Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ, կենսագրական

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
09:28, հինգշաբթի, 02 նոյեմբերի, 2017 թ.
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ, կենսագրական

Գուրգեն Գրիգորի Մահարին ծնվել է 1903 թ. օգոստոսի 1-ին Վան քաղաքում: Հայ բանաստեղծ է, արձակագիր, գրականագետ, ՀԽՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ (1965), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։

Ցեղասպանությունից հետո արևմտահայության մի մասը հանգրվան գտավ Արևելյան Հայաստանում: Դրանց մեջ մեծ թիվ էին կազմում Վանի և նրա շրջակայքի բնակիչները, որոնք նահանջող ռուսական զորամասերի հետ կարողացան անցնել Արևելյան Հայաստան և փրկվել: Հետագայում նրանցից շատերը դարձան հայտնի գրողներ, արվեստագետներ, գիտնականներ, մեծ ավանդ մուծեցին հայ նորագույն մշակույթի գանձարանը: Արևելյան Հայաստան հասած վանեցիների մեջ էր նաև պատանի Գուրգեն Աճեմյանը, որը գաղթի ճանապարհին կորցրել էր իր ընտանիքը և տեղավորվեց որբանոցում, ինչպես Նաիրի Զարյանը: Որբանոցում էլ նրանք ծանոթացան և մտերմացան: Գուրգեն Աճեմյանը մի քանի տարի հետո հայ ընթերցողներին հայտնի դարձավ իբրև Գուրգեն Մահարի:

Մահարու մանկության և պատանեկության մասին գիտենք իր գրքերից` «» , «» , «»: Մահարու կյանքի վաղ տարիները անցել են հայրենի քաղաքում` Վանում: Նրա հայրը երիտասարդ տարիքում զոհ է գնացել մի արկածի: Հոր մահը ծանր հարված էր պատանի Գուրգենի համար, և իր գործերում Մահարին մի անգամ չէ, որ անդրադարձել է այս դեպքին: Երիտասարդ մայրը երեք երեխաներով մնացել է այրի: Գուրգենն իր մանկական տարիներն անցկացրել է տատի տանը: Տատը մահացել է գաղթի ճանապարհին, և դա մեծ կորուստ է եղել Գուրգենի համար: Գաղթել են բոլորի հետ, երբ ռուսական զորքերը, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գրավել էին Արևմտյան Հայաստանը և հասել Վան, անսպասելիորեն նահանջում են: Արևելյան Հայաստանում Գուրգենն ապրել է Երևանի, Դիլիջանի որբանոցներում, սկսել գրել, ծանոթացել է Եղիշե Չարենցի հետ, դարձել նրա մտերիմներից մեկը:

Մանկության տարիների և գաղթի մասին Մահարին այսպիսի վկայություն ունի ինքնակենսագրության մեջ.

«

Քաղաքը, ուր անցել է իմ մանկությունը, տներ է ունեցել տափակ տանիքներով և ամեն տան առաջ տնամերձ մեծ մի այգի` ամեն միրգ ու բարիքով: Հողը հարուստ էր ցորենով և ծաղիկներով, հողը պարարտ էր, որովհետև տարիներ շարունակ հոսել էր մարդկային արյունը, և մարդկային արյունից ծաղիկներն ու խնձորները ավելի վառ կարմիր էին:

Փոքր էի, երբ կորցրի հորս, մի քիչ ավելի մեծ, երբ կորցրի ծննդավայրս: Ծննդավայրիս հետ կորցրի առմիշտ տատիս և մորս ժամանակավորապես: Չքացավ քարտեզի վրայից այն, ինչ կոչվում էր Արևմտյան Հայաստան, և մեկուկես միլիոն հայերի արյունից մի անգամ էլ ծաղիկները կարմրեցին, և վերջալույսները արյուն հագան: 1915թ. ես Էջմիածին ընկա` Դիլիջան, հետո` Երևան, քաղաքից քաղաք, փողոցից փողոց, մայթից մայթ, որբանոցից որբանոց, մահճակալից մահճակալ»:

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես ծննդավայրի նկարագրության քնարականությանը փոխարինում է հաջորդ տողերի ողբերգականությունը, երբ խոսում է կոտորածների, գաղթի, որբության մասին… Քնարականության և ողբերգականության այս միահյուսումը դարձավ Մահարու գրականության առանձնահատկություններից մեկը:

Խորհրդային տարիներին սկսվում է Մահարու բուռն գրական գործունեությունը: Սկզբում գրում է բանաստեղծություններ, որոնք հետո հավաքվում են «» ժաղավածուում: Այնուհետև անցնում է արձակի:

Թվում է` Ցեղասպանությունից փրկված երիտասարդ գրողի կյանքը պետք է ընթանար գոնե համեմատաբար խաղաղ հունով: Նրա առաջին գրքերը լավ համբավ էին նվաճել, նրան խոստումնալից ապագա էր սպասում: Մահարին ոչ միայն գրում էր իր գրքերը, այլև ակտիվորեն մասնակցում էր գրական կյանքին. նա Չարենցի ղեկավարած «» միություն» կազմակերպության անդամ էր, մասնակցում էր այն տարիների գրական բանավեճերին: Բայց մոտենում էին 1936-1937 թթ.: Մահարուն էլ ձերբակալեցին, երբ նա, ինչպես ինքն է պատմում, կոնյակ էր խմում նշանավոր դերասան Վահրամ Փափազյանի հետ այսօրվա «» հյուրանոցի սրճարանում: Նրան այսպես արհեստականորեն և բռնությամբ հեռացրին գրական կյանքից և զրկեցին ստեղծագործելու հնարավորությունից: Մահարուն աքսորեցին, և նա աքսորում մնաց ընդհանուր առմամբ 17 տարի (այդ ընթացքում քառասնականների վերջերին նրան ազատում են, բայց հետո նորից են ձերբակալում, և նա աքսորավայրում մնում է մինչև Ստալինի մահը): Վերադարձից հետո Մահարին գրում է իր լավագույն գործերը` պատմվածքներ աքսորի մասին, «» և «» վեպերը, ակտիվորեն աշխատակցում է գրական մամուլին, մասնակցում է գրական կյանքին:

Մահարու պոեզիան

Մահարու բանաստեղծությունները չէին կարող դուրս լինել անցյալ դարի 20-ական թվականների գրական մթնոլորտի ազդեցությունից` հեղափոխական փորձարարությունից և հեղափոխությանը նվիրված երգերից: Նա զգում է, որ նոր առօրյան, մեծ քաղաքի տարերքը զորավոր են: Բայց զարմանալիորեն հավատարիմ է մնում քնարերգությանը, մարդկային հավերժական զգացմունքներին, բնությանը: Քսանական թվականների բանաստեղծություններից մեկում գրում է.

Միևնույն է` որքան էլ փախչես, Ցնորես քաղաքներ հսկա, Քեզ հողդ պիտի ճանաչե, Քեզ հողդ պիտի զգա:

Այս երկվությունը (գյուղն ու բնությունը մի կողմից, մյուս կողմից` «» , այսինքն` աղմուկը) բնորոշ էր Մահարու շատ ժամանակակիցների: Պատահական չէր նրա սերը ռուս հայտնի բանաստեղծ, ռուսական բնության մեծ երգիչ Սերգեյ Եսենինի նկատմամբ: Բայց իր սերնդակիցների մեջ Մահարին թերևս ամենից քիչ ենթարկվեց հեղափոխական պոեզիայի պահանջներին: Եվ թեև հնի մահը, երկաթի և պողպատի երգերը ժամանակ առ ժամանակ հայտնվում էին նրա գործերում, նա ավելի շատ գրում էր սիրո, բնության գեղեցկության մասին` չվախենալով երգել իր թախիծը, տխրությունը: Այդ տարիներին դրա համար Մահարուն շատ են քննադատել: Բայց նա գնաց իր´ ճանապարհով: Ահա երկու քառատող «» բանաստեղծությունից.

Այգեստաննե՜ր մթին, սաղարթավոր ու վեհ, Այգեստաննե՜ր, որոնք կարկամել են, տարվել, Բլուրների վրա ու բլուրներն ի վե՜ր…Այգեստաննե՜ր…Այգեստաննե՜ր հուռթի ու կատաղի, հզորԲազուկներով ու մրգերով դեղին, Այգեստաններ, որոնք վարարել են այսօր, Սպասում են սիրով իրենց հավաքողին:

Այսպես է զգում Մահարին բնությունը: Առհասարակ կյանքի վառ գուները հատուկ են Մահարու զգացողությանը, և այդ զգացողությունը հեղափոխական փորձարարության տարիներին չխամրեց: Մահարու բանաստեղծությունները զգալի ազդեցություն գործեցին հայ քնարերգության հետագա զարգացման վրա:

Մահարու արձակը

Քսանականների վերջերից Մահարու ստեղծագործության մեջ գլխավորը դառնում է արձակը, արձակ գործերի շնորհիվ է նա առաջատար տեղ գրավում հայ գրականության մեջ: Այդ թվականներին Մահարին սկսում է գրել իր հայտնի ինքնակենսագրական եռագրությունը` «» , «» , «» (եռագրություն – երեք գրքերից կազմված շարք, որտեղ գործում են նուն հերոսները): Կյանքի վերջին տարիներին սկսել է շարադրել նաև իր երիտասարդության պատմությունը, որն անավարտ է մնացել:

Այդ վիպակները սոսկ ինքնակենսագրություն չէին. Դրանց մեջ Մահարին վերստեղծում է իր ժամանակի, իր հայրենի քաղաքի, մարդկանց տպավորիչ պատկերներ: Նրա եռագրությունը իր մեջ արտացոլում է հայոց պատմության ողբերգական, ճակատագրական էջերը` Ցեղասպանությունը, գաղթը, Առաջին հանրապետության տարիները:

Այս գրքերում զուգակցվում են կյանքի մանկական ու պատանեկան ընկալումը և հասունացած մարդու հայացքը այդ նույն տարիների նկատմամբ: Ընթերցողը ոչ միայն մեծ բավականություն է ստանում այդ գործերը կարդալիս. դրանք ստիպում են մտածել հայոց կյանքի ու ճակատագրի կնճռոտ խնդիրների մասին:

Մահարու արձակում առհասարակ և մասնավորապես այս գրքերում մեծ դեր է խաղում նրա անզուգական հումորը: Բայց հումորը զուգակցվում է կյանքի հանդեպ ամենալուրջ հայացքի հետ, այդ հայացքի մի մասն է: Կյանքի ամենաողբերգական պահերի մասին էլ Մահարին կարող է ժպիտով խոսել. հումորը որևէ կերպ չի նվազեցնում, ընդհակառակը, ավելի է սրում և ընդգծում իրականության ողբերգականությունը: Միաժամանակ Մահարու հումորը շատ հաճախ քնարական երանգ է ստանում, միահյուսվում նուրբ քանարականությանը:

«» մեջ Մահարին պատմում է իր կյանքի ամենավաղ տարիների մասին, որն անցկացրել է հայրենի Վան քաղաքում: Ընթերցողը լիուլի զգում է մանկական տպավորությունների անմիջականությունը, վայելում հայոց հնագույն քաղաքներից մեկի կոլորիտի հմայքը:

Ահա մի դրվագ մանկությունից: Մահարու տատը հարևանների հետ զրուցելիս կեսկատակ ասում է, որ հենց Գուրիսը դառնա տասնհինգ տարեկան, կպսակի (տանը փոքրիկ Գուրգենին այդպես են կանչել): Գուրիսը, որն, իհարկե, ներկա էր այդ զրույցին, պատրաստակամություն է հայտնում հենց հիմա պսակվել, եթե դա տատին հաճելի է: Այս փոքրիկ պատմությունը չի կարող ընթերցողին չզվարճացնել: Միաժամանակ ընթերցողը պատկերացում է կազմում Վանի ընտանեկան հարաբերությունների և կենցաղի մասին:

Երկրորդ վիպակը` «» , պատմում է Վանի կռիվների և գաղթի մասին: Պառավ տատը, Գւրգենի երիտասարդ մայրը և երեք երեխաներ մնում են մենակ գաղթի ճանապարհներին: Սկզբում քեռին նրանց հետ է, և դա ինչ-որ չափով փրկություն էր բոլորի համար: Բայց քեռին որոշում է, որ հիմա ամեն մարդ պետք է մտածի իր փրկության մասին, և լքում է հարազատներին: Տատը մահանում է ճանապարհին, մեծ քույրը, որը հոր մահվանից հետո խելագարվել էր, կորչում է: Հետո Գուրգենը մենակ է մնում և ուրիշ փախստականների հետ հասնում է Երևան:

Այստեղի տպավորությունները արտացոլում են անցյալ դարի տասական թվականների վերջերի Երևանի և Հայաստանի կյանքը: Որոշ էջեր իսկապես ողբերգական հնչեղություն ունեն: Դրանք այն տարիներն էին, երբ հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը վտանգի տակ էր: Սով, համաճարակ, չորս կողմը` թշնամիներ, թուրքական հարձակումը` ահա այն տարիների առօրյան:

Մահարին քաղաքականության մասին չի խոսում, մարտեր չի նկարագրում: Երիտասարդ մարդկանց ճակատագրերն է ներկայացնում, և այդ ճակատագրերում արտացոլվում է ժամանակի ողջ ողբերգական մթնոլորտը: Գուրգենը որբանոցում մտերմացել է երիտասարդ դաստիարակչուհիներից մեկի հետ: Եվ մի օր նամակ է ստանում այդ աղջկանից, որը նա գրել էր ինքնասպանությունից առաջ: Աղջիկը հանդիպել է իր դպրոցական ընկերոջը, որը ռազմաճակատ պետք է գնար: Երիտասարդը վերջին գիշերը անցկացրել է աղջկա հետ` նրա կամքին հակառակ: Նա վախենում էր զոհվելուց և ուզում էր դրանից առաջ գոնե մի քիչ, գոնե այդպես վայելել կյանքը: Այդ երիտասարդը հուսալքված է, կոտրված: «» , - ասում է նա իր և իր ընկերների մասին: Աղջիկը դրանից հետո ինքնասպանություն է գործում: Ինքնասպանություն է գործում և երիտասարդը: Ռոմանտիկական երազներ, սպասումներ և` այդպիսի հիասթափություն. շուրջը մահ, պատերազմ, անորոշություն և վախ…

Հարուստ է եռագրության երրորդ վիպակը` «»: Գուրգենը հարազատների հետ է, Թիֆլիսում: Փախստական վանեցիների մի մասը ապրում է այստեղ: Գուրգենը հանդիպում է Վանի հայտնի հասարակական գործիչներից շատերին, շփվում է գրական միջավայրի հետ, տպագրվում: Վիպակի էջերում երևում են մեր հայտնի գրողները` Շիրվանզադեն, Ավետիս Ահարոնյանը, զորավար Անդրանիկը…

Այստեղ էլ են երևում հայկական աղետի տխուր հետևանքները: Գուրգենի ազգականներից մեկը կնոջ հետ հանգրվանել է Հյուսիսային Կովկասում: Հայկական ընտանիք է` նահապետական պատկերացումներով: Բայց ինչպես ամբողջ ժողովրդի, այնպես էլ այդ ընտանիքի գլխին եկած փորձությունները շատ բան են փոխում, հիմնիվեր շուռ տալիս: Ազգականի կինը հեռանում է ամուսնուց` անհոգ ապրելու համար: Հին պատկերացումները այլևս չեն գործում, մարդկային կապվածությունները կորցնում են ուժը: Ամեն մեկը մտածում է իր սեփական կյանքի, այս կյանքից մի քիչ հաճույք ու բարեկեցություն փախցնելու մասին, կարևոր չէ թե ինչ գնով: Գաղթի ճանապարհներին քեռին այդ նույն բնազդի թելադրությամբ է լքում իր հարազատներին…

Մահարու «» վեպում ներկայացվում է ճամբարային կյանքը: Երեսնական թվականներին Խորհրդային Միությունում միլիոնավոր անմեղ մարդիկ աքսորվեցին դեպի հյուսիս, դեպի սիբիրյան տայգաները: Այդ ձևով Ստալինը և իր զինակիցները, որոնց մեջ չարագուշակ դեր էր կատարում հատկապես Լավրենտի Բերիան` ԽՍՀՄ ներքին գործերի ժողկոմը (կամ այսօրվա բառով` նախարարը), ամրապնդում էին իրենց իշխանությունը: Աքսորվածների մեջ էին բանվորներ, գյուղացիներ, պետական և կուսակցական աշխատողներ, գրողներ, արվեստագետներ, գիտնականներ: Սիբիրում նրանց պահում էին հատուկ ճամբարներում, որոնք շրջապատված էին փշալարերով և պահպանվում էին զինվորականների կողմից: Այդ ճամբարների համակարգը կոչվում էր Գուլագ` Главное управление лагерей (ճամբարների գլխավոր վարչություն): Ստալինի մահվանից հետո շատ գրքեր գրվեցին ճամբարային կյանքի մասին` և Ռուսաստանում, և խորհրդային մյուս հանրապետություններում: Հայաստանում ևս գրվեցին այդպիսի գրքեր, որոնց մեջ հատկապես հայտնի դարձան Մկրտիչ Արմենի պատմվածքները` «» ընդհանուր վերնագրով: Մահարին էլ պատմվածքներ գրեց սիբիրյան կյանքի մասին: Բայց հայ գրականության մեջ ճամբարային կյանքի պատկերը ամենից ամբողջական ներկայացվեց «» վեպում:

«» ևս ինքնակենսագրական երկ է, ինչպես նախորդ երեք վիպակները: Առհասարակ, Մահարու համար իր արձակի գլխավոր ատաղձը սեփական տպավորություններն են, այսինքն` նրա արձակը գերազանցապես ինքնակենսագրական է: Մահարին այս վեպում էլ, ինչպես եռագրության մեջ, պատմում է առաջին դեմքով, հերոսների անունները չփոխելով:

Վեպը պատմություն է մարդկային ահավոր տառապանքների մասին: Երևանի բանտում հավաքված են բազմաթիվ նշանավոր մարդիկ, որոնց տանում, ծեծում և մեղայական են պահանջում: Այդ ամենի մեջ արդեն մարդու երևակայության մեջ չտեղավորվող բան կա. ինչու են այդ վաստակավոր մարդկանց, որոնք ազնվորեն ծառայել են իրենց ժողովրդին, այդպես խոշտանգում: Շատերը անվանի հեղափոխականներ և կուսակցական գործիչներ են: Ինչու են նրանց հետապնդում նույն հեղափոխության անունից: Բայց իսկական Գողգոթան դեռ առջևում է: Դատապարտյալներին ուղարկում են հյուսիս: Տանում են հատուկ գնացքներով, որոնք ունեն վանդակապատ լուսամուտներ և դռներ, վագոններում նեղվածք է, շոգ: Սոված դատապարտյալներին տալիս ենա ղի ձուկ և զրկում են ջուր խմելու հնարավորությունից: Ինչ հիվանդ երևակայություն պետք է ունենային այդ մարդիկ, որոնք այսպիսի պատիժ էին հնարել անմեղ մարդկանց համար: Սիբիրում նրանց տեղավորում են ճամբարներում: Մարդիկ, որոնք մինչ այդ զբաղվել էին առօրյա, սովորական աշխատանքով` գյուղում կամ գործարանում, գրքեր էին գրել, արվեստի գործեր ստեղծել, դասախոսություններ կարդացել, ամառվա տապին և սիբիրյան ձմեռային սառնամանիքներին ամբողջ օրը պետք է ծառ կտրեին: Շատերը մահանում էին և հավերժ մնում սիբիրյան տայգայում: Հսկիչները ամեն կերպ ստորացնում էին նրանց` դժոխքի վերածելով նրանց առանց այն էլ դժվար կյանքը: Այսպիսի պայմաններում թույլ մարդիկ կոտրվում էին բարոյապես: Բայց Մահարու հերոսներն անմարդկային պայմաններում պահպանում են իրենց մարդկայնությունը: Մահարու վեպը ըստ էության ոչ այնքան ճամբարային կյանքի անհեթեթ դաժանության մասին է, որքան այն մասին, թե ինչպես այդպիսի պայմաններում մարդը մարդ է մնում: Մահարին հանդիպում է ուժեղ մարդկանց, որոնք կարողանում էին, հնար էին գտնում օգնել ուրիշներին: Այդպիսի մարդ է Աշոտ դային` մեկը մեր բազմաթիվ հայրենակիցներից, որոնք ընկել են սիբիրյան ճամբարները: Նա կարողանում է համոզել պետերին, որ կարելի է ճամբարում բրուտագործական արհեստանոց ստեղծել, զանազան կավե առարկաներ պատրաստել և վաճառել: Ինքը դառնում է արհեստանոցի ղեկավար, շատերին վերցնում իբրև բանվոր և փրկում անտառահատման տաժանելի աշխատանքից:

