«RapBrat Label» խմբի մասին շատերն են լսել, շատերը ներկա են եղել նրանց համերգներին, որոնցից առաջինը տեղի է ունեցել 2016 թվականին, իսկ երկրորդը այս տարի:
Զրուցակիցս «RapBrat Label» խմբի ռեփեր Վռամ Վարդանյանն է:
_Պատմեք Ձեր մասին: Որտե՞ղ եք սովորում, երգերի ժանրերից ինչո՞ւ ընտրեցիք ռեփը, ո՞րն էր Ձեր առաջին երգը, որ Ձեզ ճանաչում բերեց:
_Ես 25 տարեկան եմ, սովորում եմ Երևանի Թատրոնի և կինոի պետական համալսարանում՝ ռեժիսուրա բաժնում: Երգերի ժանրերից ինձ թվում է ոչ թե ես ընտրեցի ռեփը, այլ հենց ռեփը ընտրեց ինձ, որովհետև սրտիս կպավ ու զգացի, որ կարող եմ և պետք է անեմ: Սկսել եմ երգել Արո Նազարյանի հետ, «Արժանի չես» վերնագրով երգն է եղել առաջինը, որից հետո սկսեցին մարդիկ մեզ ճանաչել, այդ երգին հաջորդեց «Վերջնա» երգը, որն ավելի շատ ճանաչում բերեց մեզ: Իսկ 2015 թվականի նոյեմբերի 15-ին ստեղծվեց «RapBrat Label» -ը, իմ, Արո Նազարյանի, Արտակ Հայրապետյանի և Պրոջ Հայրապետյանի մտահաղացմամբ:
_Ինչո՞ւ ընտրեցիք ռեժիսորի մասնագիտությունը: Ձեր մասնագիտությամբ աշխատելո՞ւ եք: Հե՞շտ է համատեղել ուսումն ու երգելը:
_Ասեմ, որ ես կինոման եմ, շատ եմ սիրում ֆիլմեր դիտել, վերլուծել: Փոքր տարիքից ցանկացել եմ ունենալ իմ ֆիլմերը: 3-րդ կուրսում եմ սովորում, մի տարի է մնացել ավարտելուս և ինձ թվում է, որ հաստատ անիմաստ չի ուսումս, կաշխատեմ իմ մասնագիտությամբ: Մանագիտությունս կարող է նաև օգնել տեսահոլովակներ նկարահանելուն, հաստատ կարող եմ համատեղել ուսումս և երգելը, հեշտ է համատեղելը, որովհետև երկուսն էլ արվեստի ճյուղի մեջ են մտնում, անգամ լրացնում են մեկը մյուսին:
_Հիմնականում ի՞նչ խոչընդոտների են հանդիպում ռեփերները: Դուք լինելով հայկական ռեփ երաժշտության ներկայացուցիչներից մեկը, ի՞նչ մոտեցում ունեք ռեփի նկատմամբ: Ռեփը ի՞նչ դեր և նշանակություն ունի Ձեր կյանքում:
_Ռեփերները խոչընդոտների գրեթե չեն հանդիպում: Ես դրական եմ վերաբերվում բոլոր ռեփ կատարողներին: Ռեփը իմ կյանքում շատ մեծ դեր և նշանակություն ունի, դարձել է իմ ապրելակերպը:
_Ձեր կարծիքով շոուբիզնես մտնելու և սեփական տեղն ամրապնդելու համար ի՞նչ է անհրաժեշտ:
_Անհրաժեշտ է տաղանդ, նպատակասլացություն և համբերություն:
_ (After the rain) ՝ Անձրևից հետո վերնագրով ալբոմի մասին խոսեք, ո՞վ ընտրեց վերնագիրը, ի՞նչ երգեր են լինելու ալբոմում:
_Ալբոմի մասին երբեք չէինք բարձրաձայնել, այն կլինի ինտերնետ ալբոմ, որում տեղ գտած երգերից մի քանիս կունենան տեսահոլովակներ:
Վերնագիրը կապել ենք մաքրության հետ, որովհետև անձրևից հետո մաքրություն է տիրում և ըստ ինձ շատ գեղեցիկ է: Մաքուր, որովհետև մեր երգերը ի սրտե են գրված, և չեն պրոպագանդում ոչ մի բացասական բան: Մենք ընդամենը ստեղծում ենք այն երաժշտությունը, որը մեզ դուր է գալիս: Ալբոմում շատ տարբեր երգեր են լինելու ռեպից մինչը փոփ, R&B (ռիթմ և բլյուզ) ոճերի:
_Ի՞նչ ծրագրեր ունեք մոտ ապագայում:
_Ծրագրում ենք 2018 թվականին ունենալ մեծ համերգ և նոր ալբոմի շնորհանդես: Նաև պատրաստվում ենք համագործակցել այլ երգիչների հետ: