Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մայրը

Հ Ո Վ ՈՒ Ն Ց
Հեղինակ`
Հ Ո Վ ՈՒ Ն Ց
17:24, շաբաթ, 23 մարտի, 2013 թ.
Մայրը

1991 թիւն էր: Արարատեան դաշտի մռայլ առաւօտներից մէկն էր բացուել Տարոնիկ գիւղի վրայ: Առաւօտեն դեռ ժամը 7-ն էր, բայց գրեթէ ողջ գիւղը արթնացել եւ եկել էր գիւղի կենտրոն՝ եկեղեցու բակ: հրամանատար քաւոր Սերոբի շուրջ հաւաքուած հայորդիները հրաժեշտ էին տալիս իրենց մայրերին, քոյրերին…

Նրանց մէջ էր նաեւ Մարիամ տատի միակ որդին: Մարիամ տատի ամուսինը վաղուց էր մահացել, եւ նա մէնակ էր մեծացրել իր որդուն: Խեղճ կինը շատ էր լացել, փորձել էր համոզել իր որդուն, որպէսզի չգնայ պատերազմ, բայց որդին վճռական էր տրամադրուած, եւ մայրը ամէն անգամ նոյն պատասխանն էր լսում. «Ես որ չգնամ, միւսը չգնայ ո՞վ պէտք է գնայ ինձ ու քեզ պաշտպանի»: Հիմայ արդէն ժամն էր որդու մէկնումի, մայրը իր դողացող ձեռքերով ամուր գրկել էր տղային եւ լուռ արտասւում էր: Տղան հազիւ իրեն զսպելով ասաց.

-Լաւ, մա՛մ ջան, արդէն պէտք է գնամ, քեզ լաւ կը նայես:

Մայրը աւելի ուժեղ գրկելով որդուն ասաց.

-Զգոյշ կը լինես, տղա՛ս, - ապա համբուրելով որդու ճակատը աւելացրեց, - Աստուած պահի իմ տղին…

Յանկարծ լսուեց քաւոր Սերոբի ձայնը.

-Գնացինք, տղե՛րք, մեր հողը մեզ է սպասում: Բոլորը վերջին անգամ համբուրեցին իրար եւ կամաւորական ջոկատի տղերքը «աւտոմատները» ուսներին դրած հեռացան գիւղից: Գիւղից քիչ հեռու «վիլիսը» պէտք է գար վերցներ իրենց:

Միայնակ մայրը թախծոտ աչքերը որդու ճամփին հառած ասաց. «Աստուած քեզ կը վերադարձնի…» , եւ չկարողանալով իրեն զսպել ՝ լաց եղաւ. չնայած որ հոգու խորքում ցնծում էր իր տղայի քաջութեան համար:

Անցնում էին օրեր, շաբաթներ, բայց գիւղում ոչ մէկ լուր չունէր տղերքից: Մարիամ մայրիկը ամէն օր գնում էր եկեղեցի՝ մոմ վառելու ու զինուորների համար աղօթելու: Մի օր էլ, երբ նա արեւածագին, ինչպէս սովորաբար գնում էր Առաւօտեան ժամերգութեան մոմավաճառից իմացաւ, որ թշնամի Օմանի զօրքերը շրջանցել են հայոց դիրքերը, եւ Քաւոր Սերոբը իր ջոկատով ընկել է շրջափակման մէջ: Օգնական ուժերը ուշանալու էին: Ծեր կինը հոգին այլալած ներս մտաւ եկեղեցի՝ արդէն մաշուած գլխաշորը գլխին քաշելով: Աղօթելուց յետոյ վերադարձաւ տուն, բայց ոչինչ չէր կարողանում անել, ձեռքերը դողում էին: Գիշերն էլ գրեթէ անքուն լուսացրեց: Առաւօտեան որդին յանկարծակի վեր թռաւ պառկած տեղից:

-Ի՞նչ եղաւ, - հարցրեց գիշերային հերթապահը՝ «աւտոմատը» վերցնելով:

-Հե՛չ, ուղղակի մօրս տեսայ երազիս, շատ տխուր էր…, - մտածկոտ հայացքը գետնին հառած պատասխանեց այրու միակ զաւակը: Արդէն կէսօր էր, երբ տղան նստած խրամատում ՝ «աւտոմատը» ուսին դրած, նամակ էր գրում: «Չտխրես, մա՛մ ջան, մի օր անպայման կը գամ: Շատ եմ կարօտել քեզ, մեր տունը, մեր այգին… Շատ եմ սիրում քեզ ու չեմ ուզում տխուր լինես…»:

Տղան դեռ նամակը չէր վերջացրել, երբ լսուեց պայթունը: Թշնամին յարձակման էր անցել: Շուտ նամակը ծալելով գրպանը դրեց եւ բոլորի հետ միասին վազեց դեպի հրամանատարը: Քաւոր Սերոբը ամէն մէկին իր ուղութիւնը ցոյց տալով՝ հրամայեց գործի անցնել: Կատաղի կռիւ էր մղւում, սակայն թշնամին չէր զիջում:

-Մի քիչ էլ դիմացէք, տղե՛րք, հիմայ օգնական ուժերը ուր որ է կը հասնեն, - գոռաց հրամանատարը:

Տղերքը աւելի ոգեւորուած ու ինքնավստահ առաջ նետուեցին, բայց չէին նկատել, որ կողքից զրահամեքենան արդէն իրենց է հասնում: Մինչ կը կրակէին ղրահամեքենայի ուղղութեամ, հակառակորդի կողմից մի վիրաւոր զինուոր կրակ բաց թողոց, եւ խրոխտ հայորդին կուրծքը բռնած ընկաւ ցած: Վիրաւոր պատանին նայելով երկինք՝ մի բուռ վերցրեց հայրենի հողից եւ հոգին աւանդեց: Օժանդակ ուժերի օգնութեամբ մարտը աւարտուեց հայերի հաղթանակով, բայց բոլորը տխուր էին, մարտակից ընկերոջ էին կորցրել, մի հարազատ եղբոր: Այդ գիշեր խառոյկի շուրջ խրոխտ պարեր չպարուեցին, հզորահունչ երգեր չերգուեցին… Յաջորդ օրը առաւօտեան բոլորը վերջին հրաժեշտը տուեցին իրենց եղբորը եւ մեքենան շարժուեց դեպի Տարոնիկ: Քաւորը իր ձեռքով արիւնոտ եւ կիսատ նամակը յանձնեց խեղճ մօրը:

Այս ցաւին Մարիամ տատը չդիմացաւ: Որդու կորուստից հետոյ գրեթէ ո՛չ հաց էր ուտում, ո՛չ էլ ջուր էր խմում: Մի օր էլ նրան գտան ամուսնու ու որդու մէջտեղում անշնչացած պառկած:
    
    

Նուիրւում է բոլոր այն քաջարի հայորդիների յիշատակին եւ իրենցից ոչ պակաս հերոս մայրերին որոնց մեր օրերում չեն գնահատում մոռացութան մատնելով:


    

Հովունց // Hovunts

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5505 | 0 | 0
Facebook