարձել է իր կայսրության տիրակալը և շատ կարճ ժամանակում հնազանդեցրել է Գերմանիան ու Իտալիան»: Այս մարդը էլի ինչ-որ բաներ է ասում այդ նույն ժամանակ աշխարհում տեղի ունեցող տարբեր իրադարձությունների մասին: Նրան լսելուց հետո Հյուգը բարձրացնում է ձեռքը, որպեսզի խաչակնքի ու նաև ասում է.

«Աստծո և իմ տեր Հիսուս Քրիստոսի անունով վկայում եմ, որ դու ինքը սատանան ես»:

Այդժամ սատանան նրան ասում է.

«Իմ դեմ ձեռքդ մի՛ բարձրացրու», ու դրանից անմիջապես հետո ամբոխը ծխի նման ցրվում է, և Հյուգը նույն օրվա երեկոյան մեռնում է:

Նույն հեղինակը մեկ այլ պատմություն էլ է պատմում:

Ֆրիդրիխ 2-րդի ժամանակ Ֆրեյբուրգ քաղաքում մի երիտասարդ է ապրել, որը կրքոտ սիրահարված է եղել իր համաքաղաքացի մի աղջկա: Տղան որոշում է կախարդի օգնությամբ արժանանալ աղջկա սիրուն: Նա խոստանում է հավուր պատշաճի վճարել, եթե կախարդը գործը գլուխ բերի: Կախարգը գիշերը գալիս է նրա տուն ու նրան տանում է մի մեկուսի կառուցի մառան: Այստեղ կախարդը մի կլոր շրջան է գծում ու ինչ-որ պատկերներ է նկարում, ինքը մտնում է այդ շրջանի մեջ ու երիտասարդին էլ է մտցնում այնտեղ: Հետո անեծքի խոսքեր է ասում, ու անմիջապես հայտնվում են տարատեսակ կերպարանքներով ոգիներ: Այդ սատանաներից ամենաչարն այն նույն աղջկա կերպարանքն է առնում, որին սիրահարված էր երիտասարդը: Կերպարանափոխված սատանա-աղջիկը ժպտադեմ մոտենում է կախարդական շրջագծին; Սիրուց կուրացած երիտասարը ձեռքը մեկնում է աղջկան, բայց դա այնքան անզգուշորեն է անում, որ ձեռք կախարդված շրջագծից դուրս է գալիս: Սատանային էլ հենց այդ էր պետք: Նա անմիջապես բռնում է անզգույշ սիրահարի ձեռքը, դուրս է քաշում բոլորակից և, երկու կամ երեք անգամ թափահարելով, երիտասարդի գլուխը խփում է մառանի պատին, ապա անշնչացած մարմինը նետում է բոլորակի մեջ, և դրանից հետո դևերի ամբողջ խումբն անհետանում է: Երիտասարդի անշունչ մարմինն ընկնում է կախարդի վրա, և նա, չնայած բոլոր ճիգերին, ոչ մի կերպ չի կարողանում նրա տակից դուրս գալ ու չի էլ համարձակվում կախարդական շրջագծից դուրս գալ: Միայն առավոտյան, լսելով նրա տնքոցներն ու աղաղակը, մարդիկ մտնում են մառան ու այնտեղից դուրս են հանում երիտասարդի մեռած մարմինն ու կիսամեռ կախարդին:

Այս նույն Լելուայն առիթը բաց չի թողնում քարկոծելու դժբախտ հուգենոտներին՝ ֆրանսիացի բողոքականներին:

«Մեր օրերի բազում հերետիկոսներ ու աղանդավորներ, - գրում է նա, - չեն քաշվում սատանայի հետ հարաբերվելուց և արժանանում են նրա այցելություններին: Այսպես, օրինակ, Լյութերն ինքը ծանոթ սատանա է ունեցել, և այս հերձվածողը, այսինքն Լյութերը, այնքան անպատկառ է եղել, որ այդ մասին բացահայտորեն հայտարարել է իր գրվածքներում: Այդ գրվածքներից մեկում Լյութերը հաստատում է, որ ինքն իր ծանոթ սատանայի հետ բազմամյա շատ սերտ բարեկամական կապի մեջ է, այնքան սերտ, որ նրանք միասին մեկ ամբողջ տակառ աղ են կերել: Այդ սատանան նրան հաճախակի այցելել է, երբեմն գիշերները նրան քնից արթնացրել է ու ներշնչել, որ նա եկեղեցական ծառայության դեմ գրի, ընդ որում սատանան ինքն է այդ շարադրանքների համար հիմնավորումներ ու ապացույցներ հորինել»:

