Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԴՈՒ ԻՄՆ ԵՍ /պատմվածք/

Aram Hovhannisyan
Հեղինակ`
Aram Hovhannisyan
10:33, երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
ԴՈՒ ԻՄՆ ԵՍ /պատմվածք/

Վերարկուն իրենը չէր: Թեթևակի նեղություն ճամփին ևս զգում էր, բայց այն որոշակիացավ ավտոտնակը բացելիս, ապա, երբ ձգվելով վառեց լույսը: Այդպես էլ կար. հանդերձարանում, անուշադիր լինելով, ուրիշինն էր հագել: Այս մեկը մուգ էր, ոչ թե կապտին տվող, ինչպես իրենը, այլ սև, գուցե թե` ավելի նոր: Կաշկանդվածությունը դրա՞ պատճառով էր, թե՞ փոքր լինելու: Կարևորը, սակայն, դա չէր:

Տաճատը տենդագին արագությամբ վրա բերեց դարպասը և վերստին մեքենա նստեց: Մինչև թատրոն հինգ-տասը րոպեի ճամփա է, հավանաբար հասցնի, միայն թե մյուսն իր պես առաջին դուրս եկողներից չլինի: Ասա ինչո՞ւ չսպասեց հանդերձապահուհուն...

Երկու թե երեք րոպե կորցրեց պետավտոտեսուչի պատճառով, ավելի ստույգ` իր. առանց թարթիչը միացնելու վազանց կատարեց: Ժամանակ շահելու համար դրամ առաջարկեց: Տեսքը, թե՞ մեքենայի համարանիշերը վստահություն չներշնչեցին. Ոստիկանն զգուշացավ, փորձում էր արձանագրություն կազմել: Հարկադրված` ներկայացավ, ասաց` որտեղ է աշխատում:

- Կարգ չխախտողն առաջինը դուք պետք է լինեք, - դիտողություն արեց տեսուչը, այդու առանց տուգանելու թույլատրեց գնալ:

Թատրոնի մերձակայքում մարդ գրեթե չկար: Ներսում լույսերը, սակայն, չէին մարել, և դուռը բաց էր: Մուտքին մերձ խցիկում երկուսը պատրաստվում էին ընթրել:

- Հանդերձապահուհին որտե՞ղ է, - հարցրեց:

- Ի՞նչ կա, - մարդը շարունակեց երշիկ կտրել, մյուսը թեյ էր լցնում:

Տաճատը դժվարացավ միտքը ձևակերպել ու, ինքն իրենից դժգոհ, դիմեց հանդերձարանի կողմը:

- Սպասիր, ո՞ւր ես քշում, - մարդը դրեց թեյնիկը և, շրջանցելով ընկերոջը, ելավ սրահ: - Թատրոնը փակ է, ետ արի:

Տաճատը կանգնեց, սակայն հայացքը հանդերձարանի կողմն էր: Դատարկ կախիչները, լքյալ անկյունը հույսի տեղ չէին թողնում:

- Իմի փոխարեն ուրիշինն են տվել, - պահի տակ հորինեց. հավանաբար գործեց պաշտպանական բնազդը: - Տանը նոր նկատեցի:

- Չի կարող պատահել, - խցիկում մնացածն էր:

- Պատահել է, - Տաճատը ետ տարավ վերարկուի փեշերը: - Իմը չէ:

- Ժետոն ունեի՞ր, - սա ևս առաջ եկավ:

- Իհարկե, - Տաճատը նեղվում էր նրանց հարձակողական տոնից, բայց այլ ելք չուներ:

- Բա էն մյուսը... ինչո՞ւ բան չասաց: Կարո՞ղ է ավելի թանկանոցն է եղել:

- Չէի ասի. գրեթե չեն տարբերվում: Գույնն է ուրիշ, - նույն պահին նկատեց, - մեկ էլ ուսերը` իմը կտրած են, սրանը` թափվող:

- Այ քեզ մարդ: Ուրիշի շորը հագել գնացել է, գլխի չէ... Հո խմած չե՞ս:

Տաճատը հապաղեց. ի՞նչ պատասխաներ:

- Չէ, - ասաց:

- Սոֆիկը տուն հասած կլինի՞, - ավելի տարեցն էր: - Հարո, քաշե՞մ համարը:

- Որ զանգեցինք, ի՞նչ: Մենակ եմ տվել շորերը: Ինքը շուտ գնաց. հարսը գործի էր, պուճուրին պահող չկա: Սպասիր, սպասիր, - նա դարձավ Տաճատին, - բայց ես չեմ հիշում, թե քեզ պալտո տված լինեմ: Չլինի՞ խաբում ես:

- Նման մարդու տպավորությո՞ւն եմ թողնում, - Տաճատը փորձեց խիստ լինել, սակայն միտքը, որ դիմացինը ճիշտ է, թույլ չտվեց:

- Ի՞նչ իմանամ` ով ես: Հլա գնանք ցույց տուր, որտե՞ղ էր կախած, - ու առաջ ընկավ:

Տաճատն ակամա հետևեց նրան:

- Ներքևի շարքում էր` նախավերջինը, - հետո հիշեց, - 222 համարը:

Մարդը հանեց արույրից թվօղակը.

- Սա՞ էր:

- Ոնց որ:

- Թե ցած ընկած լինի, հետո սխալմամբ ուրիշ տեղ կախած լինեմ...- նա ավելի շուտ ինքն իր հետ էր խոսում, հետո դարձավ Տաճատին: - Որ սպանես, չեմ հիշի: Մեղավորը դու ես: Թափվել էիք գլխիս, հնարավոր է և խառնել եմ, - մարդը համոզված էր` գործի լրջանալու դեպքում կմեղադրեն, և ջանում էր պատնեշ կառուցել:

- Աշխատանքից հանել չտվինք, պաշտպանվում ես:

- Տվածներն ի՞նչ է, որ վախենամ: Թող էգուց էլ հանեն, - հետո բորբոքվեց, - Բայց խի՞...

- Նման դեպք էլի եղե՞լ է, - Տաճատը փորձում էր ելք գտնել:

- Գողություն` հա, բայց որ երկուսն էլ սուսուփուս հագնեն գնան` չէ: Քսանհինգ տարի կնոջս հետ էս գործին ենք, քիչ չկարծես:

- Հիմա ի՞նչ անենք, - Տաճատը հուսալքվում էր:

Սկսել էր ձյուն տեղալ: Սպասելը դառնում էր անիմաստ:

- Ես, երևի, գնամ: Եթե կարելի է, ձեր համարը վերցնեմ, իմն էլ մի տեղ գրեք: Թե գա, թող զանգի:

Պահակը դարակից հանեց կարճլիկ մատիտը:

- Վերցրու: Հենց պատի վրա քո ձեռքով էլ գրի:

Տաճատը, չկամենալով հանդերձ, օրացույցի ազատ եզրին գրեց հեռախոսահամարները:

- Սա տան համարն է, մյուսը` երկարը, ձեռքինս է:

- Ախպեր, ուզո՞ւմ ես մի բաժակ էն մյուսից... Տրամադրությունդ, տեսնում եմ, ընկած է, - հանդերձապահը գլուխը սեղանի տակ մտցրեց:

- Շնորհակալություն, մեքենայով եմ: Եթե վերարկուս գտնվի, խոստանում եմ դատարկաձեռն չգալ: Ձեր համարը չտվիք, - նա ձեռքը տարավ, որպեսզի հանի բջջայինը: Այն սովորաբար կոնքի վրա էր կրում, վերարկու հագնելիս` տեղափոխում ծոցագրպանը. այդպես ավելի հեշտ էր:

Գրպանում երկու հեռախոս կար: Շփոթահար` փորձեց շոշափելով որոշել, թե որն է իրենը: Երկրորդը ևս պատյանով էր, բայց, կարծես, ավելի բարալիկ: Մինչ կհաներ իրենը, որպեսզի հիշողությանը հանձնի պահակի ասած համարը, հանդերձապահը սեղանին բացված թերթին գրելով թվերը` պարզեց Տաճատին:

Բարի գիշեր մաղթելով` դուրս եկավ: Համոզված էր` բանը թատրոն զանգելուն այլևս չի հասնի, որովհետև գործը հեշտանում էր: Մեքենայում բջջայինի օգնությամբ կփորձեմ գտնել տիրոջը, - որոշեց: - Տեղեկատուի վրա ծանոթ-բարեկամների, գուցե թե հենց տան հեռախոսահամարը լինի:

Չհամբերելով` վառեց սրահի լամպը և գրպանից հանեց բջջայինը: Անծանոթ հեռախոս էր` նուրբ, արծաթավուն փայլով: Սեղմեց տեղեկատու էջը: Երկնագույն էկրանին հիմնականում բջջային համարներ էին, երկուսը` բնակարանի, դեպի դուրս զանգերի էջում` ոչինչ չասող անուններ` Արմեն, Նորա... Ուշադրությունը գրավեց Լիլիթ անունը: Այն հանդիպում էր թե° մուտքի, թե° ելքի էջերում: Որոշ զանգեր անպատասխան էին մնացել։ Վերստին սեղմեց կոճակը: Այո, նույն համարն էր: Կամուկացի մեջ չգիտեր որն է ճիշտ` տեղնուտեղը մեկնումեկին զանգելը, թե՞ սարքը միացրած սպասելը:

Մինչ կորոշեր անելիքը, հեռախոսը ծլնգաց: Տաճատը, փոքր ինչ հուզված, այն ականջին տարավ.

- Լսում եմ:

- Ալո, Գագիկի բջջայի՞նն է, - հարց տվողը կին էր:

- Գուցե, - Տաճատը շարժիչը, որ տաքանալու համար գործի էր գցել, անջատեց:

- Ձեր անո՞ւնը:

- Տաճատ:

- Չլսեցի:

- Տաճատ, Տաճո է անունս:

- Էլի լավ չհասկացա, բայց ոչինչ... Էդ ձեռքի հեռախոսը ձեզ որտեղի՞ց: Գիտե՞ք...

- Հա՛: Սխալմունք է... Ես հիմա թատրոնի մոտ եմ, եթե, ի՞նչ ասիք անունը, Գագո՞, եթե նա հիմա գա, կփոխենք. ես իմը կվերցնեմ, նա` իրենը:

- Գագիկի ինքնաթիռը տասը րոպեից կթռչի: Բջջայիննն անջատած էր, թե չէ ավելի շուտ իմաց կտայինք: Նա մի շաբաթից նոր կգա: Խնդրեց վերցնել, իսկ վերարկուները կմնան հետո:

- Պարզ է, - մի շաբաթ առանց վերնազգեստի մնալու հեռանկարը Տաճատին տխրեցրեց: - Դուք նրա ի՞նչն եք, - հարցրեց և տեղնուտեղն զգաց` սխալ է թույլ տալիս:

Պատասխանը սառը հնչեց.

- Ի՞նչ կարևոր է: Եթե չեք վստահում, ուրիշ խնդիր:

- Վստահելը վստահում եմ, բայց ներկայացման ավարտից հազիվ մի ժամ է անցել: Եթե պիտի թռչեր, այդ ժամին թատրոնում...

