ԱՌԵՎԱՆԳՈՒՄ ՏԱՐԵՄՈՒՏԻՆ /պատմվածք/
- Եթե մի փոքր ուշ գայիք, գնացած կլինեի: - Ինը չկա: - Մոռանո՞ւմ եք` նախատոնական օր է: - Հակառակը չպիտի՞ լիներ. համոզված էի` մինչև տասներկուսը կաշխատեք: - Բոլորը ձեզ նման վերջին պահին չեն թողնում: Վարպետն ո՞վ էր` Արկո՞ն: - Առաջին անգամ է: Սովորաբար կենտրոն եմ իջնում, ասի` ժամանակ շահեմ: - Մեքենայո՞վ եք, - վարսավիրուհին պատուհանից նայեց: - Մոտիկ պիտի կանգնեցրած լինեիք: - Որքա՞ն կտևի: - Ինքս չեմ սպասարկում, բայց որ եկել եք... Ի՞նչ է հարկավոր. եթե միայն մազերը` կես ժամ: - Ոչ միայն. մորուքիցս հիմնավոր ձանձրացել եմ: Նոր տարին ուզում եմ սափրված դիմավորել: - Ձեզ սազում է: - Առանց մորուքի էլ տանելի եմ: - Կուշանամ, սակայն մինչև Սուրբ Ծնունդ դժվար թե բաց վարսավիրանոց գտնեք, հո այդպես չե՞ք մնա: Վերարկուն այնտեղ կախեք, - նա մատնացույց արեց անկյունի կախիչը: Սրահում տաք էր. այցելուն հանեց նաև բաճկոնը: - Քունքերի, ծոծրակի հատվածը լավ կխուզեք` կարճ: - Հիմա անգամ տարիքով մարդիկ են նորաձևությանը հետևում: Վերջերս մեկը եկել էր` վաթսունն անց, ստիպեց ջահելավարի կտրենք, - կինը հաճախորդին օձիքն ի վար ծրարեց մուգ, ծնկները ծածկող լաթով: - Երևակայեք` չէր սխալվում: - Քահանայի նմանվեցի: Տեր, գթա մեղավորիս, - այցելուն փորձեց շորի տակ խաչակնքել: - Խանգարում է: - Սկսեցինք, այլևս չշարժվեք: Առաջին կտրած մազափնջին հաջորդեց երկրորդը: - Այսօր եք լվացել: - Ի՞նչ իմացաք: - Սանրի տակ ցցվում են. ստիպված եմ թրջել, - վարսավիրուհին ջուր սրսկեց: Մի քանի կաթիլ տղամարդու ճակատն ի վար ծորաց` ստիպելով փակել կոպը: - Մա՞զ ընկավ, - կնոջ հարցում հոգողություն կար: - Երկրորդ անգամ լողացա: Կինը տեսավ կաթիլքը, բամբակով մաքրեց. - Հետ եմ վարժվել: - Ձե՞րն է: - Տարածքը` չէ, վարձել եմ: - Տակը հազիվ բան մնա` ծայրամաս է: Տուն պահել լինու՞մ է: - Ոչինչ` դժգոհ չեմ: - Եթե լավ կտրեք, այսուհետ ձեզ մոտ կգամ: - Կաշխատեմ, ափսոս ժամանակն է քիչ: - Տանը եփութափի գործ շա՞տ կա, տոլման... - Կթողնե՞ն մոտ գնամ: Եղբայրս ուր որ է պիտի գա` ուշացավ: - Ես կտանեմ. իմ պատճառով մնացիք: Որտե՞ղ եք ապրում: - Երկու կանգառ ներքև: - Զանգեք` չանհանգստանան: Վարսավիրանոցը հեռախոս ունի՞: - Կա: - Վերջում համարը կասեք, որպեսզի հետագայում` նախքան գալս ժամ պայմանավորվեմ: - Եթե հավանեք: - Իմ կարծիքով հոյակապ է ստացվում: - Հաճոյախոսում եք: Մինչև չսափրեմ, լավն ու վատը չեն երևա: Վաղո՞ւց եք միրուք պահում: - Շարժման առաջին իսկ տարուց: Իսկ ձեր եղբայրն ի՞նչ մեքենա է վարում: - Ընկերոջ հետ է գալու, կարծեմ` «Ժիգուլի» է: Իրենը, կլինի մի տարի, ծախել է: - Հասաք բեղ-մորուքի՞ն, փակեմ աչքերս: - Հեշտ լինելու համար սկզբում կխուզեմ: - Միևնույն է` չեմ ուզում տեսնել այլանդակ կերպարս: - Եթե ափսոսում եք, ուշ չէ: - Որքան շուտ, այնքան լավ: Որոշված է: - Ես էլ եմ ձեզ պես. մի բան մտավ գլուխս` վերջ, - մկրատով խռիվ մազածածկույթը կարճելուց հետո նա անցավ օճառելուն: Տղամարդը բացեց աչքերը: Դեմքը փրփուրի մեջ էր: - Հիմա պետք է խնդրեմ լռել, - կինն ածելին մոտեցրեց հաճախորդի քունքին, զգույշ փորձեց: - Կոշտություն կա, թող փափկի: Սուրճ դնե՞մ, - ընթացքում չոր խոզանակով հեռացրեց օձիքին, լաթին կպած մազերը, ոտնատակից ավլեց թափվածը: - Ընդհանրապես չեմ խմում: - Թե՞յ... - Հազվադեպ, սակայն ոչ հիմա: - Խմիչք առաջարկեմ, կասեք` մեքենայով եմ: - Դա` ինձ վրա, եթե չեք առարկի: - Հրավիրո՞ւմ եք` որտե՞ղ: - Ուր կամենաք` մեր տուն, ռեստորան... - Եղբայրս խանդոտ է, նկատի ունեցեք: - Թող ինքը ևս գա: - Մնացին մայրս ու հարսս: Տեսնեմ ի՞նչ են անում: Հայելու մեջ արտացոլված պատկերն ուսումնասիրելու հնարավորություն տղամարդը լիուլի ուներ: Կինը (թե՞ օրիորդը) կլիներ առավելագույնը երեսուն տարեկան: Հարթ, ուսերն ի վար թափվող սրճագույն ծամեր ուներ, անթերի ճերմակ մաշկ, դեմքը, որքան էլ տարօրինակ թվաց, անշպար էր, մարմինը` կառուցիկ: Մինչևիսկ աշխատանքային գոգնոցի տակ, որն սպասարկելուց առաջ հագավ, ընդգծվում էին կոնքերը: Թիկունքով այցելուին էր կանգնած: Շրջվելով` նկատեց զարդահայելում բևեռված հայացքը, ձգվեց, բայց և շարունակեց զրուցել, հավանաբար` մոր հետ: - Համաձայնեցի՞ն, - երբ ետ եկավ, հարցրեց: - Եղբայրս տանը չէ, իսկ մայրս, - կինը երկդիմի ծիծաղեց, - խորհուրդ չտվեց անծանոթի հետ տեղ գնալ: - Բայց նա չգիտի` ինչ պարկեշտի է վստահում դստերը: - Բոլոր տղամարդիկ մի սանրի կտավ են. նրա սիրած խոսքն է: - Ախ այդպե՛ս: Ուրեմն` ես ձեզ հյուր կգամ: - Կատակին` վերջ, - նա վերստին օճառ քսելուց հետո ձեռքն առավ սայրը: - Մնաս բարով, իմ քնքուշ գազան, - հաճախորդը վրա բերեց կոպերը: - Միշտ կամեցել եմ իմանալ` ինչո՞ւ են պահում: - Որպեսզի ազդեցիկ տեսք ունենան, շուք է տալիս: - Իսկապե՞ս: - Չե՞ք նկատել` արվեստագետները խոհուն հայացք են ձեռք բերում, կռված տղերքը` խրոխտություն: - Լղպորներ նույնպես կան: - Այդպիսիք իգությունն են թաքցնում: - Դուք ո՞ր ցուցակում եք: - Համենայնդեպս` ոչ վերջին: Գործի բնո՞ւյթն էր պահանջում, թե՞ ակամա, կինը սափրելու ընթացքում խիստ մերձ էր կանգնել, այնքան, որ թվում էր այցելուի գլուխը չափից ավելի է սեղմել մարմնին, իսկ ազատ ձեռքի մատները, որոնցով ուղղություն էր տալիս, շոյում են պարանոցը: Նա վերջում տաք, խոնավ սրբիչով մանրակրկիտ մերսեց հաճախորդի դեմքը: Կնոջից արտածվող ջերմությունը, փաղաքուշ շարժումները հաճելի թմբիր էին բերում: - Կարող եք բացել, ավարտեցի, - վարսահարդարն զգույշ արձակեց կաշկանդող լաթը: - Չե՞մ հիասթափվի: - Նախկին խրոխտ տեսքը չունեք, բայց խոհեմությունը պահպանվել է: Այցելուն սարտչած` ձեռքը տարավ, շոշափեց այտերը. - Տարօրինակ ողորկ են: Թեթևություն եմ զգում, ասես...