Խնդրում ենք սպասել...
COMMENT.am

Հոդվածներ

Եզդի կնոջ իրավունքներն ու ավանդույթները․

13:43, շաբաթ, 18 նոյեմբերի, 2017 թ.
Եզդի կնոջ իրավունքներն ու ավանդույթները․

Եզդիների մասին հայկական մամուլում շատ չի գրվել, եթե գրվել է, ապա դրանց մեծ մասում կան կամ չափազանցություններ կամ աղավաղված իրականություն: Երբ խոսքը վերաբերվում է եզդի կնոջը, առավելևս մեծ է թյուրընկալումը, իհարկե սա համայնքի մտավորական դասի բացթողումներից մեկն է, սխալ կարծիքների վերացման դեմ չպայքարելը նույնն է թե տարածել սխալ տղեկատվություն: Եզդի կնոջ ամբողջական կերպարը կփորձեմ բացահայտել բանաստեղծուհի Հնարա Թաժդինի հետ, նրա միջոցով:

Հնարա Թաժդինը չորս գրքի հեղինակ է, նրա գրքերը ազգային գիտակցության պահպանման լավագույն միջոցներից են, որոնք պարունակում եմ ոչ միայն պոեզիա, այլ կրոնական աղոթքներ ու երգեր:
    
    

Կրթություն չստանալը եզդիական ավանդույթ չէ
    
    

1.Տիկին Հնարա, երբ Հայաստանում օրենք ընդունվեց 12 ամյա կրթությունը պարտադիր դարձնլու մասին, համայնքի որոշ ներկայացուցիչներ դա համարեցին ազգային ավանդույթի ոտնահարում, արդյո՞ք կրթություն չստանալը ազգային ավանդույթ է:

Այն, որ կրթություն չստանալը եզդիական ավանդույթ չէ, այլ վատ սովորություն, լավագույնս ապացուցում են այն եզդի գիտնական և արվեսագետ կանայք, ինչպիսիք էին՝ լեզվաբան Զառա Ալիևան, ազգագրագետ Լամարա Բարիսովնան, իրանագետ Ա. Յուսուպովնան, կենսաբան Լյուսյա Մամեդովան, արևելագետ Խանա Օմարխալին, դերասան Զինաիդա Աիդոևան, կրկեսի արտիստուհի Նազի Շիրաին, նկարչուհի Բասե Պայալովնան և այլն: Ես թվարկեցի միայն Սովետական ժամանակաշրջանի գործիչներին, սակայն ներկայումս էլ քիչ չեն այդպիսիք:
    
    

Վաղ ամուսնությունը, որպես ներազգային խնդիրների սկիզբ
    
    

2.Եզդիական համայնքի որոշ ներկայացուցիչներ 16 տարեկանից հետո աղջկան «պառաված» են համարում: Համայնքում որքանով են կարևորում նմանատիպ կարծիքները:

Եզդիական համայնքում վաղ ամուսնությունը ավանդույթ է, թերևս սա է կրթության իրավունքի խախտման գլխավոր պատճառ հանդիսանում, ամենացավալին այն է, որ 16 տարեկան աղջիկը, թե ֆիզիոլոգիական և թե հոգեբանական առումով պատրաստ չէ նման կյանքի, ի վերջո 16 տարեկանը ինչպե՞ս է երեխա դաստիարակելու, եթե նա ինքը դաստիարակության կարիք ունի: Հենց այստեղից են սկսվում ազգի խնդիրները, քանի որ նոր սերունդը, որը ազգի առաջխաղացման հենասյունն է համարվում, չի ունենում այն լիարժեք կայունությունը, որը կարող էր ունենալ կիրթ դաստիարակության շնորհիվ:
    
    

Եզդի կանանց զբաղվածության խնդիրը
    
    

3.Ամուսնությունից հետո, եզդի կանայք հիմնականում չեն աշխատում, նույնիսկ, եթե կրթություն ունեն, սեփական իրավունքները պաշտպանելու ունակություն չունենա՞լն է պատճառը, թե՞ ընտանիքը՝ որպես առաջնահերթություն համարելը:

Յուրաքանչյուր մարդու համար ընտանիքը միշտ կարևոր ու առաջնային պետք է լինի, բայց մեր համայնքում երբեմն հանդիպում են այնպիսի դեպքեր, երբ ընտանիքը ապրում է ծանր սոցիալական պայմաններում ու նույնիսկ հնարավորության դեպքում կանանց թույլ չեն տալիս աշխատել: Կամ, եթե կինը ունի կրթություն ինչու՞ ջուրը գցի տարիների չարչարանքը: Ես 30 տարուց ավել է աշխատում եմ, բայց դա երբեք չի ստիպել երկրորդական պլանում թողնել ընտանիքս ու երեխաներիս դաստիարակությունը: Կանայք ավելի իրավագիտակից ու կայուն կլինեն, եթե ունենան ֆինանսական անկախություն, և ի վերջո ցանկացած մարդու ինքնագնահատականը բարձրանում է միայն այն մտքից, երբ որևէ մասնագիտության տիրապետում է: Սակայն, կնոջ աշխատելու ավանդույթը եզդիական համայնք մտցնելու համար երկարատև աշխատանքներ պետք է տարվեն:
    
    

Առկա խնդիրների հավանական լուծումները
    
    

4.Դուք, որպես մտավորական, ներազգային խնդիրների հաղթահարման ի՞նչ լուծումներ եք տեսնում:

Այդ խնդիրները դրված են համայնքի յուրաքանչյուր ներկայացուցչի ուսին, լուծումներից մեկը շատ խոսելն է խնդիրների մասին, բայց ոչ ինքնանպատակ այլ գործի վերածելու նկատառումով, առանց այդ էլ մեզանում պարզապես խոսողները քիչ չեն, նրանց պատճառով է, որ այսօր մեր երիտասարդության արած շատ արժանահավատ քայլեր մնում են ստվերում կամ չեն գնահատվում այնպես, ինչպես պետք է: Մեծ է մտավորականության անելիքը, մենք պետք է մշտապես ամուր թիկուք լինենք երիտասարդների համար, օգնենք նրանց առաջխաղացմանը, շտկենք թերությունները, այսպիսով այս երիտասարդներից կձևավորվեն ընտանիքներ, որոնք զերծ կլինեն կարծրատիպերից, որոնց համար կրթությունը կլինի լավագույն զենքը ցանկացած խնդրի դեմ: Լավագույն բանը, որ մենք՝ եզդիներս, կարող ենք տեսնել ազգի ներսում ազատ, կիրթ ու իրավագիտակից կնոջ կերպարն է՝ ազատատենչ սերնդի դաստիարակը:

Աղբյուրը` orvaxosq.am
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
3534 | 0 | 0
Facebook