- Հյուրեր ուներ, չգնալ չէր կարող: Տեղավորել է, կեսից դուրս եկել:

Տաճատը թեթևություն զգաց. ուրեմն` առաջին սխալը նա է թույլ տվել, կամ հանդերձապահուհին, ով, հավանաբար, այդ պահին դեռ տուն գնացած չի եղել:

- Հեռախոսի ետևից դուք կգա՞ք, թե՞ ինքս բերեմ:

- Հիմա քանի՞սն է:

- Տասներկուսը դեռ չկա` քսան պակաս:

- Ուշ է, սակայն ոչինչ... Մամիկոնյանի արձանի մոտ հարմա՞ր է:

- Հինգ-յոթ րոպեից այնտեղ կլինեմ: Ես սև վերարկուով եմ, այսինքն` ինձնից լավ գիտեք... Իսկ ձեր արտաքի՞նը:

Կինը ծիծաղեց.

- Դե, ո՞նց ասեմ` երեսուն տարեկան եմ, բարձրահասակ...

- Շիկահեր, երկար ոտքերով, բարակ իրանով:

Կինը քրքջաց.

- Չտեսած` հաճոյախոսում եք: Որտեղի՞ց իմացաք:

- Ձայնից: Ուզո՞ւմ եք ասեմ` ինչ վերարկուով եք լինելու:

- Շարունակեք:

- Մոխրագույն, փեշերը` երկար, նույն գույնի վզնոցով և գլխարկով:

- Ստիպված` մուշտակ եմ հագնելու, այլապես...

- Դուք ոտքով եք գալու, թե՞ մեքենայով:

- Տնից հեռու չէ` նախկին «Ռիգա» գաստրոնոմի մոտ եմ ապրում:

- Պայմանավորվեցինք:

Տաճատը գործի գցեց շարժիչը: Փողոցում անցուդարձ չկար: Սահքից խուսափելու համար դանդաղ էր ընթանում:

...Իր բնակարանը ևս այդ թաղամասում է: Հետաքրքիր է... Հենց այնպես ծնված միտքը դարձավ կանխազգացում: Եթե իրենց շենքի... Հարկը չգիտի, անունը` նմանապես: Վերջերս է տեսել մտնել-ելնելիս, մի քանի անգամ վերելակում են հանդիպել: Ո՞ւմ արտաքինն էր ինքը հեռախոսով նկարագրում, ենթագիտակցու թյունն ինչո՞ւ այդ ուղղությամբ տարավ...

Տաճատը վերջին պահին նկատեց մեքենայի դեմով փողոցը կտրող կնոջը: Նա էր` մոխրագույն վերարկուով, նույներանգ վզնոցով... Ուսերին, գլխարկին ձյուն կար նստած:

Իջեցրեց կողապակին:

- Լիլի՞թ...

Կինը շրջվեց, տեսավ Տաճատին.

- Բարև ձեզ:

- Բարև: Տեսա՞ք, որ ճիշտ էի, - Տաճատը հայացքով տնտղում էր կնոջը: - Հագուստը նկատի ունեմ:

- Հեշտ ճանաչվելու համար այսպես հագնվեցի, - արդարացավ կինը: - Սպասեք, սպասեք, ձեր դեմքը...- նա բարձրացրեց ձեռքը, ասես կամենում էր մի կողմ տանել շեղությամբ թափվող խոշորափաթիլ ձյունը:

- Նույն շենքից ենք, - Տաճատը ծիծաղեց, - բայց ազնվորեն եմ ասում` չգիտեի, որ ձեզ հետ եմ խոսում:

- Իսկ անո՞ւնս...

- Պատահաբար թռավ բերանիցս:

- Չհավատացի: Ինչ-որ մեկից լսած կլինեք, թեև... ես նոր բնակիչ եմ` ո՞ւմ եմ ճանաչում, բարևում, որ...

- Այսուհետ կճանաչեք` Տաճատ է անունս:

- Տաճա՜տ։ Ես էլ հեռախոսով լսում եմ` տաճար: Ասում եմ` այ քեզ անուն...

