Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՊԱՏԱՌԻԿՆԵՐ ԳՅՈՒՂԵՐԻՑ . Հնաբերդ .«Հայորդի» ամսաթերթ

Հայորդի ամսաթերթ
Մամուլի խոսնակ`
Հայորդի ամսաթերթ
13:29, հինգշաբթի, 31 օգոստոսի, 2017 թ.
ՊԱՏԱՌԻԿՆԵՐ ԳՅՈՒՂԵՐԻՑ . Հնաբերդ .«Հայորդի» ամսաթերթ

«Պատառիկներ գյուղերից» խորագրի ներքո մեր առաջին հրապարակումը Հայոց հնամենի և պատմական մեծ արժեք ունեցող տարածքից է` Հնաբերդից։

Այստեղ մայիսի 20-ին հավաքվել էին բազմահազար հայորդիներ` Հայաստանից և Սփյուռքից` մասնակցելու արդեն ավանդական դարձած «Տոլմայի փառատոնին»:

Ուրախ այս տոնակատարության նախապատրաստական աշխատանքները չխանգարեցին համայնքապետ Մարատ Պողոսյանին և Մշակույթի տան տնօրեն Մանյա Սարգսյանին` զրուցելու մեզ հետ և ներկայացնելու պատառիկներ իրենց գյուղից:

—Խնդրում եմ ներկայացրեք գյուղը։

—Հնաբերդը վարչական տարածքով գտնվում է Դվինի միջնաբերդի արևմտյան հատվածում։ 1960-61 թթ. բաժանվել է Դվինից և դարձել առանձին համայնք։ Գյուղն ունի 150 տնտեսություն՝ 800 բնակչությամբ։

—Ի՞նչ անվանումներ է ունեցել գյուղը, և դրանք ի՞նչ բացատրություն ունեն։

—Նախկինում այստեղ բնակվել են հիմնականում թուրքեր, և գյուղը կոչվել է Թորփախկալա (թուրքերեն բառ է և նշանակում է հողե բերդ) ։ Դրանից հետո վերանվանվել է Հնաբերդ, քանի որ գտնվում է Դվինի մայրաքաղաքի հնությունների հարևանությամբ։

—Կնշեք այնպիսի նշանավոր մարդկանց անուններ, ովքեր ապրել կամ ապրում են Հնաբերդում։

—Համայնքում ապրել և ապրում են խելացի մարդիկ, հատկապես` վետերաններ, որոնք մասնակցել են Հայրենական և Ֆինլանդիայի պատերազմներին։ Նշենք նրանցից մի քանիսի անունները․ Օնիկ Ավետիսյան (գիտությունների թեկնածու), Միշա Ասատրյան, Մկրտիչ Մկրտչյան, Բեկլար Ալեքսանյան, Հմայակ Հակոբյան, Եղիշ Մանուկյան, Այվազ Հարությունյան (Հայրենական պատերազմի մասնակիցներ), Վաղինակ Մովսիսյան (Ֆինլանդիայի պատերազմի մասնակից) ։

Եվ պատահական չէ, որ Մշակույթի տանը ամեն տարի նշում ենք մայիսի 9-ը և ազգային այլ տոներ։

—Ի՞նչ խնդիրներ ունի գյուղը։

—Խնդիրներ շատ կան, բայց առավել կարևորում ենք միջնաբերդ տանող ճանապարհի ասֆալտապատումը և խմելու ջրի ցանցի փոփոխումը։

—Կա՞ն բարերարներ, որոնք օգնում են համայնքին։

—Ցավով կպատասխանեմ այդ հարցին։ Մի ժամանակ կար ամերիկացի մի բարերար, բայց չգիտեմ, թե ի՞նչ պատճառով, նա դադարել է օգնել մեզ։ Նշեմ, սակայն, որ դա եղել է մինչ իմ համայնքապետ լինելը։

—Կայքերից մեկում կարդացել եմ, որ գյուղին տրամադրվել է 300 մլն դրամ։ Ի՞նչ նպատակներով եք օգտագործելու այդ գումարը և ե՞րբ եք սկսելու աշխատանքները։

—Այո, այդ գումարը տրամադրվել է մեզ հատուկ նախագծով։ Պետք է ասֆալտապատվի միջնաբերդ տանող ճանապարհը, վերանորոգվի հնություններում գտնվող թանգարանը, կառուցվեն առևտրական տաղավարներ և ավտոկայանատեղի։ Նախագիծը կսկսենք երբ ստանանք հրաման-թույլտվություն։

—Եվ ո՞րն է այդ ծրագրի նպատակը:

—Ուզում ենք է՛լ ավելի զարգացնել տուրիզմը և գյուղը դարձնել ակտիվ զբոսաշրջության կենտրոն։

—Իսկ ի՞նչ կասեք մայիսի 20-ին կայանալիք Տոլմայի փառատոնի մասին։

—Ինչպես տեղյակ եք, այս տարի «Տոլմայի փառատոնն» անցկացվելու է Հնաբերդ համայնքում։ Գյուղի բնակիչները շատ ոգևորված են։ Այդ օրը ներկայիս տվյալներով ունենալու ենք 4000-5000 ներգնա և արտագնա տուրիստ հյուրեր։ Համայնքապետարանը և դպրոցը նույնպես ունենալու են իրենց սեղանները։ Միջոցառման ընթացքում հանդես կգան տարբեր պարային խմբեր։

Նշեմ, որ այս փառատոնը Հնաբերդում անցկացնելը պատահական չէ. սա կրկին մի հնարավորություն է տուրիզմը գյուղում զարգացնելու։

—Ի՞նչ դեր ունի եկեղեցին Ձեր կյանքում, և որքա՞ն հաճախակի եք մասնակցում պատարագներին։

—Եկեղեցին իմ կյանքում ունի շատ կարևոր և ուրույն դեր։ Չեմ ստի, ոչ միշտ եմ մասնակցում պատարագներին, բայց աշխատում եմ հատկապես տոնական օրերին ներկա գտնվել։

—Որքանո՞վ է Ձեզ և Ձեր համայնքին ծանոթ «Հայորդի» ամսաթերթը։

—Ես և իմ համայնքը շատ սիրում և սիրով ընթերցում ենք այս թերթը։ Մեզ շատ են հետաքրքրում թերթում զետեղված նյութերը։ Մենք թերթի ակտիվ բաժանորդներից ենք։ Շատ շնորհակալ են Ներքին Դվինի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եղիշե քահանայից նման նախաձեռնության և հոգևոր կյանքը գյուղում ակտիվ դարձնելու համար։


    

Զրուցեց Մանե ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Հայորդի» լրագրողական ակումբ


    

Հ.Գ. Թերթն արդեն հանձնել էինք տպագրության, երբ Հնաբերդ համայնքում մեծ շուքով նշվեց «Տոլմայի փառատոնը»: Այդ մասին ավելի մանրամասն` մեր հաջորդ համարում:
    
    
    

«Հայորդի» երիտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ Թիվ 5, մայիս 2017թ.
    
    

https://www.facebook.com/profile.php?id=100015880478066&ref=ts&fref=ts

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4580 | 0 | 0
Facebook