Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Նիք Վույիչիչ. անվերջույթ լեգենդ...

«ԷԽՈ» ՀԿ լրատու
Մամուլի խոսնակ`
«ԷԽՈ» ՀԿ լրատու
00:59, երկուշաբթի, 20 օգոստոսի, 2012 թ.
Նիք Վույիչիչ. անվերջույթ լեգենդ...
     Մի պահ պատկերացրու՝ ծնված լինեիր առանց ձեռքերի: Չկարողանայիր որևէ մեկին երբևէ գրկել: Որևէ բանի հպվել և նույնիսկ, անգամ, Ճանճ քշել, դուռ բացել: Կամ պատկերացրու ոտքեր չունենայիր: Չկարողանայիր քայլել, վազել, պարել կամ ուղղակի՝ կանգնել երկու ոտքի վրա: Հիմա միացրու այդ երկու սցենարը՝ ոչ ձեռք ունենայիր, ոչ ոտք: Ի՞նչ կանեիր: Ո՞նց կսկսվեր օրդ: Ի՞նչ կփոխվեր կյանքումդ:
    
     Ծանոթացիր՝ Նիք Վույիչիչ: 29 տարեկան է, սերբ, Ավստրալիայում է ծնվել-մեծացել: Ծնվել է առանց վերջույթների՝ ոտքերի ու ձեռքերի: Բժիշկները որևէ բացատրություն չեն կարողացել տալ: Ծնողներին մի քանի ամիս է պահանջվել՝ կատարվածը գիտակցելու և ընդունելու համար: Արել են ամեն ինչ, որպեսզի Նիքն իրեն լիարժեք մարդ զգա: Նիքն առաջին հաշմանդամ երեխան է եղել Ավստրալիայում, ում, ծնողների ջանքերով, հնարավորություն է տրվել սովորել հանրակրթական դպրոցում: Դժվար չէ կռահել, որ դպրոցական կյանքի ընթացքում նա ստիպված է եղել շատ ավելին հաղթահարել, քան ես ու դու: 7 տարեկանում Նիքի համար հատուկ էլեկտրոնային ձեռքեր են պատվիրել, որոնցից նա կարճ ժամանակ անց հրաժարվել է՝ ծանր էին ու ավելի էին դժվարացնում առանց այն էլ հեշտ չտրվող շարժումները: 8 տարեկանում Նիքը փորձել է ինքնասպան լինել տան լոգարանում: Իր խոսքերով՝ դրանից հետո է փոխվել կյանքի նկատմամբ իր ընկալումը: Սկսել է ելք փնտրել իրավիճակից, բայց ոչ կյանքի հակառակ կողմում, այլ կյանքի մեջ: Ամենօրյա գործողություններից է սկսել, որոնց իրականացումը մեր գիտակցության մեջ ձեռքերի կամ ոտքերի պարտադիր ներգրավվածություն է ենթադրում՝ ատամները լվանալ, սանրվել, համակարգչից օգտվել, զբաղվել լողով ու այլ սպորտաձևերով: Հիմա Նիքը ԱՄՆ-ում է ապրում և նախագահում է «Attitude is Altitude» (Վերաբերմունքը բարձրություն է) բարեգործական հասարակական կազմակերպությունը: Նիքի գաղափարախոսության հիմնական մասն է. վերաբերմունքն է պայմանավորում գոյություն ունեցող հանգամանքների զարգացումը, խոչընդոտները պետք է ընկալել ոչ թե որպես խնդիր, այլ մարտահրավեր, հնարավորություն՝ դրանք հաղթահարելու ու առաջ գնալու: Իր տարիքի ամեն «լիարժեք» մարդ չէ, որ կարող է համեմատվել Նիքի հետ՝ ձ եռքբերումներով, կայացածությամբ ու կամքի ուժով: Հիմա Նիքը ճամփորդում է աշխարհի երկրներով գրեթե անդադար, հանդիպում է դպրոցականների, ուսանողների, գործարարների, եկեղեցականների, քաղաքական գործիչների հետ, կիսում իր փորձը: Միայն այս տարվա ընթացքում Նիքի այցելությունների ժամանակացույցը 20 երկիր է ընդգրկում: Գրելու շատ բան Նիքի մասին չկա:
     Բավական է դիտել այս տեսանյութը: Զարմանալի է, բայց նրան նայելիս դիսկոմֆորտ կամ խղճահարություն չես զգում, այլ հիացմունք: Լուսավոր աչքերով ու հրաշալի հումորի զգացումով այս շատ համակրելի երիտասարդին անհնար է չհամակրել: Նայում ես ու ամաչում բոլոր նվնվոցներիդ, դժգոհություններիդ ու ծուլությանդ համար: Գիտակցում, թե ինչքան մեծ են հնարավորություններդ ու դրանց ինչ չնչին հատվածն ես մինչ օրս օգտագործել: Համենայն դեպս, լավ է, որ կյանքի հանդեպ վերաբերմունքդ վերանայելու համար դեռևս շատ ուշ չէ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
5489 | 0 | 0
Facebook