Այս բժշկին ես գիտեմ: Անունը Ժամանակ է: Դեղահաբեր չի տալիս, ներարկումներ չի անում, վիրակապ չի դնում: Թողնում է, որ հաշտվես ցավիդ հետ, համակերպվես նրա գոյությանը: Հոգատար հայացքով նայում է, թե ինչպես է տառապանքդ տարրալուծվում օրերիդ մեջ, մխիթարանքի խոսքեր է գտնում կորուստներդ արժեզրկելու համար, հույս է ներշնչում ուրիշների դժբախտության օրինակով, բայց երբեք մոտ չի գալիս, որովհետև Ժամանակի հետ հպումը սարսուռ է բերում, իսկ դու մարմինդ պիտի տաք պահես: Եվ մի օր, երբ հոգիդ ավանդես, քո հոգատար բժիշկը կնայի անշնչացած մարմնիդ ու կասի.
- Նա հիվանդ չէր: Նա պարզապես անհաշտ էր Ժամանակի հետ: