Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նաիրի Զարյան (1900-1969)

23:45, կիրակի, 27 օգոստոսի, 2017 թ.
Նաիրի Զարյան (1900-1969)

Նաիրի Զարյանը (Հայաստան Եղիազարյան) ծնվել է 1900 թվականին, Արևմտյան Հայաստանի Վանի վիլայեթի Խառակոնիս գյուղում:

Ծանր է նրա մանկությունը:

1915 թվականին, թուրքական յաթաղանից հալածված, հազարավոր հայրենակիցների հետ միասին, Զարյանը գաղթում է Արևելյան Հայաստան, ապրում է որբանոցում: Իր հայրենիքում սովետական կարգեր հաստատվելուց հետո է միայն նրան հաջողվում ստանալ համալսարանական կրթություն և դառնալ ճանաչված գրող:

Զարյանին Հռչակ բերեցին նրա մի շարք լավագույն բանաստեղծությունները, "Ռուշանի քարափը" (1930) պոեմը և "Հացավան" (1937-47) վեպը, իսկ Հայրենական մեծ պատերազմի տարիներին նրա ստեղծագործությունները հայրենասիրական կրակ վառեցին ընթերցողների սրտում, օգնեցին ապրել ու հաղտել թշնամուն:

1941-1945 թվականներին Զարյանը հրատարակեց "Մարտակոչ" (1941) , "Շիրակաց հոգով", "Վրեժ" (1942) , "Լսեք դարեր" (1942) ժողովացուները: Այդ շրջանի հիանալի գործերից են "Ձայն հայրենական" " (1943) պոեմը և "Արա Գեղեցիկ" (1944 թ.) դիցավեպական ողբերությունը, որը պատմում է հայոց թագավոր Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շամիրամի պայքարի մասին։ Արա Գեղեցիկը, մերժելով իր հայրենիքը նվաճել ցանկացող Շամիրամի սերը, կռվի է ելնում նրա բանակի դեմ և հերոսաբար զոհվում։

Զարյանի դրամատիկական երկերից ուշագրավ են "Աղբյուրի մոտ" (1948) և "Փորձադաշտ" (1950) կատակերգությունները, որոնք գրված են ետպատերազմյան տարիներին: Նրա լավագույն գործերից է նաև "Հայերեն" բանաստեղծությունը գրված հայրենասիրական զգացումով:

Զարյանի կյանքում հիշարժան էր Եղիշե Չարենցի հետ հանդիպումը, որն էլ անունը փոխեց Նաիրի Զարյանի։1926-ին լույս է տեսել Զարյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Ջրանցքի կապույտ երկրում» ։ Քաղաքացիական պատերազմին ու Հայաստանում տեղի ունեցող սոցիալական վերափոխումներին են նվիրված «Հրանուշը» (1925), «Նոյեմբերյան օրերին» (1926), «Ռուշանի քարափը» (1930), «Սաքո Միկինյան» (1935) պոեմները, «Հացավան» (1937, վերամշկ.՝ 1949, բեմ.՝ 1980) վեպը։

Գրական առաջին քայլերը արել է որբանոցում, 1918 թվականին տպագրվել է առաջին բանաստեղծությունը, իսկ 1969-ին՝ վերջին գիրքը։ Զարյանին հռչակ բերեցին նրա մի շարք բանաստեղծությունները, «Ռուշանի քարափը» (1930) պոեմը և «Հացավան» (1937-1947) վեպը, իսկ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին նրա ստեղծագործությունները հայրենասիրական կրակ վառեցին ընթերցողների սրտում։ 1941-1945 թվականներին Զարյանը հրատարակեց «Մարտակոչ» (1941), «Շիրակաց հոգով», «Վրեժ» (1942) և «Լսեք դարեր» (1942) ժողովածուները։ Այդ շրջանի գործերից են «Ձայն հայրենական» պոեմը (1943) և «Արա Գեղեցիկ» դիցավիպական ողբերությունը (1944 թ.), որը պատմում է հայոց թագավոր Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շամիրամի պայքարի մասին։ Արա Գեղեցիկը, մերժելով իր հայրենիքը նվաճել ցանկացող Շամիրամի սերը, կռվի է ելնում նրա բանակի դեմ և հերոսաբար զոհվում։

Զարյանի դրամատիկական երկերից ուշագրավ են ետպատերազմյան տարիներին գրված «Աղբյուրի մոտ» (1948) և «Փորձադաշտ» (1950) կատակերգությունները։ Նրա ճանաչված գործերից է նաև «Հայերեն» բանաստեղծությունը, գրված՝ հայրենասիրական զգացումով։

1920-1930-ական թվականներին Նաիրի Զարյանը եղել է մի շարք պարբերականների պատասխանատու քարտուղար և խմբագիր։ Դրանցից կարելի է հիշատակել «Գրական դիրքերում», «Գրական սերունդ» ամսագրերը։ 1944-1946 թվականներին եղել է Հայաստանի գրողնորի միության վարչության նախագահը։ Հետագայում ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի անդամ, վարել հանրային եռանդուն գործունեություն։ 1951-1958 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգմավոր, Խաղաղության պաշտպանության հայկական կոմիտեի նախագահ։

Հայկական թատրոնը բեմադրել է նրա «Արա Գեղեցիկ», «Այրող դիմակ», «Աղբյուրի մոտ», «Փորձադաշտ», «Արտավազդ և Կլեոպատրա» դրամաները։1980 թվականին Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնը բեմադրել է Զարյանի «Հացավանը» ։
    
    
    

ՀԱՅԵՐԵՆ

(մի հայուհու)
     Ինչո՞ւ չես խոսում հայերեն...
     Ես երգ եմ հյուսում քեզ համար.
     Հոնքերդ հպարտ ու կամար,
     Իջնում ես հայոց լեռներեն, --
     Ինչո՞ւ չես խոսում հայերեն:
     Ես երգ եմ հյուսում քեզ համար.
     Դու չես հասկանում իմ լեզուն:
     Ես խորթ եմ, օտար քո հոգուն,
     Բայց քո տեսիլով խանդավառ,
     Ես երգ եմ հյուսում քեզ համար.
     Հոնքերդ հպարտ ու կամար
     Հանց վեհ տաճարները հայոց,
     Հայացքդ մաղում է ամառ:
     Հայկից են աչքերը քո բոց,
     Հոնքերդ հպարտ ու կամար:
     Իջնում ես հայոց լեռներեն,
     Ինչպես թեթևոտ մեր պախրան,
     Նազանքըդ այնպե՜ս նաիրյան,
     Հըմայքդ այնպ՜ս հայերեն՝
     Իջնում ես հայոց լեռներեն,
     Ինչո՞ւ չես խոսում հայերեն:
     Նորքից ես թռել դու, իմ լո՛ր,
     Զանգուն է երգել քեզ օրոր,
     Մասիսն է հսկել վեհորեն,
     Ինչո՞ւ չես խոսում հայերեն:
    
    

ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆ

Այս գիշեր տեսա մի անուշ երազ.
     Ես իմ հայրենի տունն էի նորոգում,
     Մանկության երկինքն էր բացվել վրաս,
     Եվ արշալույսներ կային իմ հոգում։
     Այնտեղ էր մայրս, հայացքը պայծառ,
     Մայրենի լեզվով խոսում էր առուն,
     Խշշում էր բակում հինավուրց մի ծառ...
     Այնպես ծանո՜թ էր և այնպես գարո՜ւն...
     Երդիկից կաթած շողն արեգական
     Թվում էր հոգուս ոսկյա բանալի,
     Արևն էր նայում աչքով մայրական,
     Եվ քաղցր էր աշխարհն ու հասկանալի...


    


    
    

ԱՅՐԵՆԻ ՏՈՒՆ

(մի հայուհու)
     Ինչո՞ւ չես խոսում հայերեն...
     Ես երգ եմ հյուսում քեզ համար.
     Հոնքերդ հպարտ ու կամար,
     Իջնում ես հայոց լեռներեն, --
     Ինչո՞ւ չես խոսում հայերեն:
     Ես երգ եմ հյուսում քեզ համար.
     Դու չես հասկանում իմ լեզուն:
     Ես խորթ եմ, օտար քո հոգուն,
     Բայց քո տեսիլով խանդավառ,
     Ես երգ եմ հյուսում քեզ համար.
     Հոնքերդ հպարտ ու կամար
     Հանց վեհ տաճարները հայոց,
     Հայացքդ մաղում է ամառ:
     Հայկից են աչքերը քո բոց,
     Հոնքերդ հպարտ ու կամար:
     Իջնում ես հայոց լեռներեն,
     Ինչպես թեթևոտ մեր պախրան,
     Նազանքըդ այնպե՜ս նաիրյան,
     Հըմայքդ այնպ՜ս հայերեն՝
     Իջնում ես հայոց լեռներեն,
     Ինչո՞ւ չես խոսում հայերեն:
     Նորքից ես թռել դու, իմ լո՛ր,
     Զանգուն է երգել քեզ օրոր,
     Մասիսն է հսկել վեհորեն,
     Ինչո՞ւ չես խոսում հայերեն:
    
    
    

Իմ Հայաստա՛ն, երկիս երկի՛ր

Իմ Հայաստա՛ն, երկիս երկի՛ր,
     Իմ օրորոց, իմ գերեզմա՛ն.
     Հազար սրով սրտես հոծի՛ր,
     Էլի երգիչն եմ քո անվան:
     Դու քո վշտով ինձ օրորեցիր...
     ՈՒղիս մրրիկ էր ու կերման...
     Արևամուծ արյա՛մբ խոցիր,
     Բայց տուր ինձ հաշտ մի գերեզման:
    
     1941 Երևան
    
    
    
    

ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ

(հատված)

Մտնում է Արան շքախմբով: Կողքին Վաշտակ զորավար, ետևից Վարուժան բռնած լայնալիճ աղեղը, ապա Արամանյակ՝ ձեռքին կապույտ կերպասյա կտորով փաթաթված մի ծանրոց: Բազմությունը խոնարհվում է: Սպառազեն շքախումբը կանգնում է դռների մոտ: Արա, Վաշտակ, Վարուժան և Արամանյակ առաջ են գալիս: Նինոս իջնում է գահից և Արայի հետ ողջագուրվում:


     ԱՐԱ
     Ողջո՜ւյն քեզ, Նինոս, իմ հայր, և բարեկամ,
     Ողջույն քեզ, լուսամայրդ Շամիրամ,
     Բերել եմ ձեզ շնորհքը մեր հայկական աստվածների
     Եվ օրհնությունը իր բարեկաթ արքայամոր:


     ՆԻՆՈՍ
     Գեղատեսի'լ Արա, Բահա'լ թող քեզ լուսավորի
     Թող նետդ հար դիպո'ւկ լինի, աշխարհըդ ՝ բախտավոր:
     Ողջո՜ւյն, Վաշտակ, բարի է ժամերդ ժամանման:
     (Վաշտակը վերցնում է ծանրոցը Արամյակից)


     ՎԱՇՏԱԿ
     Ո՜վ իմաստուն Նինոս, հրամայի'ր,
     Թող վերցնեն համեստ այս առարկան:
     Այս աղյուսի վրա բևեռագիր
     Հիշատակված են ընծաներն աստվածաընտիր,
     Որ քեզ համար բերել է իմ հայոց արքան
     Ի տըրիտուր քո վեհ ուշադրության:


     ՆԻՆՈՍ
     Դու ինքըդ, ո՜վ Վաշտակ, ազնիվ ձայնովըդ ընթերցիր:


     ՎԱՇՏԱԿ
     (Կարդում է աղյուսը)

     "Վահագն է վեհ աստված վիշապաքաղ
     Եվ Անահիտ է ոսկեմայր յուր ամուսին:
     Արան արքան է հայոց և Արամա որդին
     Եվ թոռնորդին Հայկա, -
     Արան ասում է. ես աստվածներիս կամքով,
     Ընծայեց իմ դաշնակից Նինոս թագավորին
     Երեք հազար նժույգ փռուգիական թամբասարքով
     Երեք հազար արջառ, երեք հազար երինջ,
     Երեք անգամ երեք հազար ոչխար և այծ,
     Որ արքենի հրամանով ենք հավաքված
     Անահիտի մեհենական արոտավայրից,
     Արան ասում է. ես այս ամենից բացի,
     Շամմուրամատ հըզոր տիկնոջն ընծայեցի
     Երեք տասըն տաղանդ ոսկի սոփերական,
     Երեք տասըն ակնազարդ, ապարանջան,
     Երեք տասըն կապիճ այրարատյան որդան կարմիր,
     Արան ասում է . ես այս բարիքն արքայական
     Ընծայեցի ի հաստատումն սիրո և միության":


     ՆԻՆՈՍ
     Ով քա՜ջ Արա, առատաձերն, աշխարհաշեն,
     Քո ընծաները ճոխ ուրախացնում են իմ հոգին.
     Ի քար կը սեպագրեմ, որ սերունդներն առմիշտ հիշեն:


     ՇԱՄԻՐԱՄ
     Իբրև ընծա շատ պերճ էր, արժանի գովասանքին,
     Իբրև հարկատվություն աղքատ էր չափազանց:


     ԱՐԱ
     Չքնաղ Շամիրամ, Ինչո՞ւ ես ինձ վիրավորում,
     Ինչո՞ւ իմ ընծաները " հարկ" ես անվանում
     Մի՞թե պարտվել են քո զորքից գնդերը հայկազանց:
     Մի՞թե ես չեմ պայազատել իմ աշխարհում ազատ
     Իմ նախահայրերին:
     Վաղընջական հընում
     Բախվել են, ճիշտ է, մեր դյուցազնական նախնիք,
     Եվ հաղթության արևն երջանիկ
     Մեկ ձեզ է փայփայել
     Մեկ մեզ փայփայել:
     Արդ Մեծ Նինոս և իմաստուն իմ հայր Արամ,
     Իրենց աստվածների անմահ կամաց վայել,
     Դարձան իրար ընկեր և բարեկամ.
     Այդ էր օգուտը արամյան երկրի,
     Օգուտն էր այդ և ասորաց երկրի:
     Եվ ես, Արա և Արամյա որդին և զարմ Խալդյան,
     Եվ չեմ սովոր քամահրական այդ բարբառին:
     Հոժար սրտով եկել եմ ես Ասորեստան,
     Եվ ձեզ բերել եմ ոչ թե հարկ ըստրկության
     Այլ ընծաներ հավասարից հավասարին:


     ԱՄՍԱՐ
     Նա հանդգնում է թագուհու դիմաց:


     ՆԻՆՈՍ
     Այդ ո՞ր ստրուկն էր հոխորտաց:
     Հանգստացի՜ր, ով դյուցազունդ, թագուհին
     Քամահրելու մտադրություն չուներ:
     Հրամայում եմ, ավագնե'ր և պալատականնե'ր,
     Երկրպագե'լ իմ դաշնակցին և ինձ հավասարին:
     (Արայի ձեռքից բռնում և նստեցնում են գահի
     վրա իր կողքին: Բոլորն ընկնում են բերանքս
     ի վայր, բացի Բահալի քրմապետից: Շամիրամ
     հափշտակված նայում է Արային):


     ՇԱՄԻՐԱՄ
     Լսո՞ւմ ես, քրմապետ, Նինոս հրամայեց.
     Երկրպագի'ր:
     (Քուրմը կատարում է հրամանը: Արտաբան,
     Ասմար և Նինար խոսում են շշուկով):


     ԱՍՄԱՐ
     Ես բան չհասկացա:


     ԱՐՏԱԲԱՆ
     Նա նրա ուժն է ստուգում:


     ՆԻՐԱՐ
     Եվ կռահեց:


     ՎԱՇՏԱԿ
     Ազնի՜վ Նինոս, թո'ղ քո սրտով Բահալ քեզ տա
    
     ՇԱՄԻՐԱՄ
     Վաշտա'կ, դիմում եմ քո միջնորդության.
     Ինձ հաշտեցրո'ւ հայոց արքայի հետ:
     Եթե ինձ թույլ տա վեհասիրտ Արան,
     Ես անպաճույճ խոսքով, իսկույն ևեթ,
     Կըբացատրեմ իմստն իմ կատակի:
     Դա մի քմահաճույք էր կանացի:
     Ների'ր ինձ վեհ Նինոս, և դուք ազնիվ կոչնակներ,
     Լսել էինք համբավը Արայի գեղեցկության,
     Տեսնում ենք արդ, որ նա յուր համբավից կանգնած է վեր,
     Եվ իմ սրտում ծնվեց ահա բնական,
     Թեպետ և ոչ խոհեմ մի ցանկություն,
     Տեսնել հայոց թագավորի հոգին.
     Արդյոք նմա՞ն է դիցական կերպարանքին,
     Եվ ես հանդգնեցի դիպչել նրա հոգուն:
     Նա բռնկվեց, աչքերի մեջ, փայլատակեց
     Եվ յուր արքայական փայլով բազմապատկեց
     Մարմնի գեղեցկությունը: Դուք տեսաք
     Շքեղ հոգի շըքեղ կեղևի տակ:


     ԱՐԱ
     Ների'ր ինձ, վեհդ Շամիրամ, ես բարկացա:


     ՇԱՄԻՐԱՄ
     Օ՜, ոչ, շնորհակալ եմ քեզանից, արքա',
     Դու բարկության պահին այնքա էիր գեղեցկատես,
     Որ ես պատրաստ եմ բարկացնել քեզ վերստին,
     Եթե լոկ դա չըվնասեր տերունական գործին:


     ՆԻՆՈՍ
     ՈՒրախ եմ ես, բարեկամնե'ր, որ հաշտվեցինք:
     Բուռն ամպրոպից հետո
     Երկինքը առավել է գեղեցիկ,
     Եվ արդ, աշխարհակալ իմ հարևան,
     Ի հատումցումն ընծաներիդ առատության,
     Առ այս աքքատական ակնառու գոտին
     Եվ նրանից կախիր այս սուրն ահա ոսկեպատյան,
     Որով կըհարվածես դու քո և իմ ոսոխներին:
     Քեզ պահապան Բահալ և Անահիտ աստվածուհին:
     Ադադանաշո'ւր, արքունական իմ պահարաններից
     Ընտրի'ր ազնիվ քարեր և կերպասներ ոսկեերիզ
     Հայոց ավանդապաշտ Արքայամոր համար
     Եվ թագուհուն չքնաղ՝ Նուարդայի համար,
     Ընտրի'ր, ապա, հայոց թագավորի համար,
     Շքեղ ռազմակառքեր և փըղոսկրյա մահճակալներ,
     Ապա հայոց զորքի համար զրահներ,
     Որ կտավից են յոթնատակ հյուսված,
     Արմավենու թելից զանգապաններ
     Եվ այս ամենն, ինչով օժտել է մեզ Բահալ աստված:
     Այնուհետև հայոց շքախմբի համար,
     Թող պատրաստեն ճանապարհի առատ պաշար.
     Պերճապատյան սըրեր և ճոխ ռազմահանդերձ.
     Արան ինձ լիաբուռ ընծաներով պատվեց:
     Արա այնպես, որ ասորեստանցիք
     Չվաստակեն ժլատության համբավը չար,
     Քանզի ընծան ընծայողի պատվին է հավասար:
     Մատռվակնե՜ր, բերեք մեզ ըմպելիք:
     (Ըմպելիքը մատուցում են արքունական ծիսակատարությամբ):

    
    
    

ԱՐԶԱՔԱՆԴԻ ԽՆՁՈՐՆԵՐԸ

Ռազմաճակատ, լսիր: Դյուցազուննե՜ր,
     Լսեք մի պահ դուք ձեր բանաստեղծին.
     Ես ձեզ համար երգում եմ այս գիշեր
     Արզաքանդի խնձորների մասին:
    
     Փռված է ջերմ կապույտ երկնքի տակ
     Խնձորենու լայնածավալ այգին:
     Վազում է ձորակով մի խենթ գետակ
     Որպես մանուկ անհոգ ու հրճվագին:
     Ծառերն այնտեղ տնքում են հաճույքից
     Պտուղը թևերով հազիվ գրկած,
     Կարծես շիկնած իրենց փարթամ բերքից՝
     Ինչպես համեստ հարսները՝ նայելով ցած:
     Ամեն խնձոր ասես մի ձմերուկ,
     Որ հրաշքով է լոկ բուսել ծառին:
     Այդ չէր տեսել արևն անգամ ծերուկ
     Իր ճոխ արարչական ճանապարհին:
     Ծառերի տակ հարսներ ու աղջիկներ
     Խնձոր են հավաքում հատված-հատված,
     Ծեր այգեպանը կանաչին թիկնել՝
     Նայում է աշխարհին իբրև աստված:
     Ստվերի տակ նստած տարեց մի կին
     Արտորալով* գործում է իր գուլպան:
     _Բարև, մայրիկ, հրաշք է ձեր այգին,
     Դուք խնձորներ ունեք անմահական:
     Այստեղ եղել եմ տարիներ առաջ,
     Այս ձորն ամուլ էր, կորդ էր, աննվաճ.
     Այս բուրավետ այգին ինչպե՞ս բուսավ:
     Պառավ կոլխոզուհին ժպտաց, ասավ.
     _Բարով եկար, որդի, հազա՜ր բարով,
     Միշտ անց կենաս դալար ճանապարհով,
     Քոնն է այգին, մտիր դու համարձակ,
     Թող Հիտլերին դիպչի հազար կայծակ:
     Թափում է նա հեղեղներով արյուն,
     Որ տիրանա մեր նորատունկ այգուն:
     Իմ զավակներն են քաջ՝ փորել այգին,
     Մեր առվակներն են պաղ՝ ջրել այգին,
     Մեր զով հովերն են օրորել այգին,
     Մեր արևից է կարմըրել այգին:
     Ես եմ այգին պահել ու փայփայել:
     Ասում են ինձ, արի, այգուցըդ ել:
     Ինչո՞ւ ելնեմ ես իմ տնկած այգուց.
     Հազար զավակ ունեմ, հազար առյուծ.
     Նրանք հեռվում կռվում են հուսավառ,
     Գուլպա եմ ես գործում նրանց համար:
    