- նա հարմար բառ էր փնտրում, չգտավ, - կարծես մերկ լինեմ: Գլուխս էլ չսափրե՞մ: - Այդ մեկը` չէ: Ժամանակ չունեմ, բացի դա... շատ տպավորիչ եք: - Ավելի, քան առանց մորուքի՞: - Այնպես էլ վատ չէր: - Ընդամե՞նը: Իսկ ես սպասում էի «հրաշալի», «փառահեղ» բառերին: - Սիրում եք գովաբանե՞ն: Ի՞նչ օծանելիք շաղ տամ: - Թա՞նկ հաճույք է: - Նայած՝ ում համար: - Քանի որ առանձնահատուկ օր է, օծեք աշխարհիկ կյանք վերադարձածիս անուշաբույր յուղերով, որպեսզի մեկ անգամ ևս վայելեմ ձեր նրբին մատների շոյանքը, - տղամարդը ձայնին հանդիսավորություն հաղորդեց: - Հատուկ սպասարկման համար, ուրեմն, սակագինը կբազմապատկեմ, - մեկ անգամ ևս հայելու մեջ այցելուին հայացքով տնտղելուց, սանրով վերջին շտկումները կատարելուց և օծանելիք շաղելուց հետո կինը հանեց գոգնոցը: - Վե՛րջ: - Որքա՞ն եմ վճարելու, - հաճախորդը ձեռքը գրպանը տանելու համար ոտքի ելավ: - Բավակա՞ն է, - և պարզեց հինգ հազարանոցը: Նույն պահին էլ լուսամուտից նայելով, տեսավ` մեքենան տեղում չէ: - Ավտոս տարել են: - Ի՞նչ... - Չկա...- նա մղվեց դեպի ելքը: - Ներսից փակել եմ, սպասեք` ինքս: Բանալին դռան վրա էր: Կինը մնաց հարթակին, տղամարդն իջավ փողոց: Մայթեզրին երկու մեքենա կար, մեկի լույսերը վառվում էին: Նկատելով անծանոթի մոտենալը` վարորդն իջեցրեց ապակին: - Վաղո՞ւց եք սպասում: - Դո՞ւք եք պատվիրել: - Սպիտակ 07 տեսե՞լ եք, - և ցույց տվեց իր մեքենայի կայանատեղը: Պատասխանը հուսադրող չէր: - Ավտո չի եղել. կլինի հինգ րոպե կանգնած եմ: - Լավ... Դիմացինի մոլոր պահվածքը վարորդին, ըստ երևույթին, տարօրինակ թվաց. - Բա՞ն է պատահել: - Մեքենաս գողացել են, - ակամա բացվեց: - Ո՞նց... - Հա՛: Մտել էի մազերս կտրել տալու: - Զանգիր միլիցիա: - Կգտնե՞ն որ...- երկբայեց: - Ուղևորի եմ սպասում, թե չէ... Հրեն, եկան: Բնակելիի մուտքից ելած տարեց զույգը նստեց: Վարորդը գործի գցեց շարժիչը, սակայն առժամանակ չէր շարժվում, ապա երկարեց գլուխը. - Միլիցիան, ասում են, երկու շենք այն կողմ է` դպրոցի մոտ: Նրանք մեկնեցին: Վարսահարդարը սանդուղքով իջել, կտրում էր փողոցը: - Հետ գնացեք, գալիս եմ: - Ի՞նչ ասաց: - Տաքսի էր` չի տեսել: - Ո՞վ տարած կլինի, - կինն իրար էր խառնվել: - Գոնե Գնելը գար, ո՞ւր մնաց: Վարդուշը...