Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մի գյուղի պատմություն (մաս 1)

Arpi Tamrazyan
Հեղինակ`
Arpi Tamrazyan
22:18, շաբաթ, 03 փետրվարի, 2018 թ.
Մի գյուղի պատմություն (մաս 1)
     Բարև)
     Ծանոթացի՜ր, սա իմ գյուղն է, իմ հայրենի հողը` Հաղարծինը։ Լսել ե՞ս. ուրեմն ավելի լավ։ Ուզում եմ քեզ պատմել իմ փոքրիկ "հայրենիքի" մասին, այն հայրենիքի, հանուն որի շատերը թողնում են օտար ճանապարհներն ու ետ գալիս կրկին, այն հայրենիքի, որ աշխարհին հերոսներ է պարգևել, և որին աշխարհը հերոսներ է պարտք։
     Այստեղ գյուղի առօրյայից հոգնած, սեփական տան գործից, անասունի բառաչից, այգու համեստ բահից ու շինականի քաղցր երգից զատ մարդկանց մեջ հույսն է ապրում, հայրենասիրական ոգին, սերը առ ծնող, զավակ, Հայրենիք, և թվում է` բնական երևույթ է, հենց այդպես էլ պետք է լիներ, բայց ոչ... չգիտեմ, ներսումս երևի հպարտ գյուղացու արյունն է խոսում, որ համագյուղացիներիս փորձում եմ տեսնել այլ կաղապարի, այլ գույների, այլ ասպեկտի ներքո, բայց այդպես է... այստեղ բոլորը բոլորին ճանաչում են. կան այրեր, ովքեր մեծ հարգանք, սեր ու ակնածանք են վայելում թեկուզ իրենց Մարդ տեսակի համար։
     Լսած կլինեք, որ գյուղացիները եկել են դեռ դարեր առաջ Արցախից, հաստատվել Աչաջուր կոչվող գյուղում և այնտեղից էլ եկել ու հիմնել են իրենց գյուղը։ Ասում են` տարածքը նախկինում ամբողջությամբ ջրով է պատված եղել, բայց տարիների ընթացքում ջուրը ցամաքել է, և այժմ ունենք այն, ինչ ունենք։ Այստեղ Հայոց մեծ արքաների ամառանոցներն են եղել, և տեղանքը այն ժամանակ կոչվել է Ալիշտու, այսինքն` Աղստևի հովիտ...
     Գյուղի նախկին անունը` Ջարխեչը, որը թերևս ամենատարածված ձևն է, ունի իր բառացի նշանակությունը` ջհար խաչ (թուրքերեն` չորս խաչ) ։ Երբ գյուղացիներիցս հարցնեք, թե գյուղի անունն ինչպես է, միանգամից կպատասխանեն` Ջարխեչ, իսկ իրենց` Ջարխչեցի... և միայն տեսնեք` որքան ջերմությամբ, որքան հպարտությամբ ու ակնածանքով են արտասահմանում այդ տառերի փունջը...
     Գյուղի "գլխին" վեհ կանգնած է Աբեղաքարը, որը կարծես անքուն զինվորի նման զօրուգիշեր հսկում է իր փոքրիկ միջնաբերդը։ Այնքան էլ բարձր չէ, մի քանի անգամ էլ փորձել եմ բարձրանալ, գյուղը գեղեցիկ է հատկապես սարի կատարից... աշնանը... խոր աշնանը... պատկերացրի՞ք։
     Երկար փորձում եմ մտածել, թե էլ ինչ կհետաքրքրի Ձեզ գյուղի պատմության, առօրյայի ու մարդկանց մասին, և հիշում եմ թե որքան բան եմ Ձեզ պատմելու։ Բայց այդ ամենը թողնենք հաջորդ անգամ, հիմա վերցրեք մի փոքրիկ ճամպրուկ, ներսում դրեք տաք հագուստ ու դուրս եկեք տնից, հասեք մեզ մոտ` Ջարխեչ (իրականում Հաղարծին) և էլ ոչնչի մասին մի մտածեք, քանի որ այստեղ ամեն մի օջախ կառուցված է ջերմության, հյուրընկալության և պարզ մարդու խառնվածքի սկզբունքով։
    
     Ամենայն բարիք ^^
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5882 | 0 | 0
Facebook