     Աշուն է, ամպամած մի հորիզոն:
     Եղյամն է պարզ նստել խըրամատին:
     Շտապ հասավ նվիրաբեր ավտոն
     ՈՒ մարտիկներն արկղները արագ բացին:
     Մի արկղի մեջ գուլպա տասներկու զույգ,
     Ամեն մի զույգի հետ մի զույգ խնձոր,
     Ամեն խնձոր ասես մի ձմերուկ,
     Եվ գիրը կարդացին խորհրդավոր.
     "Ձեզ, իմ քաջեր, հեռու Հայաստանից,
     Արզաքանդում ապրող պառավ նանից:
     Ծաղկել է այս այգին այն աշխարհում,
     Որի համար թափում եք դուք արյուն:
     Առեք, այս խնձորներն, անուշ արեք,
     Ճուտեր եք արծըվի, արծիվ դառեք,
     Եվ միշտ հիշեք, ոնց որ սիրած անուն,
     Թե ինչ երկիր, ինչ հող եք պաշտպանում ":
    
     * արտորալով- շտապելով
    
    
    
    

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ

Հանգստանում էր արեգակը՝ հեռավոր լեռան քով,
     Ինչպես հնձվորը՝ ողողված ոսկե հոսուն քրտինքով:
     Եռում էին աշխատանքի մեր բանակները հանդում
     Համայնական արոտներից նախիր ու հոտ եկան տուն:
     Իսկ ես կանգնած ոսկի արտում՝ նայում էին լեռներին
     ՈՒ հմայվում աղմուկներով, երանգներով երկրային:
     Մի թուփ տեսա ճամափամիջին, ապրեմ-չապրեմ սպիտակ,
     Նա կոխորտվել էր, կըռացել էր անցորդների ոտքի տակ:
     Կաթում էր հյութն ինչպես արյուն ցողուններից նրա ցած,
     Եվ տերևներն էին բոլոր փոշաթաթախ, ծվատված.
     Բայց նա պահել էր լուսեղեն իր ծաղիներն անաղարտ,
     Եվ արևով էր ողողված նրա հայացքը հըպարտ:
     Ես ցանկացա պոկել ծաղիկը արմատից ու նետել,
     Ամենօրյա դանդաղ մահից նրան ընդմիշտ ազատել:
     Բայց նա ցողունը լոկ զիճեց՝ պայքարելով մինչև վերջ
     ՈՒ խորամուխ արմատներով մնաց կրկին հողի մեջ:
     Մնա՜ց ... նորից նա կարձակի և նոր ծիլեր, և ցողուն.
     Եվ կըտոկա նախիրների ու հողմերի անցնելուն:
     Ետ նայեցի ես մի վայրկյան մոտիկ հեռու դարերին
     Եվ հիշեցի, իմ ժողովո՜ւրդ, հերոսական քո ուղին:
    
     Արևաներկ այս լեռներում, ուր կա երկինք այսքան լուրթ,
     Տառապեցիր դու դարերով, իմ ժըրաջան ժողովուրդ:
     Անցավ հազար ահեղ բանակ և կոխոտեց անխընա,
     Քեզ տըրորեց որպես ծաղիկ՝ ճամփին ընկած անխընամ,
     Անցավ այս վեհ գագաթներով հազար մրրիկ, հազար ամպ,
     Հազար թըրեր կոտըրվեցին կայծակների սաստկությամբ:
     Հին արևելքն ու արևմուտքն այստեղ իրար բախվեցին,
     Պղնձակուռ զրահներով, նիզակներով շանթածին:
     Անցան պարսիկ բռնկալաները ծանրաքայլ փղերով,
     Հողով, հոգսով ծանրաբեռնված խրճիթներիդ վրայով,
     Քանի՜ անգամ հավաքեցին, տարան քո հին լեռներից,
     Նըժույգների երամակներ ու ջորիներ ու երինջ:
     Հետո Հռոմի ագահ ու նենգ զորավարները եկան
     ՈՒ քամեցին արծաթ, ոսկի ՝ քո քրտինքից ռամկական:
     Դև Չինգիզ-խանն ասպատակեց գյուղերը քո գետնափոր,
     Անցավ ինչպես պտուտահողմ, ինցպես ամպրոպ ահավոր,
     Եվ Լենկ-Թեմուրն ինչպես հեղեղ քո կիրճերով արշավեց,
     Քանդեց-քշեց քեզ տեղահան ամբոխներով դառնահեծ:
     Եվ քո արյան ու քրտինքի գետերը հորդ ու արդար
     Քո տնաբույս տերերն էին խըմում ագահ, դարեդար:
     Բայց դու կրկին ճամփամիջի փոշիներից բարձրացար
     ՈՒ ծաղիկներըդ պազեցիր դեպի արևը պայծառ:
     Ընդվըզեցիր տերերիդ դեմ կղերական, աշխարհիկ
     Եվ նրանց վայր գլորեցիր քո ժայռերից անառիկ:
     Չդադարեց կարկաչելուց հավերժաբուխ քո հոգին,
     Նման ձյունուտ գագաթներից ներքև իջնող գետակին,
     Գույներ տվիր նկարչական, արշալույսի նման վառ,
     Հանճարափայլ Նաղաշների վըրձինը նուրբ ու ճարտար,
     Շողշողացին ադամանդե տաղերն անմահ Քուչակի,
     Սայաթ-Նովան սփռեց շըռայլ երգերի գոհար ու հակինթ,
     Եվ իբր անանց խորհրդանիշ քո կենսաթով հանճարի
     Դու ողկույզներ քանդակեցիր քո շենքերին վիթխարի:
    
     Եվ քեզ դիպավ օսմանական սուլթանների թուրը կեռ,
     Բերավ քեզ նոր ստրկության ծանրախավար տարիներ.
     Եվ ռուսական ցարի դաժան կրունկն իջավ քո մեջքին,
     Ճզմեց մարմինըդ հոշոտված և հոշոտեց քո հոգին:
     Անցան Դարեհ ու Լենկ-Թեմուր իրենց փառքով արնաներկ.
     ՈՒ ծնվեցին երկրի վրա ոսկու խարդախ արքաներ:
     Քո տառապած մարմնի վրա բուսավ մի նոր թշնամի
     Ավելի ժանտ, քան դահիճներն անցյալ բոլոր դարերի.
     Քո թշնամին այդ նենգավոր կոչվում էր հայ փողատեր
     Նա քո արյունը վաճառեց շուկաներում շահաբեր,
     Քանի՜ անգամ դու ծառացար դահիճներիդ հանդիման,
     Փըշրվեցին քո ալիքները ժայռի դեմ բռնության,
     Քանի՜ ճամփա որոնեցին քո որդիները հերոս,
     Քանի՜ սրտեր իջան շիրիմ չկատարված իղձերով:
     Փայլատակեց մառախուղում Նալբանդյանի բոց հոգին,
     Շաչեց անմահ Պարոնյանի ծաղրի մտրակն ահագին,
     Մեծ Լոռեցին իր քնարով և քախցրաղոս, և ցավոտ
     Ինչքա՜ն երգեց ու երազեց քեզ մի խաղաղ առավոտ
     Մինչև ելավ կյանքի ծովից բոլշևիկյան մի սերունդ,
     Անցած, գալիք մրրիկների կայծակի փայլն աչքերում,
     Տարավ կորած քո քարավանն ու մոլորված քո ուղին՝
     Միացնելու օվկիանածուփ դասակարգի գրոհին:
     Ապրեմ-չապրեմ ծաղկի միջից վերածնված դու ելար,
     Ինչպես Վահագնը պատանի՝ այն եղեգից բոցավառ:
     Եվ Հոկտեմբերը քեզ տվեց բոցափրփուր նըժույգներ,
     Եվ նետվեցի ռազմի ճակատ քո զավակներն անվեհեր:
     Քո սուրբ արյունը թափեցիր դու այս անգամ քաջաբար
     Կոմունիզմի դրոշի համար, հանուն գործի քո արդար:
     Եղբայրական ժողովուրդները, հեռավոր ու մոտիկ,
     Պատնեշ եղան թշնամու դեմ և քո բազկին զորավիգ.
     Ձեռք մեկնեցին ու բուժեցին նրանք վերքերդ բոլոր,
     Վերքերը քո և նոր, և հին, գերմարդկային, դարավոր:
     Ահա քո լույս երկնքի տակ, մետաքսաքող լեռներում,
     Աշխարհաշեն զավակներիդ բազմություններն են եռում:
     Ահա դաշտերըդ բամբակի ու այգիներըդ առատ,
     Խաղաղ ու հաշտ, առյուծակերպ, նստած է լեռն Արարատ,
     Եվ Երևանը, քո ոստանն է իր շենքերով վարդագույն,
     Նման երգով երջանկությամբ շառագունած քո հոգուն,
     ՈՒր ծուխն է գործարաններիդ գանգրագիսակ ելնում վեր,
     Ձուլվում է կապույտ քո երկնքին, անէանում անըստվեր:
     Ահա վառվում են ամեն օր մայրամուտներդ շռայլ
     ՈՒ զարդարում լեռներդ սեգ՝ զրահներով բոցափայլ,
     Արշալույսներն են կարմրում կատարներին քո ձյունոտ,
     Կիզում է լուռ մարդու հոգին հազար երազ ու կարոտ...
     ՈՒր կա երկինք այսքան կապույտ, այսքան հստակ, ոսկեծիր _
     Չքանղ ես դու, որպես առողջ մանկան երազ, իմ երկի՜ր:
    
