ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՏԱԹԻ ԵՎ ՃՆՃՂՈՒԿԻ ՄԱՍԻՆ /պատմվածք/
Փոքրիկի հայացքը դիպավ պատուհանին: Թեթևակի քրտնած ապակիներից այն կողմ, լվացքի պարանին ճնճղուկ կար նստած: Աղջնակը լարվեց, չէր շնչում, որպեսզի չվախեցնի թռչնակին: Ճնճղուկը մի տեսակ փքված էր, երբ ավելի ուշադիր նայեց, տեսավ՝ դողդողում է: Առատորեն ձյուն էր թափվում: -Վայ, մրսում ես, հա՞, ծիտի՛կ… Թռչնակն ասես զգաց փոքրիկի հայացքը, լսեց կիսաշշուկ ասվածը: Ցատկեց ճաղաշարին, այնուհետ՝ -Տու՛կ, տու՛կ, -կտցահարեց ապակին: -Ինձ է կանչում, -Տաթը ելավ հատակից, ուր խաղալիքներով շրջապատված՝ իր բանին էր: Մոտեցավ պատուհանին, դեմքը հպեց ապակուն: -Ի՞նչ ես ուզում: Թևավորը բացուխուփ արեց բերանը: -Ուզու՞մ ես ներս գալ: Պատասխանը գլխի դրական շարժում էր: Երեխան մոտեցրեց աթոռը, ելավ վրան ու ձգվելով՝ դժվարությամբ բացեց օդանցքը: -Արի, արի: Թևերի մի քանի շարժում, և ճնճղուկը հայտնվեց օդանցքում, ապա՝ մահճակալի կողափայտին: -Ես եկա… -Եկ, սիրունս: Մրսա՞ծ ես, -աղջնակը փակեց օդանցքը: -Շա՜տ, -հնչեց պատասխանը, որն այս անգամ ընդամենը ծլվլոց էր: -Եվ սովա՞ծ, -վազեց խոհանոց, ետ եկավ՝ բռում բրինձ: -Կե՛ր: Ճնճղուկն սկզբում դժվարությամբ, տաքանալուն զուգընթաց ավելի ու ավելի արագ էր կտցահարում հատիկը: -Հիմա խմիր, -Տաթն ընթացքում բերած գավաթով ջուրը դրեց հատակին: Թռչնակը կում արեց, նայեց առաստաղին, դարձյալ կում արեց, թափահարեց մարմինը, թռավ պատուհանագոգին: -Ու՞ր: Ծիտիկն սկսեց ծլվլալ, ինչ-որ բան էր կամենում հասկացնել: -Ուզում ես դու՞րս գալ. ինչու՞ չէ՝ կշտացար, տաքացար, -Տաթը դժկամ բացեց օդանցքը: Ճնճղուկը թևին տվեց: -Չուզեց Տաթի հետ խաղալ, -սրտնեղած՝ խաղալիքներին բողոքեց երեխան: Նոր էր տրվել խաղին, երբ ապակին տկտկացրին: Տաթը բարձրացրեց գլուխը: Լվացքի պարանը, պատուհանի վանդակաճաղերը ծեփված էին ճնճղուկներով: -Քաղցրիկնե՜րս...-աղջնակն այս անգամ ամբողջ փեղկը ետ տարավ: Ճնճղուկները երամով տուն լցվելով նստեցին՝ ով որտեղ կարող էր, հարմար: Տաթը վազեց խոհանոց: Հին հաց կար՝ գրեթե մի ամբողջ բոքոն: Փշրում էր, լցնում հատակին: Ճնճղուկները շրջապատել երեխային, հավաքում էին հացի մանրոնը: Համարձակներն անմիջապես ձեռքից էին կտցում, պատառիկ պոկում բոքոնհացից: Անպատմելի, անկարագրելի ճլվլոց էր սենյակում: Տեսարանը շունչ, ոգի էր տվել և խաղալիքներին: Ժպտում, ուրախ ծամածռություններ էին անում Արջուկը, Փիսոն, Իշուկը, Կոկոլիս-Կոկորդիլոսը, Ավեսիկ-Աղվեսը, Հաֆոն, Բադոն, մյուսները: Կիսաբաց Աբենին-Այբբենարանից ծիկրակում էին Ջայլամը, Գետաձին, Սարյակն ու Լորիկ-Փորիկը… Հանպատրաստից հանդեսը երկար կշարունակվեր, եթե միջանցքում չլսվեր բանալու՝ փականքի մեջ մտնելն ու լեզվակի չրխկոցը: -Մենք թռանք, -ծիտիկներից առավել վախվորածներն արդեն դիմացի բարդուն էին, մյուսները մեկմեկու առաջկտրուկ՝ հետևեցին նրանց: -Էլի կգա՞ք, -Տաթը փաղաքուշ հարցրեց վերջին թռչնակին, որն իր ճնճղուկն էր, ամենա-ամենա-ամենալավը: -Իհարկե: Դու ևս արի: Մենք միշտ դրսում քեզ կսպասենք: Հայրը բացեց դուռը. -Տա՛թ, ինչու՞ ես հատակին նստել, ձագուկ: Ցուրտ է, ձյուն է գալիս: -Ցուրտ չէ, տաք է: Ճնճղուկը, տե՛ս, էլ չի մրսում, սոված չէ, -աղջիկը խաղալիք ճնճղուկը մեկնեց հորը: -Ճիշտ եմ ասում: -Ինչ խոսք…-գորովալից հաստատեց հայրը՝ գիրկն առնելով դստերը: «Խարիսխ» ժողովածուի «Ծաղկոց» շարքից: |