- նա ուղղվեց խմորեղենի կրպակի կողմը: - Փակ է, այս ժամին ի՞նչ գործ ունի: Գնանք ներս: Թա՞նկ մեքենա է, ի՞նչ կարժենա: - Ահագին: - Նոր էր` չէ՞: Սպիտակ գույնն աչքիս առաջ է: - Երկու տարվա: Ցերեկն էի լվանալ տվել` նախքան ձյան գալը. ասի` մաքուր լինի: - Ո՞նց են տարել: Բանալին... - Գրպանումս կլինի: Վերադարձան սրահ: Տղամարդն ստուգեց բաճկոնի, վերարկուի գրպանները. - Երևի վրան եմ թողել: - Նման բան կանե՞ն: - Մոռացա, - նա վերջապես վերստին ժպտաց: - Ձեզ տեսնելուց հետո խելք չմնաց գլխիս: - Պիտի շուտ-շուտ աչքս վրան գցեի: Սկզբում ուզում էի ասել` այս մայթը տեղափոխեք, ձայն որ չհանեցիք... - Ո՞նց էլ նկատել են: Տեղը թեք է, երևի հրելով հեռացրել են, որպեսզի շարժիչի ձայնը չլսենք: - Ի՞նչ միլիցիայի մասին էր տաքսիստն ասում: Դպրոցի տեղը գիտեմ` հինգ րոպեի ճամփա է: - Զանգեմ 1-02: Կինը մոտեցրեց հեռախոսը: Համարն զբաղված էր: - Ժամանակ չկորցնենք: Տղամարդն օգնեց կնոջը, ինքը ևս հագավ: - Քանի՞սը կլինի: - Տասն անց քսան: - Դռան վրա գրություն կթողնեմ: Հնարավոր է շարժվենք, ու Գնելը գա: Ընկերը ծանոթներ շատ ունի. գուցե հետքի վրա ելնեն: Հնի վրա նստած նոր ձյան միջով քայլելը, մանավանդ սառցակալած տեղերով, դժվար էր: Երկուսն էլ մեկմեկուց բռնվելու պահանջ, նաև կարիք ունեին, սակայն մտերիմ չլինելը կաշկանդում էր: - Շա՞տ եք վատ զգում: - Եթե ասեմ` չէ, թաքցրած կլինեմ: - Կգտնվի, չվախենաք: - Մխիթարո՞ւմ եք: Ուղղակի տրամադրությունս գցեցին. հրաշալի օր էր սկսվում: - Ձեզ խրոխտ պահեք և... խոհեմ: - Առանց մորուքի և մեքենայի՞: - Սիրտս վկայում է` մինչև տասներկուսը կգտնենք: - Անպայման ռեստորան կհրավիրեմ: - Հնարավոր է և գամ: Տղամարդու ընկճվածությունն աստիճանաբար անցնում էր. - Ոչինչ, մի դուռ կբացվի: Գտածս, իմ սիրտը նույնպես վկայում է, շատ ավելի թանկ է: Կինը ձայն չհանեց: - Ձեզ նկատի ունեմ: Վերստին լռություն: - Երախտապարտ կլինեմ, եթե բռնվեք, - տղամարդը բացեց թևքը: - Շուտ պիտի առաջարկած լինեիք: Թև-թևի էլ մտան ոստիկանական բաժանմունք: Հերթապահը խաչբառով էր զբաղված: Ընդմիջելով` ներկայացրին պատահարը: Ոստիկանը մատյանում գրանցեց մեքենատիրոջ անունը, ազգանունը, տան, գործատեղի հեռախոսահամարները, դիմելու ժամը, փոխադրամիջոցի մակնիշը, պետհամարանիշը, առևանգման վայրը, մի խոսքով` հնարավոր ամեն տեղեկություն քաղեց: Դա բավական չէ, թուղթ տվեց, որպեսզի խնդրարկուն անձամբ դիմում գրի: - Կարգ է, - ասաց: - Հույս կա՞, - հարցրին: - Ես կենտրոնին կփոխանցեմ, նրանք` պետավտոտեսչությանը: Հնարավոր է, եթե չեն հասցրել թաքցնել, բռնեն: Վատն այն է, տոնական օրեր են սկսվում: Ինքներդ լավ գիտեք, չնայած ուժեղացված ռեժիմ ասվածին, աշխատանքը գրեթե մի շաբաթ կազմալուծվում է: Իմ խորհուրդը` եթե կարող եք, թաղի «հեղինակություններից» մեկ-երկուսին գտեք: Դժվար պատահական մարդ լինի տարած: Մենք, իհարկե, գործ կբացենք, թաղայինի միջոցով, եթե նորություն լինի, լուր կտանք: Շնորհակալություն հայտնելով` դուրս եկան: - Վերադառնանք վարսավիրանոց, եղբայրս եկած կլինի: - Գուցե տո՞ւն ճամփեմ: - Հետո կորոշենք: - Գլխացավանքի մեջ գցեցի: - Ի՞նչ եք կարծում` մի բան կանե՞ն, - կինը թեման փոխեց: - Եթե իրար հետ կապված չեն: - Օրինավոր մարդու տպավորություն թողեց: - Դրա համար էլ Նոր տարով հերթապահ են կարգել: Վարսավիրանոցի շրջակայքում մարդ, մեքենա չկար: Չբացած` կինը նկատեց գրության բացակայությունը: - Եթե Գնելը եկած լիներ, կսպասեր: - Գուցե ուրիշ ճամփո՞վ է գնացել: - Գրել էի, որ հետ եմ գալու, ընդամենը` դա: Մտնելու պահին հեռախոսը ծլնգաց: Կինը երկրորդ զանգին հասցրեց վերցնել. նա էր: - Ի՞նչ եղար, - վրա տվեց քույրը: Գնելը երկար` բան էր բացատրում: Հետո կապն ընդհատվեց: - Ընկերոջ հետ լռվել են կենդանաբանականի ձորում` խցանում է: Ոչ վերև, ոչ ներքև, - ասում է, - հնարավոր չէ քշել: Ինչ-որ մեկի բջջայինով էր խոսում: Չհասցրի բան ասել: Չեմ հասկանում` ի՞նչ գործ ունի քաղաքում: Վալերի հետ է: Վերջերս են մտերմացել: Ինձ դուր չի գալիս. մի տեսակ մութ տղա է... Գուցե նորից միանա, մի քիչ սպասե՞նք: - Ձեզ համար եմ անհանգիստ: - Իսկ ձերոնք... Ինչո՞ւ չեք զանգում: - Մենակ եմ ապրում: Կոլեկտիվով պիտի «Հին Հռոմում» հավաքվենք. ամանորի առթիվ է: Տասնմեկն անց է, դեռ ժամանակ կա: Եթե թույլ տան, ձեզ իսկապես հետս կտանեմ: Երևի մինչ այդ խցանումը բացվի: - Այսքանից հետո տրամադրություն ունե՞ք: - Նոր տարի է գալիս, հո սուգ չե՞մ անի: Չծանոթացանք էլ... - Ձեր անունը ոստիկանությունում լսեցի` Մուշեղ է, չէ՞: Իմն Արուս է: - Հնչեղ անուն է: Արուսյակը Վեներան է: Լուսաստղ ենք ասում: - Գիտեմ` մոլորակ է, այդքան: - Եթե մի օր պարզ եղանակ լինի, ցույց կտամ: Ջերմ օրերն առջևում են: Զանգը վերստին հնչեց: - Գնելը կլինի, - Արուսյակն առպահ ունկնդրելուց հետո, սակայն, խոսանցքը փակելով և փոքր ինչ երկյուղած` շշնջաց: - Ձեզ հետ են կամենում խոսել: Մուշեղը տարակուսած` վերցրեց ընկալուչը: - Ուզո՞ւմ ես ավտոդ բերենք, - հարցրեց ձայնը: - Գտա՞ք, - կարծեց ոստիկանությունից են, սակայն նույն պահին մտաբերեց` հերթապահությունում վարսավիրանոցի համարը չթողեցին, թեև նրանց ի՞նչ... - Հա՛, մեզ մոտ է: - Որտե՞ղ էր: - Հարցիս պատասխանիր` ուզո՞ւմ ես: - Պարզ չէ՞, - խոսքի հնչերանգը` անդուր, պահանջկոտ, շփոթեցնող էր, բայց այն միտքը, որ մեքենան կա, հույս էր: - Ու՞ր գամ: - Հարցեր կան, ճշտենք` նոր. ետ վերցնելու համար փող է պետք: - Մաղարի՞չ: Կտամ, իհարկե, - Մուշեղը ժպտաց բան ըմբռնել ձգտող Արուսյակին: - Հիսունը բավակա՞ն է: - Հինգ հարյուր, - հնչեց պատասխանը: - Դրամ, թե՞ դոլար: Հեռախոսի մյուս ծայրում քմծիծաղեցին, այնուհետ խոսափողը մեկ ուրիշը վերցրեց. - Կանաչ, ապեր, կանաչը գիտե՞ս որն է: - Հինգ հարյո՞ւր, - Մուշեղն ապշեց, - այդքան շա՞տ: Դուք ո՞վ եք: - Ինչ կասեմ, լավ լսիր. ավտոդ մեզ մոտ է` մագով, ամեն բան տեղն է: Մեր ասած թիվը տուր, բերենք Հայկի արձանի մոտ, թե չէ կմախքը կգտնես: Նոր համոզվեց, որ գործ ունի առևանգողների հետ: Ձայնի խռպոտ լինելն էլ, հասկացավ, չճանաչվելու համար է: Թաշկինակ, բան կլինեն անցքին պահած` մտածեց: Ծանրութեթևի ժամ չէր. նրանից վճիռ էին սպասում: - Ինչքա՞ն ժամանակ եք տալիս: - Քեզնից է կախված: Եթե շուտ բերես, թիվը չի փոխվի: - Ճարելու խնդիր կա: - Կունենաս: Տասը րոպեից կզանգենք, որոշիր: Իմացած լինես, - վերջին պահին ձայնն զգուշացրեց, - եթե միլիցիա ես դիմել, մարդ մեջ գցել, ավտո չես տեսնի: Եղա՞վ: - Գողացողներն էին, - Մուշեղը դրեց լսափողը: - Իրենք են պոկել գրությունը, - Արուսն ընթացքում սուրճ էր դրել: - Ձեզ ի՞նչ հյուրասիրեմ, - նա սառնարանից տուփով հյութ հանեց: - Գոնե սա` բնական է: Ստոր սողունները... Շատ-շատ են ուզում: Գնելը, Վալերը դրանց հաստատ կճանաչեն: Հնարավոր է անգամ դիմացի շենքից լինեն: Որ իջաք, տղաներ չկայի՞ն կանգնած: - Ուշադիր չեմ եղել, - Մուշեղը հայացք գցեց բնակելիին. բոլորի լույսերը վառվում էին: - Էլ ուշ է, - նա ձեռքը գրպանը տարավ: - Հարյուր հիսուն դոլար ունեմ, - հաշվեց նաև դրամը, - և երեսունհինգ հազար` մերով: Հինգը մազերի վարձն է: - Մնացածը ես կտամ: - Ոչ մի դեպքում. փեսայիցս կվերցնեմ` քրոջս ամուսնուց: - Ինչո՞ւ մտահոգվի` քույր է... Տղամարդը մտմտուքի մեջ էր. - Հայկի արձանի մոտ են ժամադրում: - Մեր կողքի շենքն է: - Հիմա են ուզում, թե չէ, ասում են, գինը կբարձրացնենք: - Ստոր սողուններին տես... Փողը տանն է: Հեռախոսազանգն ընդհատեց զրույցը: - Ես կվերցնեմ, - Մուշեղն արտորաց: Նրանք էին. - Ի՞նչ որոշեցիր: - Պակաս հնարավո՞ր է` այդքան չունեմ: - Ամենացածր թիվն է: Մենք էլ մարդ ենք. դեմը Նոր տարի է, թե չէ հինգով չէիր պրծնի: - Կես ժամից կգամ: Պահանջեցին սպասել. ինչ-որ բան էին որոշում, հետո ձայնը նախկին հանգույն` - Տասներկուսից տասը պակաս` Հայկի մոտ: Կմոտենաս արձանին, ոտերի դեմ սիգարեթի տուփ կլինի, կդնես մեջը, կիջնես: Ավտոն կգտնես թերթի կրպակի մոտ: - Բա բանալի՞ն: - Վրան կլինի: - Եթե մի թեթև ուշանամ, սպասեք: - Պայմանը չխախտես` մարդ-մուրդ հետդ չլինի: Լավություն ենք անում, տես, քթիցդ կհանենք: Ուղիղ կես ժամ ունես: Դուրս եկան գլխավոր փողոց: Կանգառում սպասող չկար, երթևեկը սակավ էր: Այս ժամին ի՞նչ խցանում, - մտածեց Մուշեղը, - տարօրինակ է, - սակայն չարտահայտվեց: - Մեկ շաբաթով հինգ հարյուր դոլար պարտք եմ խնդրում, - նա խաղի կանոններում վճռեց որոշակիություն