    

Գուցե նստած պատշգամբում

Գուցե նստած պատշգամբում
     Թախծում ես դու մեկի մասին,
     Որ երազում է ուրիշին,
     Եվ քեզ բնավ չի նկատում:
     Ես քո դիմաց այրվող մի հուր,
     Չես նկատում, այրվում եմ զուր,
     Մեկն էլ գուցե ինձ է փարվում
     Իր իղձերում, իր աշխարհում:
     Դու ուրիշի, ես՝ քո դիմաց
     Դողում ենք լուռ, այրվում անվերջ
     ՈՒ մոխրանում մեր չսիրած,
     Մեզ չսիրող թևերի մեջ:


    
    

Շնորհակալ եմ աշխարհից, երբ որ դու կաս աշխարհում

Շնորհակալ եմ աշխարհից, երբ որ դու կաս աշխարհում,
     Թեկուզ ինձնից հավետ հեռու, հավետ անհաս աշխարհում:
     Անցնեմ միայն ձեր տան մոտով, տեսնեմ ստվերդ պատին,
     Թող իմ դիմաց միշտ փակ մնա ամեն դարպաս աշխարհում:
     Փողոց ելնեմ ու դու հեռվից հրդեհի պես երևաս,
     Հեռվից այրես ու անց կենաս, դառնաս երազ աշխարհում:
     Մի առավոտ միայն ժպտաս, ինչպես արևն ամպերից,
     Այնուհետև թող միշտ անձրև թափվի վրաս աշխարհում:
     Գնում եմ ես մերժված, տրտում: Մնաս բարյա՜վ ... բայց կրկին
     Շնորհակալ եմ աշխարհից, երբ որ դու կաս աշխարհում:
    
    
    
    

Գազել իմ լեզվի

Ասում են ինձ անգութ և չար,
     Եվ իմ լեզուն է մեղավոր.-
     Անսիրտ, անհաշտ և կռվարար,
     Եվ իմ լեզուն է մեղավոր:


    
     Ես չեմ կարող չասել խոսքեր,
     Որ ճշմարիտ են և տեղին,
     Բայց ինձ վրա նստում են թանկ, -
     Եվ իմ լեզուն է մեղավոր:


     Ես չեմ կարող ասել խոսքեր,
     Որ սնամեջ են, անիմաստ,
     Բայց ասողին բերում են փառք, -
     Եվ իմ լեզուն է մեղավոր:


     Խայթել եմ շատ և անտեղի,
     Իմ սիրածին տվել եմ ցավ,
     Մեծավորիս կոչել համբակ, -
     Եվ իմ լեզուն է մեղավոր:


     Սիրում եմ կյանքը և մարդկանց,
     Սափոր է սիրտս բարության,
     Եվ մնացել է համր ու փակ, -
     Եվ իմ լեզուն է մեղավոր:


    
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
21570 | 0 | 0
Facebook