- Նստեք:

Կինը նազանքով օրորեց գլուխը:

- Ուզո՞ւմ եք` ոտքով գնանք: Հրաշալի ձյուն է, հրաշալի գիշեր, դուք` առավել:

Կինը շարունակում էր լռել:

- Լավ, դուք ոտքով գնացեք` մայթով, ես մեքենայով կհետևեմ: Հարմա՞ր է:

- Որ ի՞նչ:

- Որպեսզի չփախցնեն:

- Փորձվածն եք, հա, - կինը քայլ արեց և, մինչ Տաճատը կշրջանցեր մեքենան, բացելով առջևի դուռը` նստեց:

- Ո՞ւր գնանք:

- Իհարկե, տուն: Թե՞ վախենում եք շենքում միասին տեսնեն:

- Ձեզ համար եմ անհանգիստ:

- Անհոգ մնացեք: Եթե այս ժամին դուրս եմ եկել...- նա միտքը չհասցրեց ավարտել, որովհետև ծլնգաց հեռախոսը:

- Գագոյինն է, - Տաճատը բջջայինը մեկնեց կնոջը:

«Ալո» խոսքից հետո զանգողն ինչ-որ բան ասաց, որին հետևեց կնոջ պատասխանը.

- Արդեն վերցրել եմ:

Աղմուկ լսվեց, մեկի խռպոտ ձայնը, ապա կինն ականջից հեռացրեց հեռախոսը.

- Անջատվեց, ինքնաթիռից էր զանգում: Ուր որ է կթռչեն։

Առժամանակ երկուսն էլ չէին խոսում:

- Այդպես էլ չասացիք` անունս որտեղի՞ց գիտեք, - լռությունն առաջինը խզեց կինը:

- Բջջայինի տեղեկատուում կարդացի, մուտքագրած զանգերի էջում: Հենց այնպես ասացի, համընկավ:

- Հենց այնպես ոչինչ չի լինում, - խորհրդավոր նկատեց կինը, - ապա թե` - Տրամադրության փոփոխությունը զանգի՞ պատճառով է:

Խոսքի նման ոճը համարձակության էր մղում:

- Իսկ դո՞ւք: Հենց այնպե՞ս այս վերարկուն հագաք, թե՞... հատուկ:

- Փորձեք գուշակել:

Բջջայինը վերստին ձայնեց: Տաճատը տեսավ` կինը դժկամությամբ պայուսակից հանեց հեռախոսը: Մինչ այդ հասան: Նա բացեց դուռն ու, քանի որ կինը խոսում էր, սպասեց: Վերջինս ձեռքը նրբորեն երկարելով` հասկացրեց, որ օգնի:

Քանի դեռ նա զբաղված էր հեռախոսազրույցով` Տաճատը բացեց ավտոտնակը և ձյունածածկ մեքենան ներս տարավ: Կինն ավարտել զրույցը, սանդղահարթակին սպասում էր:

Մուտքի լամպը չէր վառվում: Տաճատն անվարան բռնելով նրա թևքից` խարխափելով առաջացավ, այնուհետ նույն կերպ գտավ սեղմակը. վերելակը նրանց էր սպասում:

- Ո՞ր հարկ:

- Ութերորդ, - կինը ձեռքը պարզեց վահանակին:

- Իմը հինգերորդն է, բայց ես ևս ձեր հարկ եմ գալիս:

- Եվ ո՞ւմ տուն:

- Լիլիթի, - շեղակի նայելով կնոջը` ասաց Տաճատն ու մատը հպեց կոճակին, իսկ ազատ ձեռքով ետ տարավ նրա` գլխարկից դուրս պրծած մազափունջը:

Լիլիթը գլուխը թեքելով` պարանոցով սեղմվեց Տաճատին և, դեմքին հմայիչ ժպիտ, շշնջաց.

- Վերարկուն իսկը ձեր հագով է, էլ չտաք Գագիկին:

- Վերարկուն` չգիտեմ, բայց քեզ հաստատ չեմ տա: Դու իմն ես:


    

«OPEL-ի աղջիկը» շարքից, 2003:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
11391 | 0 | 0
Facebook