մտցնել: - Մինչև տոներից հետո բանկի բացվելը, չեմ ուշացնի: - Կտամ, բայց ինչո՞ւ այդքան. հարյուր հիսուն ունեիք: - Գրպանինս ռեստորանի համար է: - Արժե՞ որ... - Սրանից լավ առի՞թ. մեքենան գտնվեց: Տաքսու, երթուղայինի սպասելն իմաստ չուներ: Երկու կանգառ ճեպեցին: - Չեմ ուշանա, - Արուսյակը քանդեց վզնոցը: - Շոգեցի: Մինչ նրա գալը, մեկը ելնելով մուտքից` փութանակի դիմեց շենքի մյուս երեսը: Վերարկուի վրա բերած կնգուղը սքողել էր դեմքը: Տպավորությունն այնպիսին էր` հանդիպման է շտապում: Պարապությունից Մուշեղն սկսեց հաշվել բնակելիի հարկերը: Չկարողացավ. խոշոր փաթիլները` կտրվելու նշան, խանգարում էին: Նույնը փորձեց վերևից, որպեսզի հայացքը չշաղվի, աչքերը կկոցած: Շենքը տասներկու հարկանի էր` քառաթև: - Մերը հինգերորդ հարկում է, ա՛յ, այն պատուհանները, - Արուսյակն էր վերադարձել: - Այդպես էլ գիտեի. լավագույն հարկում պետք է ընտրագույնն ապրի: - Հինգ հարյուր է, - Արուսը գումարը տվեց Մուշեղին: - Տնեցիները հե՞շտ համաձայնեցին. իրար գրեթե չենք ճանաչում: - Սա մեր գաղտնիքն է: Ոչ մեկին չեմ ասել, անգամ` եղբորս: Քիչ առաջ իջավ, չհանդիպեցի՞ք: Ընկերոջ հետ իր գործով շտապ մեկին պիտի տեսնեն: Կես բառով պատմեցի: Ասում է` լավ թիվ է, կարող էին նաև հազար ուզել: - Պայմաններից մեկն այն է, որ մենակ լինեմ, - իսկ մտքում «թիվ» բառն էր` ոճի նմանությունը: - Չխաբե՞ն ստոր սողունները: - Եթե մեքենան չտեսնեմ կանգնած, պարզ է, փողը չեմ թողնի: - Ես մերոնց հետ Նոր տարին կդիմավորեմ, չնայած, - Արուսյակն անսպասելի անցավ մտերմիկ տոնի, - կուզեի քեզ հետ լինել: Անց տասնհինգ` ոչ ուշ, կիջնեմ, - նա բռնեց Մուշեղի դաստակը, սեղմեց: - Կսպասե՞ս: - Ինչ խոսք, բայց եթե Գնելը հետո տեսնի տանը չե՞ս: - Ես իմ կյանքն ունեմ, - աներկբա կտրեց, ասես եղբորը պատասխանելիս լիներ, հետո ժպտաց: - Դեհ, նախապես շնորհավոր: - Փոխադարձում եմ, քոնը` նմանապես: Նա գնաց: Մուշեղն իջավ փողոց: Լուսասյան տակ կանգնելով` ծոցատետրից թերթ պոկեց` գրառելու գլխում առկայծած խոհը. «Գնել, քրոջդ հինգ հարյուր դոլար պարտք մնացի, կվերադարձնես», սակայն նույնքան արագ էլ վանեց այն, չթողեց միտքն արմատ գցելով` ընձյուղի. եղբայրն արժանի չէր Արուսյակի գաղտնիքին: Նայեց ժամացույցին. տասներկուսին տասը րոպե էր մնում: Թուղթը հենեց սյանը, խազխզեց` ԳՆԵԼ, ՎԱԼԵՐ, ՍՏՈՐ ՍՈՂՈՒՆՆԵՐ... Ապա ծալելով` դրեց կանաչ հարյուրանոցների մեջ, շտկեց ուսերը, հայացքը: Ճամփի մյուս եզրին` թմբի վրա ուրվագծվածը նետաձիգ նահապետի խրոխտ անդրին էր` մորուսով, ջլապինդ ձեռքերում` պրկած աղեղ, ներքևում` ձյան տակ կքած կրպակից քիչ այն կողմ` ճերմակ 07-ը: Քաղաքի կենտրոն տանող մայրուղին ազատ էր: «OPEL-ի աղջիկը» շարքից |