Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ոսկե հասկ» 11-րդ մրցանակաբաշխություն Ագրարային համալսարանում պարգևատրվել են լավագույնները

14:32, չորեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2017 թ.
«Ոսկե հասկ» 11-րդ մրցանակաբաշխություն Ագրարային համալսարանում պարգևատրվել են լավագույնները

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում արդեն 11-րդ անգամ տարին ամփոփվում է ավանդույթ դարձած «Ոսկե հասկ» մրցանակաբաշխութամբ, որն ասես ամբողջ տարվա «հունձնքն» ամբարելու և դրանից լավագույն ոսկե հասկերն ընտրելու խորհուրդ ունի:

Մրցանակաբաշխությանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Ավագյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, շրջանավարտներ, հյուրեր: Մրցանակաբաշխությունը նախաձեռնել էին ՀԱԱՀ ռեկտորատը և ուսանողական խորհուրդը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ՝ նպատակ ունենալով գնահատել և խրախուսել տարվա ընթացքում համալսարանի ուսումնագիտական, արտադրական, ուսանողական ու հասարակական ոլորտներում ակտիվ մասնակցություն և նշանակալի ներդրում ունեցած անձանց ու կառույցներին: «Ոսկե հասկ» -ում այս տարի ներկայացված էր 10 անվանակարգ, որից 3-ն առաջին անգամ: Լավագույնները մրցանակների արժանացան «Լավագույն գիտահետազոտական աշխատանք», «Լավագույն կառուցվածքային ստորաբաժանում, «Լավագույն ամբիոն» , «Լավագույն ֆակուլտետ», «Լավագույն ֆակուլտետային ուսանողական խորհուրդ», Լավագույն կուրս», «Լավագույն գործընկեր կազմակերպություն» և առաջին անգամ «Գյուղատնտեսության վարման քաղաքականության մշակման լավագույն աշխատանքային խումբ» անվանակարգերում: Երիտասարդ հետազոտողներին ոգեշնչելու համար այս տարի առաջին անգամ ՀԱԱՀ-ը մրցանակ շնորհեց «Երիտասարդ հետազոտող» անվանակարգում, որին արժանացավ Բուսաբուծական մթերքների վերամշակման ամբիոնի դասախոս Նարինե Հովսեփյանը:

«Ոսկե հասկ» -ի 11-ամյա պատմության մեջ առաջին անգամ էր նաև «Համալսարանի հետ համագործակցող շրջանավարտների լավագույն կուրս» անվանակարգը, որին արժանացավ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի «Գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտության 1992թ. շրջանավարտների կուրսը: Կուրսի 125 շրջանավարտներից ավելի քան 25-ը ներկա էին միջոցառմանը: ՀԱԱՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ Արշալույս Թարվերդյանը, մրցանակը հանձնելով կուրսի ներկայացուցիչներին, նշեց. «Ագրարային համալսարանի լավագույն վարկանիշի երաշխիքներից մեկն էլ նրա շրջանավարտներն են: Իր գործունեության 87 տարիների ընթացքում համալսարանը տվել է շուրջ 70.000 շրջանավարտ, ովքեր իրենց ներդրումն են ունեցել երկրի գյուղատնտեսության և ագրարային ոլորտի զարգացման մեջ: Այս կուրսի շրջանավարտների 35%-ը գերազանցիկներ էին և այսօր էլ, գերազանց գործունեություն ծավալելով Հայաստանի և աշխարհի ծայրերում, ժամանակ են գտնում տարին մեկ անգամ հավաքվելու և համալսարան այցելելու համար»: Կուրսի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին պարտավորեցնող մրցանակի համար՝ ներկայիս ուսանողներին հորդորելով մշտապես պահել սերտ կապը հարազատ բուհի հետ:

Միջոցառման տոնական տրամադրությունն ապահովեցին հայկական ժողովրդական և էստրադային երգիչ-երգչուհներ Սոնա Ռոբենյանը, Դավիթ Սասունցին, Սոֆի Մխեյանը, Սյուզաննա Մելքոնյանը, տարբեր պարային համույթներ:

Ամփոփելով մրցանակաբաշխությունն ու օրացուցային տարին՝ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ Ա. Թարվերդյանը նախ շնորհավորեց մրցանակակիրներին, ապա բոլորին՝ գալիք տոների առթիվ. «Մաղթում եմ ձեր ընտանիքներում առողջություն, երջանկություն ու հաջողություն, որոնք կարևոր երաշխիք են թե՛ ուսանողերի, թե՛ աշխատակիցների համար՝ համալսարանում իրենց առաքելությունը լավագույնս կատարելու գործում»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6297 | 0 | 0
Facebook