Մահարին այդ բանվորների թվում էր: Արհեստանոցի բանվորների մեջ էր ազգությամբ գերմաուհի մի կին` Լյուդմիլա Շարթը, տազանդավոր քանդակագործուհի, որը կրթություն էր ստացել Բեռլիոնւմ: Ինչ պետք է աներ այդ կինը տայգայում: Բայց ոչ միայն Աշոտ դային էր հոգում նրա մասին: Ադրբեջանցի կառապան Մամոն ևս աշխատում էր նույն արհեստանոցում: Նա սիրահարվում է քանդակագործուհուն, ձեռքն ընկած մթերքի մնացորդները բաժին հանում նրան: Մի կողմից, այս սիրավեպի մեջ մենք տեսնում ենք ճամբարային իրականության ողջ ողբերգական անհեթեթությունը: Եվրոպական կրթության ու համբավի տեր քանդակագործուհին ինչ գործ ուներ թեև բարի, բայց արվեստից անսահմանորեն հեռու անուսում կառապանի հետ: Բայց, մյուս կողմից, մարդն, ուրեմն, այսպիսի պայմաններում էլ չի կորցնում իր դեմքը, պահպանում է քնքուշ զգացմունքների, սիրած կնոջ համար իրեն զրկելու ընդունակությունը:

Ահա թե ինչու է Մահարին իր վեպն անվանել «»: Մարդկային հոգիները իրենց ջերմությամբ կարող են անգամ փշալարերը կենդանացնել…

Մահարու այս վեպը առաջին անգամ տպագրվեց Բեյրութում: Խորհրդային Հայաստանում վախեցան այն հրատարակել. միայն տարիներ անց` ԽՍՀՄ-ի փլուզումից ոչ շատ առաջ, տպագրվեց Երևանում: Շատ ավելի դրամատիկական ճակատագիր էր վիճակված Մահարու վերջին` «» վեպին: Վեպի տպագրությունից հետո նրա շուրջը բուռն վեճեր ծավալվեցին: Շատերը Մահարուն մեղադրում էին Վանի կյանքը, մարդկանց ազգային կուսակցությունների գործունեությունը ճիշտ չներկայացնելու համար: Բայց դա արդար չէր այս տաղանդավոր վեպի հանդեպ: Վեպը, որ տպագրվեց Մահարու կյանքի վերջին տարիներին, նրա գեղարվեստական որոնումների յուրատեսակ հանրագումարն էր: Այստեղ ևս Մահարու անձնական տպավորությունները էական դեր են կատարում: Բայց այն, ինչ նկարագրվում է, դուրս է գալիս հուշերի շրջանակից: Մահարին ներկայացնում է իր հայրենի քաղաքի` Վանի կյանքի վերջին տարիները: Պատկերված են քաղաքային կենցաղը, առօրյան, մարդիկ, քաղաքին արտաքին տեսքը: Մահարին լայնորեն ներկայացնում է նաև հայկական քաղաքական ուժերի գործունեությունը Վանում: Գրողը վկայում է, որ այս գործը գրելու ազդակներից նրա մեծ բարեկամների` Չարենցի և Բակունցի գրքերն էին` նվիրված իրենց հայրենի քաղաքներին: Չարենցը քսանականների սկզբին գրեց «» , որի մեջ պատկերեց իր ծննդավայրի` Կարսի անկումը, իսկ Բակունցը գրեց «» ` իր հայրենի քաղաքի պատմությունը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
10921 | 0 | 0
Facebook