Այդ ժամանակների հերձվածողներից միայն Լյութերին չեն մեղադրել սատանայի հետ կապեր ունենալու մեջ: Օրինակ՝ բողոքական շարժման նշանավոր գործիչ Ցվինգլիի մասին հետևյալն է պատմվում: Մի անգամ գիշերն այս գիտնական-աստվածաբանը խորը մտորումների մեջ է ընկնում Հիսուսի` «Սա է իմ մարմինը» խոսքի առթիվ: Մտորումների պահին նրա առջև մի ոգի է հայտնվում՝ ո՛չ այն է սև, ո՛չ այն է սպիտակ և սկսում է նրան ներշնչել ու համոզել, որ Հիսուսի այս խոսքերը պետք է ոչ թե ուղիղ իմաստով հասկանալ, այլ փոխաբերական իմաստով, այսինքն դրանով նշվում է, թե հաղորդությանը ոչ թե Քրիստոսի իրական մարմինն է ներկա, այլ ընդամենը դրա ծիսական նշանակության մասին է խոսքը:

Կաթոլիկները Լյութերի աշակերտներից մեկի մասին հետևյալ պատմությունն են հորինել: Սատանան հայտնվում է նրան մահվան մահճում ու այնքան ուժգին է հարվածում նրան, որ մահամերձն անմիջապես շունչը փչում է:

17-րդ հարյուրամյակի 40-ական թվականներին Ֆրանսիայի Լուվե անունով փոքրիկ քաղաքի մերձակա մենաստանի գրեթե բոլոր միանձնուհիները հանկարծակի դիվահար են լինում: Տարածաշրջանի հոգևոր ղեկավարությունը հետաքննություն է կատարում: Ահա թե ինչ ցուցմունքներ են տվել միանձնուհիներից մի քանիսը:

Նրանցից մեկը` քույր Մարիամը, օրինակ, պնդել է, թե իր աչքերի առջև տարօրինակ կերպարանքներ են հայտնվել: Դրանցից մեկը երկայնամորուս ծերունու է նմանվել: Նա հայտնվել է գիշերվա ժամը չորսին, մտել է նրա խուցը, նստել է նրա անկողնուն ու հետևյալն է ասել.

«Ես հենց նոր տեսա քույր Մագդալինային: Ինչքա~ն չարն է նա: Նա մերն է լինելու: Բայց մյուսին չկարողացանք գայթակղել»: Բայց շուտով բարեպաշտ Մարիամն ուշքի է գալիս ու խաչանքում է, որից հետո տեսիլքն անհետանում է: Մեկ ուրիշ անգամ այս նույն միանձնուհուն դևն այլ կերպարանքով է ներկայանում: Չարի հայտնվելու պահին միանձնուհին ձեղնահարկում է եղել ու տեսել է, թե ինչպես է ձեղնահարկ ներթափանցում մի հսկայական սև գլուխ, որը սևեռուն նայում է նրան ու սարսափահար է անում խեղճ աղջկան: Բայց նա կարողանում է վախը հաղթահարել և ուշադիր նայել տեսիլքին: Շուտով տեսիլքն սկսում է աղոտանալ ու անհետանալ: Սարսափահար վիճակից ուշքի եկած միանձնուհին մոտենում է ձեղնահարկի այն հատվածին, որտեղից հայտնվել էր սատանան, ուշադիր զննում է, բայց ոչ մի սատանա չի նկատում. միայն լվացքի պարանն է ինքն իրեն կծկված ու լվացքը գետնին թափված լինում: Այդ բնույթի պատահարներ

(իրերը հատակին հայտնվելը, կահույքի շուռ գալը, ինչպես նաև տարատեսակ աղմուկները, թակոցներն ու դղրդյունները) կուսանոցում շարունակվել են այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ տնօրինել են դևերը:

Սատանաների հայտնվելու մասին բազմաթիվ «փաստեր» է հիշատակել 16-րդ դարի վերջում տպագրված «Սատանայի և չար ոգիների չարագործությունների մասին» գիրքը, որը հեղինակել է «գիտնական» վանահայր Կրեպեն: Նա, օրինակ, պատմում է մի անառակ կնոջ մասին, որը կապի մեջ է եղել մի հոգևորականի հետ: Այդ հոգևորականի մահից հետո անառակ կինը քուն ու դադար չի ունեցել, որովհետև նրան հաճախակի այցի է եկել դևն ու շարունակ տանջել է: Հենց որ նրան ստիպել են խոստովանել իր բոլոր մեղքերը, սատանան նրան անմիջապես հանգիստ է թողել:

Կրեպեի ղեկավարած մենաստանում մի սուրբ է եղել, որը մահացել է վերոհիշյալ դեպքից 100 տարի առաջ: Մի անգամ, սարսափելի ամպրոպի ժամանակ, երբ բոլոր վանականները եկեղեցում աղոթելիս են եղել, այս սուրբը տեսել է կայծակների հետ երկնքից իջնող ու եկեղեցի ներթափանցող դևին, որը մտադիր է եղել եկեղեցու եղած-չեղածն ավերել ու պղծել: Սուրբը կանգնել է դևի առաջ, ձեռքի խաչով փակել է նրա ճանապարհն ու Քրիստոսի անունից հրամայել է հեռանալ տաճարից: Եվ դևը ստիպված է եղել անվերապահորեն հնազանդվել նրան:

Մի շատ սարսափելի դեպք էլ «տեղի է ունեցել» Հռոմում: Այդ մասին տեղեկացնում է ոմն Ժան Դեկոր՝ 1584 թվականին տպագրված գրքի հեղինակը: Գիրքը լի է բազում հրաշապատումներով, որոնք ներկայացվում են որպես եղելություններ:

Շատ աղքատ ծնողների զավակ մի երիտասարդ անառակ կյանք է վարել, ընդ որում սա շատ չար բնավորություն է ունեցել: Չկարողանալով հոր հետ հաշտվել՝ նա նրան հայհոյում է ու ծեծում: Այս դաժան գործողության ընթացքում երիտասարդն այն աստիճան է կատաղում, որ օգնության է կանչում չար ոգիներին ու ցանկություն է հայտնում նրանց վաճառել իր հոգին: Դեպքը տեղի է ունենում Հռոմի մերձակա մի փոքրիկ գյուղում: Հոր հետ վեճից հետո երիտասարդը Հռոմ է մեկնում՝ մտքին դրած լինելով հոր գլխին մի չար օյին խաղալ: Ճանապարհին նա հանդիպում է սատանային, որը շատ կեղտոտ, պատառոտված հագուստ կրող, չարադեմ ու տհաճ մարդու կերպարանք է առած եղել: Սատանան հարցրել է երիտասարդին, թե ինչու է այդքան մտահոգ ու զայրացած: Երիտասարդը նրան պատմել է հոր հետ վեճի ու նրան ինչպես հարկն է նեղը գցելու մասին: Սատանան պատասխանել է, թե՛ ինքն էլ է այդ նույն հոգեվիճակում, թե՛ ինքն էլ է հոր հետ կռվել և ուզում է վրեժ լուծել, և այդ իսկ պատճառով, իբր, ավելի լավ կլինի, որ իրենք դաշինք կնքեն ու համատեղ գործեն: Շուտով նրանք գործի են անցնում: Գիշերելու համար հյուրատուն են գնում ու պառկում են քնելու: Բայց դեռ նոր էր երիտասարդը քնել, երբ մարդու կերպարանք առած սատանան սկսում է նրան խեղդել և, հավանաբար, կխեղդեր, եթե անառակ որդին ժամանակին օգնության չկանչեր Աստծուն: Հենց որ Աստծո անունը հնչում է, չար ոգին անմիջապես անհետանում է ու այդ անհետացման պահին տունն այնպես է ցնցում, որ քիչ է մնում այն փլուզվի: Այդ դասն օգտակար է լինում անառակ որդուն, որը դրանից հետո ուղղվում է, ապաշխարում և օրինավոր կյանք է սկսում:

16-րդ դարի գերմանացի աստվածաբան Հոդելմանը պատմում է Վյուրտենբերգում տեղի ունեցած մի դեպքի մասին, որի ժամանակ Հոդելմանը սովորել է տեղի ակադեմիայում: Ակադեմիայի պրոֆեսորներից մեկի դուռը մեկն ուժեղ թակում է: Տան ծառայողը բացում է այն և մուտքի դիմաց տեսնում է տարօրինակ հագնված մեկին: Այն հարցին, թե ինչ է հարկավոր, այցելուն պատասխանում է, թե ուզում է պրոֆեսորի հետ խոսել: Պրոֆեսորը թույլ է տալիս, որ մարդը տուն մտնի: Անծանոթը պրոֆեսորին մի քանի դժվարին աստվածաբանական հարց է տալիս, որոնց աստվածաբանն անմիջապես պատասխանում է: Այդժամ այցելուն ավելի դժվարին հարցեր է տալիս, և գիտնականը նրան ասում է.

