Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Երիտասարդական կազմակերպությունների քարտեզագրում և պետության կողմից ֆինանսավորվող երիտասարդական դրամաշնորհային ծրագրերի արդյունավետության գնահատում».ԵՈւԻ հետազոտություն

17:39, հինգշաբթի, 30 նոյեմբերի, 2017 թ.
«Երիտասարդական կազմակերպությունների քարտեզագրում և պետության կողմից ֆինանսավորվող երիտասարդական դրամաշնորհային ծրագրերի արդյունավետության գնահատում».ԵՈւԻ հետազոտություն

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտն իրականացրել է «Երիտասարդական կազմակերպությունների քարտեզագրում և պետության կողմից ֆինանսավորվող երիտասարդական դրամաշնորհային ծրագրերի արդյունավետության գնահատում» հետազոտությունը, որի նպատակներն են երիտասարդական կազմակերպությունների քարտեզագրումն ու պետության կողմից ֆինանսավորվող երիտասարդական դրամաշնորհային ծրագրերի արդյունավետության գնահատումը: Հետազոտության թիրախներն են երիտասարդական և երիտասարդության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններ՝ ՀԿ-ներ և հիմնադրամներ: Հետազոտությունն իրականացվել է փաստաթղթերի վերլուծության, հեռախոսային հարցումների, փորձագիտական ու ծրագրերի ղեկավարների հետ հարցազրույցների, ծրագրերի շահառուների հետ ֆոկուս խմբային քննարկումների մեթոդներով: Երիտասարդական կամ երիտասարդական ծրագրերում ներգրավված հասարակական կազմակերպությունները հիմնականում տեղակայված են Երևանում՝ 117 կազմակերպություն, Շիրակում գործում է երիտասարդական ուղղվածության 45 կազմակերպություն, Լոռիում՝ 40, Սյունիքում՝ 19, Տավուշում՝ 17, Վայոց Ձորում՝ 15, Կոտայքում և Արագածոտնում՝ 12-ական, Գեղարքունիքում՝ 11, Արմավիրում՝ 8 և Արարատում՝ 7 կազմակերպություն: Երիտասարդական հասարակական կազմակերպությունների (ԵՀԿ) 53, 2 %-ի գործունեությունը տարածվում է ողջ Հայաստանով, 27, 8 %-ինը որևէ մազում, 12, 7 %-ինը Երևանում և 6, 3 %-ինը որևէ համայնքում: Հարցված ԵՀԿ-ների 268 ներկայացուցիչ դժվարացել է նշել երիտասարդական ոլորտի կազմակերպություններին միավորող որևէ կառույց, 25 ներկայացուցիչ որպես այդպիսի կառույց նշել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, 11-ը՝ Հայաստանի երիտասարդական ազգային խորհուրդը, 8-ը՝ Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունը, 7-ը՝ Երիտասարդական ակումբների դաշնությունը։ ԵՀԿ-ների 32, 5 %-ի անդամների քանակը չի գերազանցում 20 հոգին, 22, 6%-ինը՝ մինչև 50 հոգի է, 14, 8%-ինը՝ 51-ից 100 հոգի, 8, 4%-ինը՝ 101-200, 8, 4 %-ինը՝ 200-500, 4, 5 %-ինը՝ 501-1000, 6, 3%-ինը՝ 1000-ից 10000 և 1, 2%-ինը՝ 10000-ից ավելի: ԵՀԿ-ների 85, 4%-ի մոտ առկա է խորհուրդ կամ վարչություն, վարձատրվող աշխատակազմ ունի 26, 1 %-ը: Կազմակերպությունների 69, 8 %-ն իրականացնում է ռազմավարական պլանավորում, 63, 3 %-ը ֆոնդհայթայթում, 62, 7 %-ը հանրության հետ կապեր և 34, 4 %-ը՝ ֆինանսական վերահսկում: Ռազմավարական պլան ունի ԵՀԿ-ների 54, 8 %-ը, 37, 5 %-ը չունի և 7, 7 %-ի մոտ մշակման ընթացքում է: ԵՀԿ-ների 67, 8%-ը չունի աշխատակից, 19 %-ը՝ 1-5 աշխատակից, 5, 5%-ը՝ 6-10 աշխատակից, 3, 9 %-ը՝ 11-20, 3%-ը՝ 21-30, 0, 8 %-ը՝ 30-100 աշխատակից: ԵՀԿ-ները հիմնականում հագեցած են միջազգային և տեղական կամավորներով:
     2013-ին ԵՀԿ-ների 31, 4%-ի բյուջեն 0-ական է եղել, 22, 6%-ը հրաժարվել է պատասխանել, 1, 9 %-ի բյուջեն կազմել է 30-100 հազար ՀՀ դրամ, 1, 4 %-ինը՝ 100-25%-ի հազար, 4, 1%-ինը՝ 250-500 հազար, 3, 0 %-ինը՝ 500 հազ.-1 մլն.ՀՀ դրամ, 4, 7 %-ինը՝ 1-2, 5 մլն., 8, 0 %-ինը՝ 2, 5-5 մլն., 8, 5 %-ինը՝ 5-10 մլն., 5.0 %-ինը՝ 10-20 մլն., 5, 5 %-ինը՝ 20-50 մլն և 3.9 %-ինը՝ 50 մլն-ից ավելի: ԵՀԿ-ների 69%-ի ֆինանսավորման աղբյուրները միջազգային կազմակերպություններն են, 26, 1%-ինը՝ պետական մարմինները, 25, 6 %-ինը՝ անհատական նվիրատվությունները, 7, 4 %-ինը՝ անդամավճարները, 6, 9-ական %՝ տեղեկան կազմակերպություններ և ՏԻՄ-եր, 3, 4 %՝ դրամահավաք և 3, 0%՝ ՀԿ-ի կողմից հիմնած ՍՊԸ: ԵՀԿ-ների ընդհանուր ֆինանսավորման 71, 9 %-ը միջազգային է, 19, 1%-ը՝ պետական: ԵՀԿ-ների միայն 9, 1%-ի մոտ է իրականացվել արտաքին վերահսկողություն (աուդիտ): Ծրագրերի մասով աուդիտ իրականացվել է 20, 1 %-ի մոտ, 69, 7%-ի մոտ որևէ վերահսկողություն չի եղել: ԵՀԿ-ների 10, 2 %-ը որևէ ծրագիր չի իրականացրել, 1-2 ծրագիր իրականացրել է 22 %-ը, 3-4 ծրագիր՝ 22 %-ը, 5-9 ծրագիր՝ 21.8 %-ը, 10-19 ծրագիր՝ 14 %-ը, 20 և ավելի ծրագիր՝ 8, 8 %-ը: Հարցին չի պատասխանել 1, 1 %-ը: ԵՀԿ-ների 48, 5 %-ը պարբերաբար իրականացնում է կատարված աշխատանքի գնահատում և վերլուծություն, 21, 8 %-ը՝ 1-2 անգամ է իրականացրել, 29, 5%-ը՝ երբևէ չի իրականացրել: Կարիքի պարբերաբար ուսումնասիրում իրականացնում է ԵՀԿ-ների 39, 7 %-ը, 1-2 անգամ իրականացրել է 27, 5 %-ը, 32, 8%-ը երբևէ չի իրականացրել: ԵՀԿ-ների 80%-ն ունի համագործակիցներ, ոլորտի կազմակերպությունների տվյալների բազա ունի 76 %-ը, ցանցերին անդամակցում է 37, 7 %-ը: ԵՀԿ-ների 50, 7 %-ը իրենց մասին տեղեկատվությունը տարածում է սոցիալական ցանցերով, 42, 9 %-ը՝ տպագիր նյութերի միջոցով, 28, 2 %-ը՝ այլ կայքերով, 21, 3 %-ը՝ տպագիր պարբերականներով, 12, 7%-ը՝ էլեկտրոնային տեղեկագրերով, 4, 9 %-ը՝ տարեկան հաշվետվությունների միջոցով: Տեղեկատվության տարածման ուղիներից ԵՀԿ-ների 48, 9 %-ը նշել են էլեկտրոնային միջոցները, 47, 5 %-ը՝ լրատվամիջոցները, 28, 9 %-ը՝ խոշոր միջոցառումները, 26, 1 %-ը՝ կազմակերպության տպագիր միջոցները, 32, 0 %-ը՝ անհատական հանդիպումները և 3, 9%-ը տվել է այլ պատասխան: ԵՀԿ-ների 66, 2 %-ը պետական մարմինների հետ է համագործակցում, ընդ որում նրանցից 46, 8%-ը մարզպետարանների, 28, 1%-ը՝ Սպորտի և երիտասարդության հետ հարցերով նախարարության, 22 %-ը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերով և 20, 1 %-ը՝ Կրթության և գիտության նախարարությունների հետ, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցում է 75, 5 %-ը, պետական մարմինների և ՏԻՄ-երի հետ որևէ համագործակցություն չունի ԵՀԿ-ների 18, 5 %-ը: Երիտասարդական պետական քաղաքականության 2013-2017 թթ. Ռազմավարությանը ծանոթ են երիտասարդական կազմակերպությունների միայն 21 %-ը կամ 76 ԵՀԿ, նրանցից 60 %-ը լիովին կամ հիմնականում համաձայն է, որ ռազմավարությունը արդիական է, համընդգրկուն է՝ 54, 1 %-ը, իրատեսական է՝ 56, 8%-ը, մասնակցային է՝ 46%-ը: ԵՀԿ-ների 53, 2 %-ն ունի ֆինանսական աջակցության անհրաժեշտություն: Դրամաշնորհային համակարգը 2010 թվականի հուլիսի 1-ից օգտագործվում է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից ՀՀ պետբյուջեի երիտասարդական պետական քաղաքականությանն ուղղված ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման տողով ՀԿ-ներին դրամաշնորհներ տրամադրելու նպատակով: Այն կարգավորվում է երիտասարդական քաղաքականության խորհրդի որոշումներով, առկա են փորձագիտական գնահատման ուղեցույց և դրամաշնորհների տրամադրման կարգ: Համակարգում կա 65 փորձագետ, յուրաքանչյուր ծրագիր գնահատվում է առնվազն 4 փորձագետի կողմից: Դրամաշնորհային համակարգով տրամադրվում է մինչև 500 հազար ՀՀ դրամ, 500 հազար-2 մլն. ՀՀ դրամ, և 2 մլն-ից ավելի՝ առանձին ծրագրերի դեպքում, 2012-2013 թթ. իրականցվել է 86 ծրագիր: Դրամաշնորհային համակարգն առցանց է, իրականացվում է www.cragrer.am կայքի միջոցով: Առցանց համակարգում գրանցված և մեր հետազոտության ընտրանքում ընդգրկված 16 ծրագրերի ներկայացուցիչներ առցանց համակարգի առավելություններից նշել են թափանցիկությունը, անկախ փորձագետների առկայությունը, մարզային և սկսնակ կազմակերպությունների համար հնարավորությունները, հասարակական և պետական կառույցների համագործակցությունը, հետադարձ կապի հնարավորությունը: Համակարգի բացերից նշել են վստահելիության պակասը, բյուջեի լրացումը, մոնիթորինգը և գնահատումը, ինչպես նաև հաշվետվությունները: ԵՈւԻ-ն հետազոտության շրջանակում իրականացրել է նաև ԵՀԿ քարտեզագրում, որը հասանելի է www.ystudies.am կայքում: Քարտեզի վրա նշվել են երիտասարդական ծրագրեր իրականացնող կազմակերպությունները, որը յուրահատուկ բազա է թե’ երիտասարդների, թե’ ոլորտի ներկայացուցիչների համար։ Հետազոտությունն իրականացրել է Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն ՊՈԱԿ- ի կազմում գործող Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: Հիշեցնենք, որ Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը գործում է 2013թ.-ից, իրականացրել է նաև ՀՀ Երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրները հետազոտությունը, որը ևս հասանելի է www.ystudies.am կայքում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3771 | 0 | 0
Facebook