«Ես հիմա զբաղված եմ: Վերցրու այս գիրքը, դրանում դու կգտնես քո հարցերի պատասխանները»: Բայց երբ անծանոթն ուզում է վերցնել գիրքը, աստվածաբան-գիտնականը, ձեռքերի փոխարեն, ճանկեր ունեցող թաթեր է տեսնում: Այս նշաններով ճանաչելով սատանային՝ գիտնականը նրան ասում է.

«Ուրեմն այդ դո՞ւ ես: Լսի՛ր, թե քո մասին Աստվածաշնչում ինչ է ասված»:

Բացելով գիրքը՝ գիտնականը ցույց է տալիս Ծննդոց գրքի այն հատվածը, որտեղ գրված է, թե Աստված ինչ է ասում օձին «…Ես թշնամություն եմ դնում քո և կնոջ մեջտեղը, և քո սերնդի ու նրա սերնդի մեջտեղը. Նա քո գլուխը կջախջախե»: Շփոթահար ու կատաղած սատանան անհետանում է՝ հընթացս թափելով թանաքամանի թանաքն ու անտանելի գարշահոտ արձակելով:

1600 թվականին լույս տեսած «Ձեր ժամանանակաշրջանի հրաշափառ ու հիշարժան պատմությունների գանձարան» գրքի հեղինակ Հուլարը հաղորդում է հետևյալի մասին: Ֆրեյբերգ քաղաքում մարդու կերպարանք առած սատանան հայտնվում է մի հիվանդի ու ցույց է տալիս ինչ-որ մի գիրք՝ համոզելով նրան ապաշխարել, ազատվել իր բոլոր մեղքերից: Խորհրդավոր այցելուն նաև ասում է, թե ինքն այդ մեղքերը պետք է այդ գրքում գրանցի: Հիվանդն սկզբում վախենում է, ու վախից լեզուն կապ է ընկնում, բայց շուտով սթափվում է ու համաձայնություն է հայտնում թելադրել իր բոլոր մեղքեր՝ պայմանով, որ այցելուն նախ իր գրքում խոշոր տառերով գրի Աստվածաշնչի այն խոսքն այն մասին, որ կնոջ սերունդները ջախջախելու են օձի գլուխը: Ինչպես նախորդ պատմությունում, սատանան անմիջապես անհետանում է՝ սենյակը լցնելով անտանելի գարշահոտով:

Այս նույն Գուլարը մի այլ պատմություն էլ է ներկայացրել: Թովմա անունով մի վանական իր վանքի մեկ այլ վանականի հետ վիճաբանում է, որի ընթացքում երկուսն էլ մեկմեկու տեղը տեղին հայհոյում են: Ի վերջո նրանք բաժանվում են, ու այս Թովման գնում է մերձակա անտառ՝ լիցքաթափվելու: Այստեղ նա երկարափեշ շոր հագած մի սևամորուս մարդու է հանդիպում: Այդ մարդը շատ տձև է լինում, իսկ հայացքը՝ սարսափազդու: Թովման նրան հարցնում է, թե ուր է գնում: Անծանոթը պատասխանում է, թե իր ձին փախել է ու ինքը նրան է որոնում: Վանականն ընկերակցում է նրան, ու նրանք մի խորը գետակի են հասնում: Վանականն ուզում է հանվել, որպեսզի գետն անցնելիս հագուստը չթրջվի, բայց անծանոթը նրան համոզում է իր շալակը ելնել: Վանականը համաձայնում է, բայց երբ գրկում է նրա պարանոցն ու ներքև է նայում, նկատում է, որ իր ուղեկցի ոտները հրեշավոր ու տարօրինակ տեսք ունեն: Վախեցած վանականն սկսում է աղոթել: Սուրբ խոսքերը լսելուն պես՝ ուղեկիցն իր շալակն ելածին անմիջապես գցում է իր վրայից ու այնպիսի թափով է փախուստի դիմում, որ տապալում է դիմացի հսկայական կաղնին ու կոտրատում է դրա բոլոր ճյուղերը: Երկար ժամանակ սարսափահար Թովման կիսամեռ վիճակում պառկած է մնում, ապա ուշքի է գալիս ու հեռանում:

Ահա այսպիսի անհեթեթություններով են քրիստոնյա հոգևորականները դարեր շարունակ կերակրել միամիտ ու անգրագետ մարդկանց:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
3269 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